Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կկառուցվի նոր թաղամաս, որի փողոցներին ու պատերին կլինեն խճանկարներ․ Նիկոլա Ազնավուրը ևս հետաքրքրված է

Դեկտեմբեր 26,2019 17:46

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կողմից այսօր երկու անօթևան ընտանիքների բնակարան հանձնելիս՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գաղտնազերծեց հիմնադրամի նախագծած մի հետաքրքիր ծրագրի մասին, այն է՝ թաղամաս կառուցել 50 ընտանիքի համար։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում մանրամասնեց ծրագիրը։

«Ուզում ենք 50 ընտանիքի համար թաղամաս սարքել, դրամահավաքը լինելու էր օն-լայն, բայց հիմա որոշ բաներ փոխվում են, հունվարի վերջ կհայտարարենք ինչպես է լինելու, ինչ չափորոշիչներ է ունենալու։ Շահառուներն անպայման աշխատողներ պետք է լինեն, որովհետև այս մի քանի ամիսների ընթացքում Գյումրիում կատարած մեր շրջայցերը ցույց են տվել, որ մարդիկ չեն ուզում աշխատել։ Տնակների վիճակից արդեն իսկ պարզ է՝ այդ ընտանիքում աշխատողներ կա՞ն, թե՞ ոչ։ Նախագիծը հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, խորհուրդը քննարկել է նաև այն հարցը, որ նկարը (խոսքը գյումրեցի նկարչուհի Սուսաննա Մկրտչյանի կտավի մասին է, որը վերածեցին 15 հազար կտորի, ամեն կտորը վաճառեցին 1000 դրամով ու այդ գումարով այսօր երկու բնակարան հանձնեցին, Ա․Ն․) փակցվի թաղամասում։ Ես էլ մեծ ցանկություն ունեմ, տա Աստված ֆինանսավորող գտնենք, այս ծրագիրը սկսենք, նկարն էլ կփակցնենք։ Այն հիմնադրամի հիմքը հանդիսացավ, ճանաչողություն ձեռք բերեց ոչ միայն Հայաստանում, այլ արտերկրում, այս ընթացքում շատ հայեր կապվեցին մեզ հետ, ցանկանում են հիմնադրամին օգնել։

Այս ծրագիրն անընդհատ մշակում ենք, հանդիպումներ ենք ունենում, ամեն ինչ անում ենք, որ այն սկսենք հունվարի վերջ»,-ասաց Գևորգ Գրիգորյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ նոր թաղամասը կլինի կոլորիտով՝ փողոցները կլինեն, այսպես ասած, «փազլային», որը կհավաքեն անձամբ բնակիչները։

«Չեմ ուզում ծրագիրը շատ մանրամասնել, բայց բնակիչները մասնակցություն են ունենալու թաղամասի կառուցմանը, իրենց տների վրա աշխատանք են տանելու ու գումարի 20-30 տոկոսը տարիների ընթացքում հիմնադրամին պետք է վերադարձնեն։ Այդ թաղամասը հետադարձ դրամային պայման պիտի ունենա, ինչո՞ւ ենք պայմանը դրել, որ ընտանիքներն անպայման աշխատող լինեն, որպեսզի իրենք էլ լումա ունենան և իրենց աշխատած գումարով թեկուզ հինգ կամ տաս տարի հետո հիմնադրամին հնարավորություն տան այլ ծրագիր անելու, որ օգուտ կտա գյումրեցիներին»։

Թե Գյումրու որ հատվածում կկառուցվեն տները, Գևորգ Գրիգորյանն ասաց, որ քաղաքապետի հետ խոսել են, տարբեր առաջարկներ են եղել, մոտավորապես 4,5- 5 հեկտար հողատարածք է անհրաժեշտ՝ ենթակառուցվածքներով, խաղահրապարակներով։

«Քաղաքապետը բազմիցս շեշտել է՝ մենք պատրաստ ենք ամեն ինչով օգնելու։ Այս հարցում նաև պետությունը պետք է ձեռք մեկնի, եթե շահառուներ կլինեն, որոնց նկատմամբ պետությունը պարտավորվածություն ունի, մենք ծրագիրը ներկայացնում ենք, պետությունը կարող է 20-30 տոկոսը, այն տնտեսված գումարը, որ պետք է ուղղեր այդ ընտանիքին, փոխհատուցել հիմնադրամին։ Այնպես որ ծրագրի մեջ ներառված են 5-6 կետ, որով լուծելու ենք մի քանի հարցեր, նաև զբաղվածության հարցը։ Այս ծրագիրը բարդ և երկար գործընթաց է լինելու»,-ասաց Գևորգ Գրիգորյանը։

Հիմնադրամի տնօրենը նաև տեղեկացրեց, որ հունվարի 15-ից հետո պատրաստվում են հանդիպել Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, ծրագիրը հետաքրքրել է նաև նրան ու ցանկություն է հայտնել հենց Գյումրիում հանդիպել։

«Հիմնադրամի շատ լավ ընկեր ունենք, որը ցանկացավ Նիկոլայի հետ Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում հանդիպել, Նիկոլան ասաց, որ մենք Գյումրի ենք գալիս հունվարի 15-ից հետո, ավելի լավ է հանդիպենք Գյումրիում»,-փոխանցեց Գևորգ Գրիգորյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031