«Դատաիրավական համակարգի և սահմանադրական դատարանի նկատմամբ կատարվող գործողությունները մենք համարում են հակաիրավական»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ իշխանությունն առ այս պահին ունի գերակա վերահսկողություն գործադիր և օրենսդիր իշխանության նկատմամբ. «Իր վերահսկողության տակից դուրս է մնացել դատաիրավական համակարգը: Ուստի գերակա խնդիրն է իր քաղաքական իշխանությունը ՀՀ-ում հնարավորինս ամրացնելը և երկարացնելը: Ճնշումներ են գնում դատաիրավական համակարգի նկատմամբ, համակարգը փորձում են կազմալուծել և դարձնել ենթակա, վերահսկելի: Դա բերում է նրան, որ երկրի ներսում ունենք անկայունություն»:
Հարցին՝ իշխանությունները հաջողե՞լ են իրականացնել տնտեսական հեղափոխություն, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Իգոր Զարգարյանը պատասխանեց. «Նույնիսկ իշխանությունը չկարողացավ սահմանել, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը: Եթե չես կարողանում սահմանել, ո՞նց իմանաս, թե ուր ես գնում: Մենք կարծում ենք, որ տնտեսական զարգացման ճանապարհն է ընդունելի, ոչ թե հեղափոխականը: Եթե տնտեսական հեղափոխություն տեղի ունենար, պետք է երկրում զգալի փոփոխություններ տեղի ունենային, ներդրումները կրկնապատկվեին, խոշոր ներդրողները գային, ներդրումների տեսքով միակ խոշոր պրոյեկտն է եղել տրիկոտաժի հետ կապված: Ուստի փաստենք, որ տնտեսական հեղափոխություն երկրում չի եղել»:
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն այս առիթով նկատեց, որ իշխանությունը այս հարցերում կոմպետենտ չէ, և ամեն ինչ խոսակցության մակարդակով է տեղի ունենում. «Իշխանությունները հաճախ տերմիններ են ներդնում, որոնք իրականության հետ աղերս չունեն: Տնտեսական հեղափոխության դիսկուրսը ստեղծվել էր՝ դրա տակ գաղափարական հենք չունենալով, թե ինչ է տնտեսական հեղափոխությունը»:
Կարդացեք նաև
Հիշեցմանը՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեծացել է ընկալումը նաև միջազգային հանրության, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեծացել է, Բակո Սահակյանն էլ դատապարտեց Ղարաբաղի՝ ադրբեջանական համայնքին օրակարգ մտցնելու հետ կապված քայլերը, Ավետիք Չալաբյանն այսպես արձագանքեց. «Պարոն Սահակյանի ելույթում հստակ շեշտադրումներ արվեցին: Ղարաբաղի ադրբեջանական համայնք կոչեցյալն ընդամենը վիրտուալ կառույց է. իրական սուբյեկտ չէ, բոլոր փորձերը իրական պետությանը դնել հավասար կշեռքի նժարի վրա, մի վիրտուալ կառույցի հետ, ձախողման են դատապարտված: Ոնց այդ գաղափարը մեր հակառակորդի կողմից փորձել է թարմացվել, պետք է այդ էջը շրջենք, փակենք»:
Ավետիք Չալաբյանը նշեց, որ այս տարվա ընթացքում փորձեր են կատարվել Արցախին բանակցային սեղան վերադարձնել, բայց միևնույն ժամանակ ասաց. «ՀՀ իշխանության կողմից արվել է այնպես, որ, ընդհակառակը, բերվել է հակառակ արդյունքը: Արցախը բանակցային սեղանին չի վերադարձել, իսկ Ադրբեջանը վերակենդանացրել է ադրբեջանական համայնքի գաղափարը: Փաստորեն, կամ մեր իշխանություններն այդ հարցում անկեղծ չեն, կամ էլ բավարար կոմպետենտ չէին միջազգային հարաբերություններում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ