Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը զոհված զինվոր Արթուր Աջամյանի հարազատներին խոստացավ տեղեկություններ տրամադրել, եթե դրանք նախաքննական գաղտնիք չեն

Դեկտեմբեր 26,2019 17:21

Ավելի ուշ, երբ ոստիկանները զոհված զինվոր, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատներին հեռացրին փողոցից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց նրանց:
Հիշեցնենք, որ կառավարության նիստից հետո վարչապետը իջել էր հանդիպելու առավոտից կառավարության առաջ ցույց անող զինվորի հարազատներին, սակայն, երբ տեսել էր, որ նրանք փողոց են փակել, հետ էր դարձել:

Զինվորի հարազատները պահանջում էին գործի արդար քննություն:

Փաշինյանը ցավակցեց զինվորի հարազատներին, ապա ասաց, որ պատրաստ է լսել նրանց:

Զինվորի հարազատները պատմեցին, որ Արթուր Աջամյանի ծնողները բաժանված են եղել եւ երեխան մնացել է մոր մոտ: Նրանց խոսքով, Արթուրն ինքն է ուզել մեկնել ծառայության, ապա 11 ամիս անց մահացել է: Ապա հարազատները վարչապետին հարց ուղղեցին՝ դե ասեք՝ դուք լինեք ի՞նչ կանեք: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես ձեզ ուրիշ հարց տամ, որ դուք լինեք իմ տեղն, ի՞նչ կանեք: «Դեպքն արդեն եղել է, ասեք, այս իրավիճակում ես ի՞նչ պետք է անեմ, ասեք՝ անեմ»,-ասաց վարչապետը:

Զինվորի հարազատներից մեկն ասաց՝ մենք պատրաստ ենք ինչքան երեխա ունենք՝ ուղարկենք ծառայելու, բայց խնդիրն այն է, որ դեպքերը կոծկվում են: Հարազատների խոսքով, արդեն 26-րդ օրը լրացել է, բայց ոչ մի արդյունքի չեն հասել. «Երեխայի վրա բռնության հետքեր կային, աջ, ձախ ձեռքին»:

Վարչապետն ասաց, որ իրեն ասել են, որ երեխայի վրա բռնության հետքեր չկան, որ հարազատները, ոչ մասնագետները դիաբծերը շատ հաճախ շփոթում են բռնության հետքերի հետ. «Այդ օրն իր ծնունդն է եղել, եւ ասում են, որ այնտեղ ծառայակիցները կատակով պեչենիի վրա տորթ են սարքել եւ շնորհավորել»:

Վարչապետին հարազատները հայտնեցին, որ զինվորի ճակատին արնազեղումներ են եղել:

Փաշինյանի խոսքով, տեղի է ունեցել ողբերգություն. «Քրեական գործ է հարուցված երկու եւ ավելի անձանց սպանության փորձի առիթով: Հիմա քննություն է գնում եւ քննությամբ պետք է պարզվի՝ ինչ է տեղի ունեցել: Ամեն ինչ կանենք, որ քննությունն օբյեկտիվ լինի»:

Զինվորի հարազատները ասացին, որ այդ ցույցն անում են, որ նման դեպքերը չկրկնվեն: Փաշինյանն էլ նկատեց. «Չկրկնվեն, բայց մեր երեխաները շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել, արժանապատվության աղավաղված զգացում ունենալ, մարդու կյանքը չգնահատել: Բա, էդ որ փողոցներում գողականի օրինակ ենք ցույց տալիս, այսպես ասած՝ լավ օրինակ, բա հետո չե՞նք մտածում այդ երեխաների կյանքում ոնց է արտահայտվելու: Դրա համար մենք ասում ենք, որ պետք է իրար նկատմամբ հարգանքով լինեն: Կարա՞ պաշտպանության նախարարը գնա ամեն զինվորի կողքը կանգնի: Կարա՞ վարչապետը գնա ամեն զինվորի կողքը կանգնի»:

The Yazidi family of a dead soldier hold a protest action in front of the RA Government’s building

Զինվորի հարազատները հակադարձեցին՝ եթե պաշտպանության նախարարը խիստ լինի, այդպես չի լինի. «Եթե մի ընտանիքի գլխավորը, ղեկավարը, թույլ էղավ, այդ տանն ամեն ինչ էլ լինելու է, նույնն էլ՝ բանակում»:

Փաշինյանը պատասխանեց՝ ոչ ոք թույլ չի:

Զինվորի հարազատներն ասացին, որ իրենց պահանջն այն է, որ գոնե մի ստույգ տեղեկություն իմանան: Վարչապետը կարծիք հայտնեց, որ հնարավոր է ոչ մի տեղեկություն չասեն, քանի որ գործը նախաքննության փուլում է:

Փաշինյանն օգնականին հանձնարարեց մի փաստաթուղթ պատրաստել հարազատների համար, որոնք որ չեն հանդիսանա նախաքննական գաղտնիք կամ ընդունեն հարազատներին եւ ասեն այն տեղեկատվությունը, որը որ գաղտնիք չի պարունակում:

Փաշինյանն ասաց, որ որպես Հայաստանի հանրապետությանը զինվոր տված ընտանիքի, պաշտոնապես ներողություն է խնդրում, որ դեռեւս չեն կարողացել բարձրացրած խնդիրները լուծել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031