Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու բնակարան՝ գյումրեցի նկարչուհու կտավի փազլների վաճառքից․ առաջին գնորդը Նիկոլ Փաշինյանն էր (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 26,2019 16:48

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը հանդես էր եկել ինքնատիպ մի նախաձեռնությամբ․ գյումրեցի նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը վերածել էին 15000 կտորների ու յուրաքանչյուր փազլ վաճառելով 1000 դրամով՝ նախատեսել էին տուն գնել գյումրեցի երկու անօթևան ընտանիքների համար։ Ի դեպ, այս ակցիան կոչվում էր «Խճանկար»։

Նշենք, որ առաջին կտորը գնել էր հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Շիրակի» համաժողովի ժամանակ։ Երկրի մյուս պաշտոնյաները, տարբեր կառույցների անձնակազմեր, անհատ քաղաքացիներ ևս մասնակցություն էին ունեցել գյումրեցի անօթևաններին տնակներից փրկելու նախաձեռնությանը։
Հայտնի կտավն այսօր փակցված է Գյումրու քաղաքապետարանի շենքի այն հատվածում, որտեղ գտնվում է ԶԱԳՍ-ը։

Կտավի փազլների վաճառքից ստացած գումարով այսօր երկու հատ երեք սենյականոց բնակարաններ հանձնվեցին գյումրեցի երկու անօթևան ընտանիքների։ Մեկը՝ Կամոյի փողոցում, մյուսն՝ Անի թաղամասում։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնադրամի ֆոնդից ևս գումար են ավելացրել բնակարանները ձեռք բերելու համար։ Բնակարաններ ընտրելիս՝ հաշվի են առել անօթևան ընտանիքների կարծիքը, քանի որ կար նաև երեխաների դպրոցը փոխելու խնդիր։

Բնակարաններից յուրաքանչյուրը ձեռք է բերվել մոտ 8 միլիոն 400 հազար դրամով։ Հիմնադրամն առայժմ բնակարան է հատկացնում Գյումրու տնակային 207 տարածքի ընտանիքների։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը քննարկել է 12 ընտանիքների բնակարանային հարցը ու նրանցից առանձնացրել է երկուսին։

Ըստ Գևորգ Գրիգորյանի, հնարավոր է գարնանը «փազլները» վաճառվեն նաև մայրաքաղաքում ու արտերկրում։

Կտավը, ըստ մեր զրուցակցի, դարձավ հանրահայտ նաև արտերկրում, շատ հայեր են կապվել իրենց հետ՝ ցանկանալով օգնել հիմնադրամին։

Բնակարանամուտին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը գաղտնազերծեց հիմնադրամի առաջիկա ծրագրերից մեկը․ Գյումրիում նոր թաղամաս են կառուցում՝ 50 բնակարանով։

Գևորգ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե այդ թաղամասում ովքեր են բնակվելու, ինչ տեսք է ունենալու։ Այս թեմային կանդրադառնանք քիչ անց։

Գյումրու քաղաքապետը ուրախությամբ արձանագրեց, որ Գյումրիում տնակների թիվը նվազեց՝ դառնալով 2806։ «Կամաց-կամաց իջեցնելու ենք տնակների թիվը»,-հայտարարեց քաղաքապետը։

Կամո փողոցում ձեռք բերված բնակարանը հանձնվեց Այվազյանների ընտանիքին։ Այստեղ բոլորը երաժիշտներ են, անգամ երկու տղաները։

Ընտանիքի հայրը՝ Տիգրան Այվազյանն ասաց, որ ինքն էլ է մեծացել տնակում, երկրաշարժին յոթ տարեկան էր, 31 տարի ապրել է տնակում։

«Շատ եմ դիմել, փորձել եմ բնակարան ձեռք բերել, սակայն աշխատավարձի խնդիր կար, չափը չէր բավարարում հիփոթեքային վարկ վերցնելու»,- ասաց ընտանիքի հայրը, որն աշխատում է ժողգործիքների նվագախմբում, դասավանդում երաժշտական ուսումնարանում, ու Գյումրու երկու երաժշտական դպրոցներում։

Տանտիկինը՝ Աննա Գալստյանը, որ դաշնակահարուհի է, ասաց, թե տնակում է հարս եկել։

«Սա երջանկություն է, ցանկանում եմ բոլորն ունենան գեղեցիկ, լուսավոր բնակարան, սա ամանորյա նվեր է», -ասաց նա։

Անի թաղամասում բնակարան ստացած 5 երեխաների հայրը՝ Անուշավան Ծառուկյանն էլ պատմեց, որ բնակվել են տնակում՝ բորբոսների մեջ։

«Նոր տարվա շեմին այս բնակարանն, իրոք, անակնկալ էր, վերջերս էլ իմ 50-ամյակն էր, սա ամենամեծ նվերը եղավ ինձ։ Մենք տուն ունեցել ենք երկրաշարժից առաջ, հորս տունն էր սեփական, վեց երեխա էլ մենք ենք եղել, սաղ ամուսնացել են, բոլորի տները երկրաշարժին փլվել են։ Իմ երեխաները ծնվել, մեծացել են տնակում։ Պրծանք տնակների բորբոսներից, այստեղ ջեռուցում կա, չոր է, խոնավ չէ տնակների պես։ Մարդ ու կին երբ նստում, խոսում էինք, ասում էինք՝ թող բոլորին բնակարան տան, հետո նոր մեզ, բայց, Փառք Աստծո, մերն էլ շուտ եղավ։

Ես երբեք չէի կարողանա իմ սեփական միջոցներով բնակարան գնել, Հայաստանի պայմաններում հինգ երեխա պահել, մի բան էլ բնակարան գնել, գիտեք, որ անհնար է։ Պիտի խանութներ, գործարաններ ունենաս, որ կարողանաս տուն գնել, սովորական քաղաքացին, որը կայուն աշխատանք էլ չունի, չի կարողանա, խոսքը ցանկացած մեկի մասին է։ Սա մեծ նվեր էր մեզ։

Ես էլ կայուն աշխատանք չունեմ, շինարար եմ, հենց զանգում, կանչում են, գնում եմ աշխատանքի, մնացած ժամանակ պարապ եմ», -ասաց Ծառուկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031