Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացրած նախագիծը` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին:
Նախագիծը վերաբերվում է այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են: Առաջարկվում է երկարաձգել ժամկետը, որը հնարավորություն է տալիս մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից: Հիշեցնենք, նախորդ խորհրդարանում այս օրենքի կիրառությունը դադարեցվեց: Նախագծի գործողության ժամկետը գործող խորհրդարանը երկարաձգել էր անցած տարի`մեկ տարով: Կառավարությունն էլ վերջերս բացասական եզրակացություն էր տվել «Լուսավոր Հայաստանի»`նախագծի ժամկետը կրկին երկարաձգելու առաջարկին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը նկատեց`անցած տարի մենք ասացինք, որ Հայաստանում փոփոխություններ են եղել, եւ մեկ տարին մեծ ժամանակ էր, որպեսզի Հայաստանից հեռացած եւ զինծառայությունից խուսափած մարդիկ վերադառնային: Ըստ նրա, Հայաստանում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է նպաստեր, որ գային: Երկրորդ անգամ նման նախագիծ բերելը պատգամավորը համարում է խրախուսել զինվորական ծառայությունից խուսափելը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի հասկանում`ինչի են սպասում 27-ի լրանալուն, թող գան եւ ծառայեն. «Իրավակարգավորումը դեռ երեք օր գործում է, կոչ եմ անում բոլորին այդ ընթացքում վերադառնալ Հայաստան: Եթե չեն եկել`իրենց խնդիրն է»: Նա հիշեցրեց, որ այս օրենքը 2004 թվականից գործողության մեջ է եւ 15 տարի տված արդյունքները այդքան էլ հուսադրող չեն: Այլ կարգավորումներ են պետք, ինչի վրա աշխատում են:
Իմքայլականները, ի դեպ վիրավորվեցին, երբ Գեւորգ Գորգիսյանը`դիմելով Քրիստինե Պողոսյանին, ասաց`հարցը չհասկացաք: Արտահայտությունը կոպիտ համարեցին եւ կոչ արեցին`ավելի կոռեկտ լինել:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Ավելի ուշ իր ելույթում, Քրիստինե Պողոսյանը պատմեց, որ չորս օր առաջ գնացել էր դպրոց, երեխաների տարեմուտի միջոցառմանը եւ նկատել է, որ 11-12 տարեկան տղա երեխաները քիչ են, չկան: Հետաքրքրվել է, ասել են` հաշվառման տարիքն է մոտենում, ծնողները տարել են դուրս: Զարմացել է`հիմա է՞լ: Պատասխանել են`բարի կառավարություն եք, մի բան կմտածեք, համաներում կանեք, կվերադառնան: Պատգամավորը նեղսրտել-զայրացել է եւ առաջարկում է, որ տղա երեխան զինապարտ համարվի ծնված պահից: Չծառայելը, խրախուսելը իր համար ընդունելի չէ:
Սասուն Միքայելյանն էլ առաջարկեց. «Մարդը գան, ամեն զորակոչը 200 հազարը մուծի եւ իր ցանկությամբ մեկ տարի պայմանագրային ծառայության անցնի»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պատրաստվող նախագիծը նման տարր պարունակում է, երբ շրջանառության մեջ մտնի, քննարկումներ կլինեն`կերեւա:
Գեւորգ Գորգիսյանն ընդունում է, որ բոլորը պետք է ծառայեն, որ մարդիկ ունեին պարտականություն, բայց չեն կատարել, պետք է կատարեին, բայց եթե խոսում ենք Սփյուռքից մասնագետներ բերելու մասին`առաջարկում է տանք այդ հնարավորությունը, մինչեւ կլինի այն նախագիծը, որն ամբողջական կարգավորումներ է տալու`այլընտրանքներ առաջարկելով, թե պայմանագրային, թե գիտական ներուժի օգտագործման մասով:
Մեկ «կողմ», մեկ «ձեռնպահ» քվեարկության արդյունքներով նախագիծը մերժվեց:
Նիստի օրակարգում էր նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը՝ 10 միլիոն դրամով բանակում մեկ ամիս ծառայելու մասին: Հեղինակը ներկա չէր, նախագիծը օրակարգից հանվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ