Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից. «Գազպրոմ Արմենիա»-ն՝ Ալավերդիում շմոլ գազից թունավորման դեպքի առնչությամբ

Դեկտեմբեր 26,2019 15:41

Գորիս քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարից օրեր անց կրկին ողբերգություն. Ալավերդի քաղաքում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու անչափահաս:

Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով:

Ողբերգական այս դեպքը, ցավոք, կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները կրկին չպահպանելու, տարրական պահանջները անտեսելու հետևանք է, ինչը փաստում են մասնագետների կողմից իրականացված տեղազննության նախնական արդյունքները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն անհրաժեշտ է համարում ներկայացնել դեպքի առաջացման հետ կապված մանրամասները:

– Բնակարանում տեղադրված անվտանգության ձայնաազդանշանային սարքը անջատված է եղել էլեկտրասնուցումից:

Բնակարանի ներտնային գազասպառման համակարգը նորմատիվային և անվտանգության պահանջների կոպիտ խախտմամբ ինքնակամ ենթարկվել է ամբողջական փոփոխության:

– Ջեռուցման վառարանի համար նախատեսված մուտքային գծի փականը այս տարվա  հուլիսից կնքված է եղել գազօգտագործող սարքավորման բացակայության պատճառով: Սակայն, մուտքային գծի կնիքը հեռացվել է, տեղադրվել և շահագործվել է ջեռուցման վառարան առանց մատակարարին տեղյակ պահելու:

– Հյուրասենյակում տեղակայված ջեռուցման վառարանի թիթեղյա ծխատարը փաստացի դուրս բերված չի բնակարանից և չունի ուղղահայաց հատված: Վառարանի ծխատարը մինչև 20 սանտիմետր խորությամբ մտցվել է պատշգամբի պատի մեջ, իսկ պատի արտաքին հատվածում բացվել է ընդամենը երեք փոքր անցք, ինչը չի ապահովել ծխագազերի բնականոն հեռացումը:

Բացի այդ, խոհանոցում նախագծի խախտմամբ ինքնակամ տեղադրվել է ջրատաքացուցիչ, որը եռաբաշխիչի միջոցով միացվել է գազօջախի մուտքային գծին: Ընդ որում, ջրատաքացուցչի ծխատարը միացվել է խոհանոցի օդափոխության ուղուն, զրկելով տարածքը բնականոն օդափոխությունից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կրկին զգուշացնում և պահանջում է պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները:

  • Խստիվ արգելվում է  էլեկտրական սնուցումից անջատել բնակարաններում տեղադրված գազասպառման անվտանգության ազդանշանային սարքերը, օգտագործել ինքնաշեն կամ անսարք վիճակում գտնվող գազասարքեր:
  • Չկատարել օդատար և ծխատար ուղիների ինքնակամ ձևափոխություններ՝ դրանցում ստեղծելով արհեստական դիմադրություններ, զերծ մնալ գազօգտագործման ընթացքում ցանկացած ինքնագործունեությունից:
  • Հարգելի բաժանորդներ՝ հիշեցնում ենք, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման, իր եվ իր հարեվանների առողջությունը եվ կյանքը չվտանգելու պատասխանատվությունը կրում է բաժանորդը:

«Գազպրոմ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031