ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
ԱԺ նախագահն ու օմբուդսմենն ամփոփել են անցնող տարին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությունն առավել քան ստացված է 2019 թվականին: Այս համատեքստում նա խորհրդանշական է համարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հոբելյանական՝ 15-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջազգային համաժողովի անցկացումը խորհրդարանի հարկի տակ, որին մասնակցում էին մեծ թվով հյուրեր Հայաստանից եւ արտասահմանյան գործընկերների շրջանակից:
Արման Թաթոյանը կարեւորել է Ազգային ժողովի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն ստացված է եւ գնալով զարգանում է: Նա շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ աջակցության ու համագործակցության համար եւ ընդգծել, որ ՄԻՊ 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումն առանց Ազգային ժողովի թերեւս հնարավոր չէր լինի այդպիսի բարձր մակարդակով իրականացնել: Թաթոյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերները շատ տպավորվել են այդ միջոցառումից, Ազգային ժողովի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության ուշադրությունից, տված ուղերձներից ու քաղաքական կամքից:
Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ կարեւորել է օրենսդրական նախագծերի հետ կապված համատեղ աշխատանքները, առանձին պատգամավորների եւ խորհրդարանական հանձնաժողովների հետ համագործակցությունը, ազատությունից զրկման վայրեր պատգամավորների այցերից առաջ եւ հետո ինֆորմացիայի փոխանակումն ու խնդիրներով համատեղ զբաղվելը:
Կարդացեք նաև
«Ուզում եմ մեծ երախտագիտությամբ նշել, որ մեր համատեղ աշխատանքը նպաստում է խնդիրների լուծմանը»,- ասել է Արման Թաթոյանը:
ՀՀ ԱԺ