Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. «Արցախում կուսակցություններ կան, որ ստեղծվում են միայն ընտրություններին մասնակցելու նպատակով»

Դեկտեմբեր 26,2019 14:37

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տարեվերջյան ասուլիսում լրագրողի հարցին, թե Արցախում առանց այդ էլ բազմաթիվ կուսակցությունների կողքին ստեղծվում են նորերը, ինչը մի կողմից համարվում է ժողովրդավարության դրսեւորում, բայց մյուս կողմից, կարծես, խոսում է ներքաղաքական դաշտում քաղաքական անկայունության մասին, պատասխանեց. «Դուք ճիշտ նկատեցիք, որ դա ժողովրդավարության զարգացման վկայություն է: Մյուս կողմից դա ասում է, որ քաղաքական գործընթացները շարունակվում են եւ առաջ են գալիս քաղաքական նոր կուսակցություններ: Բայց ես այդ մասին արտահայտվելու հնարավորություն ունեցել եմ, որ դա  ժողովրդավարության նոր փուլ չէ: Մենք այդպիսի գործընթացների միջով արդեն անցել ենք: Իմ կարծիքով, մենք քաղաքական կայուն դաշտ ունեցել ենք եւ Արցախում գործող կուսակցությունները մի քանի անգամ, մի քանի փուլերում մասնակցել են պառլամենտական ընտրություններին, իրենց թեկնածուներն ունեցել նախագահական ընտրություններում: Իմ կարծիքով, սա խոսում է այն մասին, որ այդ գործընթացը մեր մոտ դեռ չի ավարտվել:

Եթե հիշում եք 2015 թվականը՝ պառլամենտական նախորդ ընտրությունները, տեսած կլինեք, որ կային մի քանի կուսակցություններ, որոնք հետագայում անհետացան մեր քաղաքական դաշտից: Սա վկայում է, որ գործում են քաղաքական ինչ-որ ենթակառուցվածքներ, քաղաքական ինչ-որ անձնական ամբիցիաներ: Հարցնում եք՝ ի՞նչ պետք է կամ կարելի է անել: Ես վստահ եմ, որ մարդիկ, ովքեր հիմա հաճույքով մտնում են քաղաքական նոր կուսակցություններ, մինչեւ դա անելը պետք է մտածեն, թե դրանք որքանով են արտահայտում մեր հասարակությունում առկա ընդհանուր քաղաքական համակարգը:

Կարծում եմ, որ արժե նաեւ վերանայել բոլոր քաղաքական կուսակցությունները: Նկատի ունեմ գաղափարական մասը, որովհետեւ ստացվել է այնպես, որ մենք ունենք մի քանի պահպանողական կուսակցություններ, սոցիալական ուղղվածության մի քանի կուսակցություններ եւ այլն: Այդ կուսակցություններն, իհարկե, գոնե հիմա միավորվելու եւ քաղաքական ընդհանուր միավորումներ ստեղծելու լավ հնարավորություն ունեն: Բայց, քանի որ նման բան տեղի չի ունենում, չի երեւում, կարծում եմ՝ մեզանում գործում է երկրորդ երեւույթը. կուսակցությունները ստեղծվում են հատուկ պառլամենտական ընտրություններին, հնարավոր է նաեւ՝ նախագահականին մասնակցելու համար: Ցավոք, մենք ականատեսն ու  մասնակիցն ենք դառնալու այն երեւույթների, ինչպիսիք եղան նախորդ ընտրությունների ժամանակ: Այդ կուսակցությունները դադարելու են գոյություն ունենալ:

Կամ էլ պետք է մտածել այդ գործընթացները օրենսդրորեն կարգավորելու մասին, ինչպիսիք եղել են առաջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031