Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը տարեկան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ դուք իսկապե՞ս գտնում եք, որ այնքան լավ եք աշխատել, որ միայն դեկտեմբերին կարող էիք ստանալ 4 անգամ պարգեւավճա՞ր, նորմա՞լ է, որ 1 մլն պարգեւատրում եք ստանում: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կպատասխանի: Նրա խոսքով՝ «ԱԺ-ն վերջին 1 տարվա ընթացքում տնտեսել է գրեթե 400 մլն դրամ, միլիոնավոր պարգեւավճարներ չեն ստացել: Ես ընենց թվեր եմ երբեմն տեսնում մամուլում, որ գալիս եմ եւ այստեղի աշխատակազմից պահանջում եմ, ասում եմ՝ ո՞ւր են իմ միլիոնավոր դրամները: 4 մլն, 5 մլն… Նման բան գոյություն չունի: Գոյություն ունի ձեւավորված գումար, որը կառավարության որոշմամբ տրվել է ԱԺ-ին` հաշվի առնելով 380 մլն դրամը: Ըստ ավանդույթի, որոշում է կայացվել եւ «Լուսավոր Հայաստանի», ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» բոլոր պատգամավորներին ԱԺ ղեկավարությունը պարգեւավճար է դուրս գրել»:
Դիտարկմանը, որ 1 մլն դոլար պարգեւավճար եք ստացել, ԱԺ-ն պաշտոնական տեղեկանք է տվել՝ Ալեն Սիմոնյանը զարմանքով արձագանքեց. «Ինչքա՞ն, 1 մլն դոլա՞ր: Ես ձեզ խնդրում եմ, ճշտեք ձեր տեղեկությունները: Ես ձեզ պատասխանեցի խնայողությունների մասին, չեք անդրադառնում գործուղումների, տնտեսական ծախսերի խնայողություններին»:
Սիմոնյանը վստահեցրեց, որ դեկտեմբերին 4 անգամ պարգեւատրում չի եղել:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն ասաց, որ մյուս տարի ԱԺ աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու հարց է դնելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ