Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհ տվեք ես պետք է մտնեմ Նիկոլ Փաշինյանի մոտ». Ազգությամբ եզդի զոհված զինվոր մայրը կառավարության առաջ ցույց է անում

Դեկտեմբեր 26,2019 13:43

Այսօր կառավարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Արթուր Աջամյանի հարազատները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջեցին արդար քննություն՝ նշելով, որ հակառակ դեպքում պատասխան չեն տալու իրենց գործողությունների համար:

Նրանք փորձեցին փակել Հանրապետության Հրապարակին կից փողոցը՝ թույլ չտալով ավտոմեքենաների երթեւեկությունը:

Արթուր Իշխանի Աջամյանը դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում էր ստացել պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Արթուր Աջամյանի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սպանություն։
Զոհված զինծառայողի հարազատների եւ կառավարության շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ այն ժամանակ, երբ զինվորի մայրը փորձեց ներս մտնել կառավարության շենք՝ հանդիպելու Փաշինյանին:

«Ճանապարհ տվեք ես պետք է մտնեմ Նիկոլ Փաշինյանի մոտ»,-բղավում էր զինվորի մայրը: «Մենք մեր հույսը չենք կորցնում, մեր հույսը դնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Եթե հույսը մեռավ, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Դեպքը պետք է բացահայտվի: Բոլորն էլ գիտեն, տեղյակ են։ Ես սրտից հիվանդ կին եմ, երեխայիս անհեր պահեցի, մեծացրի, ինչի՞ համար։ Վաշտի հրամանատարն ո՞ւր է, մեռե՞լ է, ո՞ւր են նրա սերժանտները։ Ինձ որ մի բան լինի, ո՞վ տեր կկանգնի»,- ասաց նա:

Արթուրի մորը միացան նաեւ գրեթե ամեն հինգշաբթի կառավարության առաջ ցույց անող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները: Նրանք նույնպես պահանջեցին գործերի վերաբացում, արդար քննություն:

Նրանց բողոքը լսելու դուրս եկավ կառավարության նամակների բաժնի ղեկավար Ալեքսանդր Ղազարյանը, որը ներս հրավիրեց հավաքվածներին: Զոհված զինվորի հարազատները պահանջեցին Փաշինյանի հետ հանդիպում, սակայն Ղազարյանն ասաց, որ այս պահին ներսում կառավարության նիստ է ընթանում:
Ցույցի մասնակիցները խոստացան կրկին փակել փողոցը, եթե վարչապետն իրենց չհանդիպի:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031