ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում դեկտեմբերի 26-ին հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտարարեց, որ հունվարին կհայտարարի մրցույթ, այսինքն՝ մարտի կեսերին ԵՊՀ-ում կունենան ռեկտորի ընտրություններ և ԵՊՀ նոր ռեկտոր:
Նա նաև ներկայացրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի երեք նոր անդամներին՝ Գրիգոր Հայրապետյանին, Շուլի Հակոբյանին, Հասմիկ Վարդումյանին:
Գևորգ Մուրադյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցին խորհուրդը մինչև այժմ չի անդրադարձել ու մանրամասնեց. «ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որը նախնական քննարկման ժամանակ ներկայացվել է, որ դեկտեմբեր ամսին հաստատվելու է, իսկ եթե այն հաստատվեր, ապա այս խորհուրդը դրանից հետո պիտի ցրվեր: Պատճառաբանություններից մեկը դա էր, որ ռեկտորի ընտրության հարց չի դրվել»:
ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բարձրացրեց ռեկտորի ընտրության հարց և առաջարկեց այն ներառել այսօրվա նիստի օրակարգ: Նա հայտարարեց. «Ձեր հիմնավորումներին ըմբռնումով եմ մոտենում, բայց այսօր բուհը ռեկտորի ընտրության կարիքը զգում է: Արդեն մոտենում է նախորդ ռազմավարական ծրագրի ավարտը, և պետք է բուհը մշակի հաջորդ հնգամյա ռազմավարական պլանը, ու այդ ամենի նախապատրաստական աշխատանքներով, կարծում եմ, պիտի զբաղվի մի մարդ, որն իրեն համարում է այդ մանդատը ստացած և ունի առաջիկա հինգ տարիների՝ բուհի ճակատագրի որոշողի կարգավիճակ»: Նա առաջարկեց, որ հիմա տեղում լուծվեն տեխնիկական և իրավական հարցերը և բուհի ռեկտորի մրցույթ հայտարարել: Դավիթ Ափոյանը վստահեցրեց՝ պատրաստ է անգամ դեկտեմբերի 31-ին էլ գալ և այդ հարցով քննարկման մասնակցել:
Կարդացեք նաև
Գևորգ Մուրադյանն ասաց, որ դա տեխնիկապես հնարավոր չէ. առջևում տոներն են: Դավիթ Ափոյանի առաջարկը դրվեց քննարկման:
Խորհրդի անդամների մեծամասնությունը դեմ քվեարկեց Դավիթ Ափոյանի առաջարկին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ