«Նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար, մասնավորապես` տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,1 տոկոս է»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետը՝ նշելով, որ տարին ամփոփում ենք լավ տրամադրությամբ: Նա, ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած 11 ամիսների ցուցանիշները, ասաց՝ կարեւոր է այն, որ ապրանքների արտահանման աճ կա՝ 25,7 տոկոս, առեւտրի շրջանառությունը նույնպես աճել է՝ 11, 9, ծառայությունները՝ 11, 6 տոկոսով է աճել, արդյունաբերության աճը՝ 9,3 տոկոս է, շինարարությունը՝ 4, 7 տոկոսով, արտահանման աճը՝ 9 տոկոսով:
«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են եւ արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է»,-ասաց վարչապետը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շարունակեց՝ նշելով, որ 11 ամիսների ընթացքում ունենք կոնյակի արտահանման աճ՝ 27 տոկոսով եւ գինիների արտահանումը 50 տոկոսով է աճել, ընդհանուր արժեքով՝ 24 միլիոն դոլար եւ մրգային գինիները 75 տոկոսով են աճել. «Կարծում ենք, որ տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով, եւ արտահանումը կլինի 10 տոկոս: Այդ ցուցանիշներն իրատեսական են, եւ 11 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ 2020 թվական ենք մտնելու շատ լավ տնտեսական հիմքով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ