Այսօր կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ այս Ամանորը տարբերվելու է նախորդ տարիներից, քանի որ տարին ամփոփելու են դասական համերգով: Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ին բոլոր քաղաքացիներին հրավիրեց Սպենդիարյանի անվան Օպերային թատրոն՝ դասական երաժշտություն լսելու: Նախարարը նաեւ ասաց, որ Նոր տարվա բացումն էլ անելու են նույնպիսի դասական համերգով:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ հունվարի 1-ից սկսած մշակութային օջախները, թանգարանները նույնպես աշխատելու են. Բեմադրված է շուրջ 20 ներկայացում, որոնք նախատեսված են ե՛ւ մեծահասակների ե՛ւ փոքրիկների համար:
ԿԳՄՍ նախարարը կոչ արեց միմյանց ներկայացումների տոմսեր նվիրել: Ասաց, որ ինքն էլ գործընկերներին նվիրել է տարվա լավագույն ներկայացումներից մեկի՝ «Թռիչք կկվի բնի վրայով» բեմադրության տոմսեր: Վարչապետը նախարարից հետաքրքրվեց՝ անձնական միջոցների ՞ց է գնել: Նախարարն ասաց՝ այո:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ