Երեւանն աշխարհի անվտանգ 20 քաղաքների ցանկում է՝ ըստ հանցավորության ինդեքսի։ Սակայն Երեւանի ծայրամասային թաղամասերում բնակիչները երեկոյան ժամերին ու վաղ առավոտյան հաճախ խուսափում են զբոսանքի դուրս գալ՝ վախենալով թափառող շների հարձակումներից։
«Հայկական ժամանակ»-ին դիմած քաղաքացիները նշում են, որ 16-րդ թաղամասում գիշերով անհրաժեշտ է եղել գնալ դեղատուն, շենքի բակում գզվռտվող շներից վախենալով՝ չեն կարողացել, ի վերջո, շտապօգնություն են կանչել։ Շուրջօրյա գործող խանութ գնալը, երեկոյան ուղղակի զբոսնելն արկածախնդրության նման է դարձել, ամեն պահի կարող ես ենթարկվել 5-6 շան հարձակման։ Գիշերային հերթապահությունից վերադարձողը, հնարավոր է, մեքենայից չկարողանա իջնել ու շենք մտնել, քանի որ մեքենայի շուրջ մի քսան շուն պտտվում-հաչում է։
Օրերս «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կանգառում շունն անսպասելի կծել է 14-ամյա մի տղայի, ինչպես պատմում են ականատեսները, դիմացից մոտեցել, հանգիստ անցել է կողքով, տղան, առանց ուշադրություն դարձնելու շանը, շարունակել է զրուցել ընկերոջ հետ, շունն անակնկալ հետ է եկել, հետեւից բռնել սրունքը։ Թեպետ պատանին չի վախեցել, սակայն վերքի առկայության պարագայում ստիպված է եղել ստանալ անհրաժեշտ պատվաստումները։
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Հարություն Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ երեկոյան, գիշերը, վաղ առավոտյան թափառող կենդանիներն առավել ագրեսիվ են, քանի որ փողոցներն առավել դատարկ են, շների զբոսնելու, կեր փնտրելու ժամն է, սակայն խնդիրն այլ հարթություններ էլ ունի։
Կարդացեք նաև
«Մեր հանրությունը չունի թափառող կենդանիների հետ ճիշտ վարվելու, նրանցից պաշտպանվելու մշակույթ։ Կենդանին, երբ փորձում է մարդկանց մոտենալ, նրանց հետ խաղալ եւ նրանց կողմից անընդհատ ստանում է բացասական արձագանք, ինքն էլ տալիս է բացասական պատասխան։ Կենդանիների հարձակման, կծելու դեպքերի մեծ մասը դրա հետեւանքն է. երբ մարդիկ տեսնում են թափառող շներ, փորձում են հեռացնել նրանց քարերով, գոռալով՝ անգամ այն դեպքում, երբ կենդանին փորձում է ուղղակի անցնել իրենց կողքով։ Ես դա ամեն օր եմ տեսնում։ Հաճախ շները անցումներում սպասում են մարդկանց հետ մինչեւ լույսը փոխվի, եւ անգամ եթե իրենք հանգիստ սպասում են, մարդիկ գոռում են, հեռացնում նրանց իրենցից։ Դա էլ բերում է պատասխան ագրեսիայի»,- նշեց Առաքելյանը։
Նա ընդգծեց, սակայն, որ հանրության մեջ չկա միանշանակ մոտեցում, ոմանք բողոքում են թափառող կենդանիներից, ոմանք, կերակրելով նրանց, պահում իրենց տարածքում։ «Երեւանում շուտով ամենամեծ հարցը դա է լինելու՝ բախումը հասարակության երկու թեւերի միջեւ. նրանց, որ սիրում եւ պաշտպանում են կենդանիներին եւ նրանց, որ պարզապես չեն ուզում տեսնել իրենց շուրջը կենդանի։ Շատ դեպքերում էլ ահազանգում-ասում են՝ կենդանիները մեզ խանգարում են, կծոտում են մեր երեխաներին, բայց գնում ենք, տեսնում ենք լրիվ այլ պատկեր։ Օրեր առաջ ահազանգի հետքերով մեր աշխատակիցները գնացել էին Շենգավիթ եւ բակ էին մտել այն պահին, երբ երեխաները, մեղմ ասած, նստած էին եղել շան վրա. եւ դեռ պահանջում են, որ այդ կենդանին չկծի։ Չեմ ասում, որ կենդանիները միշտ անվտանգ են, չեն հարձակվում, բայց պետք է նշենք, որ մարդիկ դրդում են»,- ասաց Առաքելյանը։
Կարեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում