ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է լրագրողի կողմից Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ լրագրողը, ով տարիներ շարունակ զբաղվել է լրագրողական գործունեությամբ, իսկ վերջին շրջանում որպես լրագրող թղթակցել է լրատվական կայքերից մեկին, Ոստիկանության պաշտոնյայից խոշոր չափերով շորթում է կատարել՝ վերջինիս վերաբերյալ, իբր, արատավորող տեղեկություններ չհրապարակելու դիմաց:
Այսպես՝ 2019թ. հունիսի 18-ին լրագրողն իր նախաձեռնությամբ այցելել է ՀՀ ոստիկանությունում աշխատող պաշտոնատար անձին, ներկայացել որպես լրագրող և հայտնել, թե, իբր, իրեն հայտնի են վերջինիս կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այդ առնչությամբ պետության հանդեպ շուրջ 41.000.000 ՀՀ դրամ գումարի չափով չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ՝ սպառնալով, որ դրանք կարող են հրապարակվել մի քանի լրատվական կայքերում, ինչի արդյունքում նա կվարկաբեկվի և կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Քննության տվյալներով՝ լրագրողը պաշտոնատար անձին արատավորող, նրա իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկությունները չհրապարակելու համար ներկայացրել է խոշոր չափերի՝ 800.000 ՀՀ դրամ գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով հակառակ պարագայում հիշյալ տեղեկությունները տարածել լրատվական կայքերում և հեղինակազրկել նրան:
Կարդացեք նաև
Գումարն ստանալու նպատակով լրագրողը Ոստիկանության պաշտոնյայի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և որպես ակնկալվող գումարի վերջնական չափ նշել և առձեռն ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ գումար, ինչից հետո բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ լրագրողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Միաժամանակ դատարանը թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին