Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես եւ ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային». Ադրբեջանում հայտնված եւ գերեվարված Արցախի ՊԲ զինծառայողի մայր. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 26,2019 11:53

«Ես եւ ամուսինս վաղուց ենք ասել, որ պատրաստ ենք գնալ Ադրբեջան, տեսնել մեր երեխային», երեկ ասաց այս տարվա օգոստոսին Ադրբեջանում հայտնված եւ գերեվարված Արցախի ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի մայրը՝ տիկին Կարինեն։

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում նախօրեին հայտարարել էր, թե (Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների միջեւ վստահության-խմբ.) միջավայրի ձեւավորման համար աշխատանքներ են տարվում, գաղափարներ քննարկվում, որոնցից մեկն էլ հետեւյալն է. «Արցախում պահվող դիվերսանտների բարեկամները կարող են այցելել իրենց, եւ ինչպես նաեւ այնտեղ գտնվող մեր հայ պատանդներին իրենց բարեկամներն էլ կարող են այցելել»։ Ըստ Մայիլյանի՝ համաձայնություն Արցախի կողմից կա, մնում է՝ լինի հարազատների ցանկությունը, եւ այդ միջոցառումն էլ կարելի է իրականացնել։

Արայիկ Ղազարյանի մայրիկից հետաքրքրվեցինք՝ եթե իշխանությունները դիմեն իրենց՝ կհամաձայնե՞ն այցելել Ադրբեջան՝ անտեսելով բոլոր ռիսկերը. «Ամեն ինչ ինձ համար ոչինչ է՝ իմ էրեխուն տեսնելու դիմաց։ Իմ էրեխուց առավել ի՞նչ կա»,- ասաց տիկին Կարինեն։

Հարցին՝ արդյո՞ք որդուց ստանում են նամակներ եւ եթե այո, ապա ինչպե՞ս է նա, մայրը պատասխանեց. «4 աստղանի հյուրանոցո՞ւմ է, որ լավ լինի, ուղղակի գրում է, որ իր Հայաստանը իրեն չի մոռացել։ Ես էլ հույս ունեմ, որ իր Հայաստանը իրեն չի մոռացել»։

Իսկ ահա 2018 թ. հուլիսին Ադրբեջանի տարածքում հայտնված ու այնտեղ 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը նշեց, որ իր դիրքորոշումն Ադրբեջան այցելելու վերաբերյալ հայտնել է պատկան կառույցներին։ Թե ինչ է ասել՝ չցանկացավ բացահայտել։

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանում այս պահին պաշտոնական տվյալներով կա 3 հայ գերի։ Խոսքը տարբեր հանգամանքներում այնտեղ հայտնված եւ գերվածների մասին է։ Կարեն Ղազարյանից եւ Արայիկ Ղազարյանից բացի 2014 թ. դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում է պահվում Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը։ Նա մեղադրվում է հանցավոր կազմակերպության անդամակցության, սպանության փորձի, պայթյունի կամ հրդեհի իրականացման համար, որն ուղղված է Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։ Հայկական կողմը հերքում է այս պնդումները, նշելով, որ նրան վերագրվող որեւէ մեղք ապացուցված չէ:

Իսկ ահա հայկական կողմում պահվող 3 ադրբեջանցիներից երկուսը՝ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը ԼՂ դատարանի վճռով դատապարտվել են համապատասխանաբար 22 տարվա եւ ցմահ ազատազրկման։ Նրանք 2014 թ. հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային հատվածում։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031