Կյանքում կան բաներ, որոնք շտկելն այլեւս հնարավոր չէ՝ ժամանակն անցել է: Ես այլեւս երբեք տիեզերագնաց չեմ դառնա: «Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» այլեւս երբեք իրենց «խորհրդային» հզորություններով չեն աշխատի: Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները երբեք հնարավոր չի լինի հետ վերցնել (հնարավոր է միայն աստղաբաշխական գումարներով գնել): Ճիշտ նույն ձեւով Երեւանում երբեք չի լինի տրամվայների երթուղիների ցանց, որը գոյություն ուներ 1970-80-ական թվականներին:
Ինչո՞ւ հիշեցի այդ տրամվայների մասին: Որովհետեւ տեսնում եմ, թե ինչ է կատարվում մայրաքաղաքում: Շաբաթվա ցանկացած օր՝ աշխատանքային եւ ոչ աշխատանքային, գրեթե ցանկացած ժամի՝ «պիկ» եւ «ոչ պիկ», Երեւանի որոշակի հատվածներում մեքենաների այնպիսի կուտակում է, որ, ասենք, Կիեւյան փողոցից Շիրվանզադեի դպրոց կարելի մի քանի անգամ ավելի արագ հասնել ոտքով, քան որեւէ տրանսպորտով: Մեքենաները շատ-շատ են՝ ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի 4 անդամներից յուրաքանչյուրն ունի իր ավտոմեքենան, եւ դրանք ամենեւին մեծահարուստների ընտանիքներ չեն՝ միջին խավի ներկայացուցիչներ են, վարկերի տակ ճկված: Բայց այդ մարդիկ ճարահատյալ մեքենա են առնում՝ ոչ նոր, «փակովի», «գրովի» կամ «բանկովի», որովհետեւ գործնականում ոչ մի տարբերակ չունեն քաղաքային տրանսպորտով աշխատանքի հասնելու կամ երեխային դպրոց տանելու: Իհարկե, կան նաեւ «հուսահատության Գազելները»: Բայց ախր դրանք չափից դուրս հուսահատ են՝ որովհետեւ գալիս են, երբ իրենց հարմար է եւ ուղեւոր են տեղափոխում՝ ստորացնելով մարդկանց արժանապատվությունը: (Գազելների վարորդներն այստեղ, բնականաբար, ոչ մի մեղք չունեն):
Շվեյցարիայում միլիոնատերերն աշխատանքի են գնում հասարակական տրանսպորտով: Որովհետեւ ե՛ւ միլիոնատերերն են ուրիշ, ե՛ւ տրանսպորտը: Երեւանն այդ առումով երբեք Ցյուրիխ կամ Ժնեւ չի դառնա՝ դրա համար պետք են ոչ միայն ավտոբուսների, այլեւ տրոլեյբուսների եւ տրամվայների զարգացած ցանցեր: (Այսօրվա երեւանյան տրանսպորտային քաոսում հատուկենտ տրոլեյբուսները ոնց որ դինոզավրեր լինեն): Այդպիսի ցանցեր ստեղծելը թանկարժեք եւ անիմաստ գործունեություն կլիներ՝ նույնն է, որ խելքը կորցրած մի բարերար փորձի «Նաիրիտը» վերագործարկել կամ ես փորձեմ տիեզերագնաց դառնալ: Ժամանակն անցել է:
Բայց ժամանակը շարունակում է անցնել, եւ իրավիճակի վատթարացումը բերելու է նոր անդառնալի կորուստների: Մեկ տարի քաղաքային ներկա իշխանությունները «քննում» էին տրանսպորտային ցանցի նոր սխեման, որը քաղաքային նախորդ իշխանությունը պատվիրել էր բրիտանական WYG ընկերությանը 850 հազար դոլարով: (Մի երկու տարի էլ «նախկիններն» էին քննում): Եթե 2020 թվականին այս «քննությունը» շարունակվի, Երեւանում «Ա» կետից «Բ» կետը հնարավոր կլինի տեղափոխվել միայն ուղղաթիռով: Վերջին հույսը օլիգարխների նվիրատվություններն են: Կամ գուցե շեյխերի՞:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ըստ իս՝ ամենամեծ խնդիրը ոչ այնքան գազելներն են, ինչքան երթեւեկութեան կանոնների կոպիտ խախտումները։ Եթէ նոյնիսկ ցանցը արդիականանայ, այս կարգի երթեւեկով բացառւում է, որ հարցը կը լուծուի։ Իսկ երթեւեկը սարսափելի է ու նաեւ հոգեբանական պատճառներ ունի։ Երէկ «Զուարթնոց» օդակայանում էի։ Նախ գիշերուայ 2-ին լիքը մարդ ժամանումների սրահում։ Ուրեմն դիմացի կայանատեղիում լիքը աւտոներ երկա՜ր սպասում են, որ տեղ ազատուի կանգնեն։ Մինչդեռ դրա երկրորդ յարկում դատարկ է՝ աւտո գրեթէ չկայ։ Բայց հիւրերին դիմաւորելու եկածները նախընտրում են հէ՛նց ժամանման սրահի դիմացը կանգնեցնեն։ Հնար ունենան օդակայանի մէջն էլ կը կանգնեն, որ անձնագրային ստուգումից անմիջապէս յետոյ մեքենան նստեն ու գնան։
Ու դուք յոյս ունէք, որ բան է փոխուելո՞ւ։ 😊
Խորհուրդս երեւանցիներին՝ մօտակայ 5-10 տարում բան չի փոխուելու։ Վայելէք հրապարակի տօնածառը։ Վերջում դա է ‘քեար’ մնալու։
Դուք տիեզերագնաց չեք դառնա, քանի որ Հայաստանում չեն կառուցվում տիեզերանավեր և չկա տիեզերակայան:
«Նաիրիտն» ու «Վանաձոր քիմպրոմը» իրենց «խորհրդային» հզորություններով կաշխատեն, եթե քրեական գործ հարուցվի և կալանավորվի Տիգրան Սարգսյանը (օֆշոր Տիկոն), իսկ նա իր հետևից քարշ կտա Քոչարյանին, Սերժին և շատ-շատերին:
Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում փաստացի նվիրած տնտեսական միավորները հնարավոր է հետ վերցնել, այն ժամանակ, երբ կենտրոնական բանկը կդառնա պետական ներդրումային բանկ, որի эмитент-ը կլինի ոչ թե Ռուսաստանի կենտրոնական բանկը, այլ ՀՀ գանձարանը:
Երեւանում կլինեն տրամվայների երթուղիների ցանց, որը գոյություն ուներ 1970-80-ական թվականներին, եթե հրապարակվեն մետաղի ջարդոնների «թագավորների» ցուցակը՝ սկսած Վազգեն Սարգսյանից մինչև այսօրվա մանր կուպեցներինը և պետական պաշտոնյաների աշխատավարձերը չգերազանցեն դպրոցի ուսուցիչների աշխատավարձերից:
Իհարկե, զզվելի են, «հուսահատության Գազելների» ուղևորների թավշյա հարաբերությունները, բայց դա ֆանտաստիկ է:
Քաղաքային իշխանությունները հանրապետությունում ոչ մի մասնագետ չհայտնաբերեցին, այդ պատճառով էլ պատվիրեցին բրիտանական WYG ընկերությանը 850 հազար դոլարով:
Հերթական «Նաիրի՞տ», օֆշո՞ր, թե՞լվացքատուն:
Բայց երբվանիցա 98միլիոն դոլլարով էլի սովետից մնացած չաշխատող գործարանները ու Հրազդանի ջեկի հինավուրց բլոկները վաճառելը համարվում նվիրել Ասենք էտ գործարանները ոչնչով Նաիրտից ու Վանաձոր Քիմպրոմից չէին տարբերվում։ Նաիրիտը անընդատ փորձեցին աշխատացնել բայց պետությունը բացի պարտքեր կուտակելուց ոչինչ չստացավ էտ փորձերից։ Ավելի լավ չէր էն ժամանակ մի 100միլիոնով էլ Նաիրիտը “նվիրեին” ռուսներին կամ ֆրանսիացիներին կապ չունի։
Էտել չենք մոռանում, որ 100միլիոնը էն ժամանակ լուրջ գումար էր։ Ասենք ձեր հհշ-ական իշխանության օրոք երկրի ողջ բյուջեն մի 200միլիոն դոլլարի կարգի գումար էր կազմում։ Ի դեպ էտ պարտքը շատ բարձր տոկոսներով էր ու էլի ձեզանից էր ժառանգություն մնացել։