Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու հետ կնքված պայմանագիրը լուծելու ուղղությամբ որեւէ քայլ չէր կատարվել պետության կողմից, երբ տարածքն առնետանոց էր

Դեկտեմբեր 26,2019 14:00

Աբովյան փողոցի 28 շենքի բնակիչը՝ Մարիանա Ոսկանյանը, 1991թ.-ին շենքի նկուղը առնետներից ազատել, մաքրել, ամրացումներ էր կատարել:

Նրա տնօրինած «Գիացինտ»՝ նախկինում «Երազանք» արտադրական կոոպերատիվին տրվել էր այն ժամանակվա ՏԻՄ մարմնի կողմից օրդեր, շինթույլտվություն, կատարվել էր երեսունյոթ հազար ռուբլու ներդրում, ապա կնքվել էին մի շարք վարձակալական պայմանագրեր անժամկետ, ըստ էության, պայմանագիրը լուծելու ուղղությամբ որեւէ քայլ չէր կատարվել պետության կողմից, երբ տարածքն առնետանոց էր: Այդ ժամանակվանից մինչ օրս անշարժ գույքը՝ նկուղը փաստացի օգտագործվել է «Գիացինտ» կոոպերատիվի կողմից:

«Գիացինտ» արտադրական կոոպերատիվի տնօրեն Մարիանա Ոսկանյանի հայցն ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Հայաստանի Հանրապետության` Երեւան քաղաքի Աբովյան փողոցի 28 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին վարչական դատարանը մերժել է, եւ նա դիմել է վարչական վերաքննիչ դատարան, ուր գալիք տարվա հունվարի 23-ին նշանակվել է դատական նիստը: Վարձակալության պայմանագրից հետո պարզվեց, որ 2004 թվականի 2015-Ա որոշման համաձայն՝ նկուղը պատկանում է Կենտրոն համայնքին, սեփականության իրավունքով, հետեւաբար, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեն՝ պետական գույքի կառավարման վարչությունը չի հանդիսանում անշարժ գույքի սեփականատեր:

Մինչդեռ, դատարանը հօգուտ պետգույքի կառավարման վարչության՝ ի դեմս նախկին պետ Արման Սահակյանի, վճիռ է կայացրել, հաշվի չառնելով նաեւ, որ տարածքի համար գումարներ է տարիներ շարունակ վճարել բազմաբնակարան շենքի բնակիչը, պետությունը չի վճարել, մաքրել է տարածքը, պետություն-սեփականատերը բացակա է եղել: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքի 224 հոդվածի համաձայն, բազմաբնակարան շենքի նկուղը հանդիսանում է սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, հետեւաբար, սեփականության վկայականը առոչինչ է: Ի դեպ, հենց այդ հարցն էլ վիճարկվել էր վարչական դատարանում:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ բողոքաբեր Մարիանա Ոսկանյանն ասաց. «Կառավարության նշյալ որոշման համաձայն, ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը պարտավոր էր մեկամսյա ժամկետում Կենտրոն համայնքի ղեկավարի հետ կատարել նշյալ գույքի ընդունման-հանձնման աշխատանքներ, ապա գրանցեր կադաստրում, որպես Կենտրոն համայնքի սեփականություն, ինչը չէր արվել»:

Դատական գործընթացը դեռ չավարտված, ոստիկանության բաժնից եկել են տարածք, որպեսզի «ներխուժողները» ազատեն տարածքը: Ոստիկանությանն էլ դիմել էր կադաստրը, 77.6 քմ նկուղի տարածքից վտարելու պահանջով:

Մ. Ոսկանյանի ներկայացուցիչ Դավիթ Դավիդյանին ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Լիլիթ Զաքարյանը դեկտեմբերի 4-ին տրամադրել է վարչական բողոքարկման վարույթի արձանագրությունը:

Արձանագրվել էր, որ ըստ Դ.Դավիդյանի՝ «առկա չէ ներխուժում, քանի որ պետության կողմից իննսունականներին տրվել է օրդեր, շինթույլտվություն, պայմանագրեր են կնքվել: Ոստիկանությունն իրավասու չէ անձին դուրս բերել անշարժ գույքի տարածքից կամ արգելելու մտնել անշարժ գույքի տարածք, եւ կողմերի միջեւ վեճը կարող է լուծվել միայն դատական կարգով՝ համաձայն ՀՀ կառավարության 717-Ն որոշման 9-րդ կետի»:

Վարույթի մասնակիցները քննարկման ժամանակ հանգել են նրան, որ բացակայում են «ներխուժման հիմքերը», կոոպերատիվը տարածքում գտնվել է օրինական հիմքերով, եւ ոստիկանություն ներկայացրած փաստաթղթերն էլ բխում են կառավարության որոշումից:

Մարիանա Ոսկանյանն ասում է, որ բարեկարգելով այդ տարածքը՝ այն գեղեցկության կենտրոն էր դարձրել, եւ հարկային մարմիններին ներկայացրել է հարկային հաշվետվություն:

Դատական գործընթացներն ազդում են նաեւ այդ շենքի հարեւանների վրա, քանի որ նրանք էլ ասես անտեսված լինեն, չեն կարողանում մասնակցել իրենց հարեւանի իրավունքների պաշտպանությանն ու բազմաբնակարան շենքի խնդիրների բարձրաձայնմանը: Բնակիչները վկայակոչում են ՀՀ կառավարության 20.06.2001 թվականի թիվ 550 որոշման 1-ին կետը: ՀՀ կառավարության վերը նշված որոշումներից ուղղակի հետեւում է, որ Երեւանի քաղաքային ենթակայության բնակարանային տնտեսության ձեռնարկությունների հաշվեկշիռներում հաշվեգրված բնակարանային ֆոնդի բնակելի շենքերի բացվածքները եւ ոչ բնակելի տարածքները (բնակելի շենքերում նախագծով նախատեսված ընդհանուր օգտագործման շինություններ (տարածքներ) չհանդիսացող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով չպատկանող ոչ բնակելի շինությունները (տարածքներ) (արհեստանոց, արտադրական, առեւտրային, գրասենյակային եւ այլեւ) համարվել են Երեւան քաղաքի համապատասխան թաղային համայնքներին սեփականության իրավունքով հանձնված, որից որպես բացառություն սահմանվել են պետական հիմնարկների կամ կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները, վարձակալությամբ տրված արվեստանոցները եւ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ր» ենթակետով նախատեսված մասնավորեցման ենթակա ոչ բնակելի տարածքները, իսկ այդ ենթակետով սահմանված է, որ մասնավորեցման օբյեկտ են հանդիսանում այն տարածքները, որոնք տրամադրված են վարձակալությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Մ. Ոսկանյանի երկրորդ ներկայացուցիչը՝ փաստաբան Վարդան Զուռնաչյանն էլ հայցադիմումում նշել էր. «Հայցվորն ունի նշյալ գույքի նկատմամբ օգտագործման, իսկ վաճառքի դեպքում նաեւ գնման նախապատվության իրավունք, այն է՝ նման իրավունքի ողջամիտ ակնկալիքը: Տվյալ դեպքում վիճելի տարածքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքի գրանցման ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվել է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, արդյունքում խախտվել են հայցվորի իրավունքները»:

Պատասխանողի եւ երրորդ անձի ներկայացուցչի՝ Ս. Խաչատրյանի դատարան ներկայացրած «Առարկությունների» համաձայն, «Ք. Երեւան, Աբովյան փողոց 28 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի տվյալների ուսումնասիրությունից պարզվել է, որ վիճելի հասցեի անշարժ գույքի նկատմամբ 10.09.2003 թվականին գրանցվել է Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության սեփականության իրավունքը, հիմք` ՀՀ կառավարության 20.06.2001 թվականի թիվ 550 որոշում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության 01.09.2003 թվականի թիվ 02-1-629/1 ագ գրություն։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Վ.Հարությունյանի կողմից 03.11.2016 թվականին տրված թիվ 04/22.31/5650-16 գրության հիման վրա կատարվել է ուղղում, այն է` որպես գրանցված իրավունքի սուբյեկտ նշվել է միայն Հայաստանի Հանրապետությունը եւ տրամադրվել է նոր վկայական։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունից հետեւում է, որ տվյալ դեպքում ՀՀ կառավարության 20.06.2001 թվականի թիվ 550 որոշումն օրենքով սահմանված կարգով վերացված չի եղել, եւ վերը նշված հոդվածի համաձայն այն գործել է ուղղակի ու ենթակա է եղել կատարման։ Հետեւապես, պետք է փաստել, որ առկա են եղել բավարար իրավական հիմքեր ք.Երեւան, Աբովյան փողոցի թիվ 28 շենքի տարածք հասցեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար: Կադաստրի կողմից կատարված իրավունքների պետական գրանցումը կատարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան եւ ներկայացված փաստաթղթերի, այն է՝ ՀՀ կառավարության 20.06.2001 թվականի թիվ 550 որոշման հիման վրա»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031