Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատը տղամարդիկ են ինքնասպան եղել

Դեկտեմբեր 26,2019 14:30

Անցյալ տարի ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 606 դեպք է գրանցվել, որից 243-ի դեպքում` կանայք, 363-ի դեպքում` տղամարդիկ:

2017-ին`  562 դեպք է արձանագրվել:

Այս մասին հայտնում է վիճակագրական կոմիտեն` հրապարակելով 2013 թվականից սկսած հանրապետությունում գրանցված ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպքերը: 2013 թվականին այս ցուցանիշն ավելի բարձր է եղել` 747 դեպք, որից 418-ը տղամարդիկ են այդ քայլին դիմել:

Անցյալ տարի   606 քաղաքացուց 179-ը ինքնասպան է եղել: Այս վիճակագրության մեջ գերակշռողը տղամարդկանց դեպքերն են` 132 մարդ, 47-ը իգական սեռի ներկայացուցիչներն են: Ուշագրավ է, որ 2018-ին ինքնասպան եղած անձանցից 113-ը 30-ից 65 տարեկան քաղաքացիներն են: Ամենաքիչը ինքնասպանություն են գործել 17 տարեկան քաղաքացիները: Ինքնասպանություն կատարած 179 մարդուց ընդամենը 7 երիտասարդ է, որ դիմել է այդ քայլին: 65 տարեկանից բարձր քաղաքացիներից 48 մարդ է այս քայլին գնացել: Իսկ 18-19 տարեկան` 11 մարդ:

Ինքնասպանության փորձին էլ ավելի շատ տղամարդիկ են դիմել, քան` կանայք: Անցյալ տարի ինքնասպանության միջոցով կյանքին փորձել է վերջ տալ 427 մարդ, որից 228-ը 30-ից 65 տարիքային խմբում: Նշենք, որ ինքնասպանության փորձ կատարած 427 քաղաքացուց կրկին գերակշռողը տղամարդիկ են: 65 տարեկանից բարձր 52 քաղաքացի է կյանքին վերջ տալու փորձ արել:

Կոմիտեն հրապարակել է նաեւ մանկական մահացության ցուցանիշները: Անցյալ տարի մինչեւ մեկ տարեկան մահացել է 261 երեխա: Այս վիճակագրությունն ամենացածրն է 2007 թվականից ի վեր:

Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին մինչեւ մեկ տարեկան մահացել է 433 երեխա, 2008-ին` 442, 2009-ին մահացել է 454 երեխա: 2013 թվականին մահացել է 407 երեխա, 2016-ին` 352 երեխա: Բայց եւ ծնունդներն էլ 2007 թվականի համեմատությամբ պակաս են: Եթե 2007 թվականին 40 հազար 105 երեխա է ծնվել, 2008-ին` 41 հազար 185, 2009 թվականին էլ ծնվել է 44 հազար 413, ապա  2018 թվականին ծնվել է 36 հազար 574 երեխա:

Կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ երեխաներն ամենաշատը մահացել են շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակների պատճառով: Երկրորդ տեղում բնածին անկանոնություններից եւ ձեւախախտումային խանգարումներից մահերն են, երրորդը՝ շնչառական օրգանների հիվանդություններն են: Մահացության մեջ  մասնաբաժին ունեն վարակային եւ մակաբուծային, մարսողական օրգանների հիվանդությունները, ինչպես նաեւ դժբախտ պատահարներից, վնասվածքներից եւ թունավորումներից մահերը:

Մանկական մահացությամբ Շիրակի մարզն առաջատարն է: Ապա` Սյունիքի մարզում է մահացության ցուցանիշը բարձր: Երրորդ տեղում Գեղարքունիքն է:

Ամենաքիչը երեխաները մահացել են Երեւանում եւ Վայոց Ձորում:

Անցյալ տարի մինչեւ մեկ տարեկան մահացած 261 երեխաներից 143-ը արական սեռի երեխաներ են, 118-ը` իգական: 2017 թվականին էլ ավելի շատ տղա երեխաները չեն ապրել: Այդ տարի մահացել է 174 տղա երեխա եւ 137 աղջիկ երեխա: Ի դեպ, անցյալ տարի 623 երեխա մահացած է ծնվել: 2017-ին այդ թիվը եղել է 11 դեպքով ավել, այսինքն` մահացած է ծնվել 634 երեխա:

Մայրական մահացության ցուցանիշները 2016 թվականից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում ամենաբարձրը Արմավիրի մարզում են, ապա` Սյունիքի, Լոռու ու Տավուշի մարզերում: Մայրական մահացության դեպքեր այդ երկու տարիներին չեն գրանցվել Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի ու  Վայոց Ձորի մարզերում:

Կոմիտեն հաշվարկել է նաեւ Երեւանում եւ մարզերում բնակչության կյանքի սպասվող միջին տեւողությունը: Այն ամենաբարձրը մայրաքաղաքում եւ Տավուշի մարզում է: Տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը Երեւանում 73,7 տարին է, կանանցը` 78,6 տարին: Տավուշի մարզում կանանցը 78,2 տարին է,  տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 72 տարին է: Մարդիկ ամենաքիչը Լոռու, Կոտայքի ու Շիրակի մարզերում են ապրում: Այստեղ կյանքի միջին տեւողությունը տղամարդկանցը համապատասխանաբար` 69.4 տարին է, 69.8  եւ`  69.2 տարին: Ըստ նույն աղբյուրի, կյանքի միջին տեւողությունը 2017 թվականին, մասնավորապես` Երեւանում,  ավելի ցածր է եղել: 73 տարին մայրաքաղաքում ապրող տղամարդկանց կյանքի միջին տեւողությունն է եղել, 76,9-ը՝ կանանց: Փոխարենը 2017-ից կյանքի միջին տեւողությունն  ավելի բարձր է եղել Գեղարքունիքում, Կոտայքում, Տավուշում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031