Դերենիկ Մարտիրոսյանի՝ հիրավի, մեր մեծերի հանդեպ տածած պարտքի ու երախտիքի այն օրինական զգացումն է, որ կյանքի է կոչել հայ եւ ֆրանսիական թատրոնների ականավոր արվեստագետ, թատրոնի եւ կինոյի մեծահամբավ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, թատերագիր եւ թարգմանիչ, հասարակական գործիչ Լեւոն Հարութին նվիրված «Լեւոն Հարութ կամ իմ հերոսի պատմությունը» համակողմանի եւ տարողունակ մենագրության բարեփոխված տարբերակը: Օրերս լույս տեսած հեղինակի երկրորդ՝ վերափոխված աշխատությունը հագեցած է արխիվային հարուստ նյութերով, որոնք նոր լույս են սփռում Լ.Հարութի բազմաբովանդակ եւ նշանակալից կենսագրության վրա՝ ամբողջական դարձնելով նրա կենդանի կերպարը: Հիշատակված գրքում «Խնամքով վերականգնել ենք այն ուշագրավ նյութերը, որոնք հանգամանքների բերումով (իբրեւ ազգի դավաճանի), անհարկի կրճատվել եւ տեղ չէին գտել մենագրության մեջ»,- գրում է հեղինակը:
Փարիզի երաժշտանոցի դրամատիկական բաժնի շրջանավարտ Լ.Հարութը շուրջ 20 տարի գործելով ֆրանսիական թատրոններում (Փարիզի Ազգային 2-րդ «Օդեոն», «Մոնպառնաս», «Շարլ Դյուլենի» եւ փարիզահայ «Դրամատիկ», «Մայրենի բեմ» եւ «Հայ ժողովրդական») իրեն խաղընկեր է ունեցել հայ եւ ֆրանսիացի բազում հռչակավոր դերասանների (Հովհաննես Աբելյան, Վահրամ Փափազյան, Արշավիր Շահխաթունի, Մկրտիչ Ջանան, Արման Կոթիկյան, Տրդատ Նշանյան, Սիրանույշ, Սառա Բեռնար, Շարլ Դյուլլեն, Գրետա Գարբո, Սեսիլ Սորել, Պիեր Բլանշար, Մարի Մարքե եւ այլք):
Մենագրությունը շարադրված է գեղարվեստորեն մատչելի եւ մաքրամաքուր հայերենով: Զգում ես, որ հեղինակը թրծված է թատերարվեստի քուրայում, բանիմաց է, գիտե գնահատել եւ արժեւորել իր մտքերը, կատարել համապատասխան մեջբերումներ, որոնք ժամանակին արտահայտել են դժվարահաճ քննադատներն ու անվանի մտավորականները, խաղընկերները՝ բարձր գնահատել մեծանուն դերասանի անվիճելի տաղանդն ու վաստակը:
Փարիզահայ թատրոններում Լեւոն Հարութը խաղացել է մի շարք տարաբնույթ եւ ակնառու դերեր՝ Սեյրան (Ալ. Շիրվանզադե, «Նամուս»), Օթարյան («Պատվի համար»), Աբեղա (Լ.Շանթ, «Հին աստվածներ»), Կասիո (Վ.Շեքսպիր, «Օթելլո»): Իսկ ֆրանսիական «Օդեոն»-ում՝ Ներոն (Ժան Ռասին, «Բրիտաննիկ») եւ մյուս թատրոններում՝ Տարտյուֆ (Ժ.Բ.Մոլիեր, «Տարտյուֆ»), Օրեսթես (Ժան Ռասին, «Անդրոմաքե»), Էդուարդ 4-րդ (Վ. Շեքսպիր, «Ռիչարդ Երրորդ») եւ այլ դերեր տարբեր թատրոններում: Փարիզում եւ Հոլիվուդում Լ.Հարութի կինոդերերից հիշարժան են Մահարաջա Ռուսեմ (Փարիզ, «Էկլիբս», «Հնդկաստանի ծաղիկը»): Հոլիվուդ (ԱՄՆ), Շեյխ («Փախստականներ»), Գնչու («Գնչուներ»), Զինվոր («Նոյի տապան»), Հրեա («Հրեայի կյանք»), Ջո («Փախուստ տաժանակիրների ճամբարից»), «Հայֆիլմում»՝ Դաշնակցական թիկնապահ («Զանգեզուր»), Իշխան («Քաջ Նազար»):
Կարդացեք նաև
Վահրամ Փափազյանը բարձր է գնահատել Լ.Հարութի դերասանական արվեստը, նրա հասարակական-քաղաքական հայացքները, այն, որ նա հայ թատերական մշակույթը ճանաչելի է դարձրել օտարներին: Նա նաեւ ասմունքի մեծ վարպետ է եղել: Խորը եւ մասնագիտորեն վերլուծելով Լ.Հարութի դերակատարումները, հեղինակն անդրադարձել է նաեւ դերասան-ասմունքողին: Անվանի դերասանը, գտնվելով օտարության մեջ, տարբեր երկրներում ասմունքելիս ընտրել է հայրենասիրական բանաստեղծություններ: Իր ապրած ծանր ու դժվարին օրերին նա կարդում էր Պետրոս Դուրյանի «Տրտունջք» բանաստեղծությունը, որը հոգեհարազատ էր իր համար. ապրելու տենչը, հուզումը, հոգեկան ապրումները, ինչպես ժամանակին գրել ու զգացել էր պատանի հանճարը: Իսկ հայրենիքի կարոտը սրտում դերասանն ընտրում էր Ավետիք Իսահակյանի «Հե՜յ, ջան հայրենիքը»: Լեւոն Հարութն ասմունքացանկում ուներ՝ Սիամանթո, Թումանյան, Պատկանյան, Արշակ Չոբանյան եւ ուրիշ հեղինակներ: Ավանդույթի համաձայն, դերասանը ներկայացումից հետո ասմունքում էր, հայրենիքից հեռու գտնվողներն անհամբեր սպասում էին նրա ասմունքին: Ուր էլ եղել է, խոսել է Հայաստանի մասին, օտար երկրում դարձյալ մտահոգվում էր հայրենի երկրի համար:
1936-ի կեսերին Լ.Հարութը վերադառնում է հայրենիք, աշխատանքի անցնում նախ Լենինականի (Գյումրի), ապա՝ Պատանի հանդիսատեսի թատրոններում, որտեղից էլ 1941-ի ամռանը աքսորվում է: Աքսորից հրաշքով վերադառնում է, բայց նրան արգելվում է աշխատել Երեւանի թատրոններում: Լ.Հարութն իր դերասանական գործունեությունը ստիպված շարունակում է Կիրովականի (Վանաձոր) Հ. Աբելյանի անվան, Ստեփանավանի, Նոր-Բայազետի (Գավառ) եւ Գորիսի թատրոններում եւ միայն 1953-ին Լ.Հարութին իրավունք են տալիս բնակվել Երեւանում եւ աշխատանքի անցնել Պատանի հանդիսատեսի թատրոնում:
Մենագրությունը նվիրված է Լեւոն Հարութի ծննդյան 125-ամյակին:
Գիրքը, որը հրատարակվել է Սեդա Հարությունյանի եւ Լիլիթ Մարտիրոսյանի աջակցությամբ, բարձր որակով տպագրվել է «Լուսաբաց» հրատարակչությունում:
Յաշա ՉԱԽՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2019