2019 թվականը հոբելյանական է, թումանյանական։ Առնվազն ողջ հայությունը աշխարհի տարբեր երկրներում նշում էր Ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանը՝ տարբեր միջոցառումներով՝ սովորական ընթերցումներից մինչեւ գիտաժողովներ ու ցուցահանդեսներ։ Ի դեպ, հոբելյանական միջոցառումների կազմակերպմամբ ու անցկացմամբ զբաղվում էին բոլորը՝ պետական մարմիններից մինչեւ հասարակական կազմակերպություններ։ Մեր զրուցակիցը «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն է, որի ղեկավարած հայրենակցական միությունը ակտիվ գործունեություն է ծավալել ողջ տարվա ընթացքում։
– Պարոն Երիցյան, ինչպես եւ սպասելի էր, թումանյանական տարին պետք է սկսվեր մեծ լոռեցու ծննդավայրում՝ հոբելյանական միջոցառումների մասնակցությամբ:
– Դուք ճիշտ եք, մենք էլ Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանի օրը՝ փետրվարի 19-ին, վաղ առավոտից Դսեղում էինք եւ մեր հարգանքի տուրքը մատուցեցինք մեր մեծ հայրենակցին, մասնակից եղանք հոբելյանական միջոցառումներին եւ շտապեցինք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, ուր եւս կազմակերպվել էր հոբելյանական երեկո։ Նախքան երեկոյի սկսելը Վրաստանի ազգային ժողովի դահլիճում բացվեց վիրահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող ցուցահանդեսը։
– Այդ նույն ցուցահանդե՞սն էր, որ ներկայացվեց Հայաստանի նկարիչների միությունում` ավելի ուշ, ապրիլին:
Կարդացեք նաև
– Ցուցահանդեսը կարեւոր ճանաչողական նշանակություն ունեցավ թումանյանական վայրերը ժամանակակից թումանյանասերներին գեղանկարչության միջոցով ներկայացնելու գործում՝ ե՛ւ Թբիլիսիում, ե՛ւ Երեւանում։ Մեծ արձագանք ունեցան այդ երկու բնանկարների ցուցահանդեսները։ Գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը երկու շաբաթից ավելի ապրել եւ ստեղծագործել էր Թումանյանի ծննդավայրում՝ Դսեղում, Լոռվա այլ բնակավայրերում։ Նա իր նկարակալով անցել էր նաեւ թումանյանական այլ վայրերով Վրաստանում` Շուլավերում, Ջավախքում, Թբիլիսիում, Ձաղվերում, Մանգլիսում, Աբասթումանում, Կոջորիում` ստեղծելով 60-ից ավելի բնանկարներ, որոնցից յուրաքանչյուրը պատմում էր մեծ բանաստեղծի մասին. Դդի ուսը, Սուրբ խաչը, Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցին Դսեղում, փողոցներ ու տներ Թիֆլիսում, ուր ապրել է Թումանյանը, պատկերներ Վրաստանի տարբեր վայրերից: Ցուցահանդեսները բազմաթիվ այցելուներ ունեցան ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երեւանում: Այսօր ճանաչողական գործոնը շատ կարեւոր է երիտասարդ սերնդի համար։ Վերջերս էլ Երեւանի Թումանյանի թանգարանում բացվել էլ Թումանյանի եղբոր՝ Ռոստոմի թոռան՝ ՀՀ ակադեմիկոս Հանրի Ներսիսյանի «Թումանյանական վայրերով» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը եւս կարեւոր նշանակություն ուներ Թումանյանին եւ նրա աշխարհը ճանաչելու առումով։ Փաստորեն, լուսանկարիչ-ակադեմիկոսը անցել է Դսեղի, հարեւան բնակավայրերի պատմաճարտարապետական հուշարձաններով, բնության գողտրիկ ակյուններով, որոնք շատ սիրելի են եղել մեծն Թումանյանի համար:
– Պարոն Երիցյան, լավ է, որ խոսակցություն բացվեց Թումանյանի ժառանգների մասին: Նրանք որեւէ մասնակցություն ունեցա՞ն հոբելյանական միջոցառումներին։
– Այնպես է ստացվել, որ ուղղակի ժառանգներ Հայաստանում չեն ապրում։ Երկու թոռները՝ Իրմա Սաֆրազբեկյանը եւ Սուրմա Թումանյանը ապրում են Գերմանիայում եւ Ռուսաստանում, իսկ ծոռները եւ հաջորդող սերունդները Եվրոպայի տարբեր երկրներում, Վրաստանում եւ Ռուսաստանում։ Վերջին անգամ հավաքական կերպով նրանք Հայաստան եկան 10 տարի առաջ։ Այս անգամ էլ մտածեցի` ինչո՞ւ նրանց կրկին չհրավիրել Հայաստան։ Եկան սեպտեմբերին, 15-ին եղան Դսեղում՝ մասնակցեցին «Թումանյանական օրվան», ներկա գտնվեցին «Թումանյան։ Հատընտիր» (ռուսերեն) եւ «Թումանյան: Հոբելյանական ընտրանի» ժողովածուների շնորհանդեսին։ Թումանյանների ժառանգներին ընդունեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Թումանյանների 17 ժառանգները սիրով շփվեցին երկրի նախագահի եւ Վեհափառ Հայրապետի հետ։ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Թումանյանի թոռնուհին՝ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը բարձրացրեց Երեւանի Թումանյանի թանգարանը թանգարան- ինստիտուտի վերածելու եւ Դսեղի տուն-թանգարանը «Թումանյանական արգելոցի» վերածելու (ինչպես Լեւ Տոլստոյինը Յասնայա Պոլյանայում) անհրաժեշտության մասին, քանի որ որքան մեզանից հեռանում է մեծն Թումանյանը, այնքան ավելի ու ավելի արժեքավոր է դառնում նրա գրականության արժեհամակարգը։ Թումանյանները Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ժամանակ իրենց գոհունակությունը հայտնեցին, որ Հայ առաքելական եկեղեցին ակտիվ դերակատարություն ունի տարբեր գաղթօջախներում Թումանյանի հոբելյանը նշելու գործում, իսկ դա նշանակում է՝ անմիջական մասնակցություն ազգային արժեքները սերունդներին փոխանցելու ասպարեզում, ավելի մոտիկ փոխհարաբերություններ գաղթօջախների անդամների հետ ունենալու գործում։
– Եթե չենք սխալվում, հոբելյանական տարում «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ մոտ մեկ տասնյակից ավելի գրքեր եք հրատարակել։ Այդպե՞ս է։
– Այո։ Դեռ մեկ-երկու տարի առաջ էր, երբ սկսեցինք ծավալել հրատարակչական նախապատրաստական քայլերը։ Նախ, լույս տեսան Իրմա Սաֆրազբեկյանի «0լգա Թումանյան» աշխատությունը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով, գրքեր Թումանյանների փեսայի՝ ճանաչված խորհրդային դեսպան Համազասպ Հարությունյանի մասին։ Այնուհետեւ Իրմա Սաֆրազբեկյանը թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի հետ կազմեց թումանյանական հատընտիրներ հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որոնք եւս արդեն ընթերցողի սեղանին են։ Գրքեր են լույս տեսել նաեւ «Թումանյանի կանայք», «Վերնատուն», «Որբերի ամենայն հայոց հայրիկը» գրքերը, որոնք հեղինակել է թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը։ Ընթերցողի սեղանին է Գառնիկ Շախկյանի «Թումանյանի հանրագիտակ» աշխատությունը, որը հետաքրքիր ու ինքնատիպ անդրադարձներ ունի Թումանյանների գերդաստանին ու նրա գրական ժառանգությանը։ Տպագրության է պատրաստվել «Թումանյանը՝ քննադատ» գիրքը, որը ընդգրկում է Թումանյանի քննադատությունը եւ հրապարակախոսությունը: Հա, մոռացա ներկայացնել «Հոբելյանական ծաղկաքաղ-150» հուշանվերային հրատարակությունը։ Վերոնշյալ գրքերը ընթեցողին չէին հասնի, եթե չլինեին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի, «Ապավեն» ընկերության, «Ակբա-կրեդիտ-ագրիկոլ» բանկի, «Վալլեքս» խմբի, «Բեյզ Մետըլս» ՓԲԸ-ի եւ նրանց ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի, Արսեն Ղազարյանի, Գագիկ Աղաջանյանի, Հակոբ Անդրեասյանի, Վալերի Մեջլումյանի, Արթուր Մկրտումյանի աջակցությունը եւ օգնությունը։
– Գիտենք նաեւ, որ կազմակերպվել են բոլոր նոր հրատարակված գրքերի շնորհանդեսները՝ ներկայացումը ընթերցողին։ Դրանք նոր մտքեր կամ ծրագրեր չե՞ն հուշում։
– Մեր համոզմամբ՝ Թումանյանի գրական ժառանգությունը ապագայում էլ պետք է նորովի, տպագրական բարձր մակարդակով հասցվի ընթերցողին, մանավանդ՝ մանկական գրականությունը, ինչը, բարեբախտաբար, իրականացնում են հրատարակիչները։ Թումանյանական գրական ժառանգության հանրայնացման գործում նախանձախնդիր դերակատարություն ունի «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը եւ նրա ղեկավար Մկրտիչ Կարապետյանը։ Նրանք հաջորդ տարի էլ իրենց ծրագրերում թումանյանական հրատարակություններ ունեն։ Նրանք ճիշտ են, քանի որ մեր գրական լավագույն արժեքներին պետք է հաղորդակցվեն տարին բոլոր՝ անկախ հոբելյաններից։ Իսկ դա նշանակում է, որ մեծն Թումանյանի եւ մեր գրական մեծերի ստեղծած արժեքներին պետք է հաղորդակից լինել տարին բոլոր, որովհետեւ որքան հեռանում ենք նրանցից, այնքան զգում ենք նրանց համամարդկային արժեքների, կենսափիլիսոփայության ու խորին խորհուրդների պակասը։ Մի խոսքով՝ Թումանյանական հոբելյանական տարին պետք է անընդհատ իր շարունակությունը ունենա:
Հարցազրույցը վարեց Կ. ՏԻՏԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.12.2019