Լրահոս
Օրվա լրահոսը

«Համակարգային փոփոխություններ դեռ չեն իրականացվել». Արմեն Գրիգորյան

Դեկտեմբեր 26,2019 12:00

Ըստ քաղաքագետ, «Քաղաքականության հետազոտական կենտրոնի» փոխնախագահ Արմեն Գրիգորյանի՝ համակարգը բարեփոխելու ուղղությամբ արագ ու ինչ-որ չափով ավելի կտրուկ քայլեր պետք է կատարվեին

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին՝ սոցիալ-տնտեսական առումով: Արդյոք իշխանություններին հաջողվո՞ւմ է հասարակության սպասելիքները բավարարել: Ի՞նչ քայլեր կառանձնացնեք, որոնք, ըստ ձեզ, չեն իրականացվել, մինչդեռ արագ լուծում էին պահանջում:

– Սոցիալ-տնտեսական ոլորտին անդրադառնալիս նախընտրելի եմ համարում հենվել առկա հետազոտությունների վրա, քանի որ այդ ոլորտը գնահատելիս կարեւոր են քանակական չափանիշները: Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ վեց ամիս առաջվա համեմատ զգալիորեն ավելացել է իրենց նյութական վիճակը բարելավված համարող քաղաքացիների քանակը՝ 20-ից մինչեւ 28 տոկոս, իսկ մեկ տարի առաջվա 17 տոկոսանոց ցուցանիշի համեմատ տարբերությունն էլ ավելի նշանակալի է: Սակայն մեծամասնությունը՝ մայիսին 58, այժմ 55 տոկոսը, դեռեւս տարբերություն չի նկատել:

Սպասելիքների առումով ընդհանուր լավատեսությունը պահպանվում է, բայց հատկանշական է նաեւ, որ սոցիալ-տնտեսական հարցերն ու աշխատատեղերի ստեղծումն առաջնահերթություն համարողների քանակը նույնպես աճել է:

Սպասելիքների ավելի լայն շրջանակ հաշվի առնելու դեպքում նկատելի է նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարն ու զարգացման ընդհանուր ընթացքը մեծ մասամբ դրական են գնահատվում, սակայն հարցվածների 60 տոկոսը դեռեւս ակնկալիք ունի, որ խոստացված անցումային արդարադատությունը կիրականացվի, իսկ ճնշող մեծամասնությունը՝ 82 տոկոսը առաջնահերթություն է համարում դատաիրավական բարեփոխումները:

«Քաղաքականության հետազոտական կենտրոնի» փոխնախագահ Արմեն Գրիգորյանը

Վեթինգից ու դատաիրավական բարեփոխումներից զատ, այլ արագ լուծում պահանջող, սակայն դեռեւս չլուծված խնդիրների շարքում հնարավոր է նշել սահմանադրական բարեփոխումները, նոր ընտրական օրենսգրքի ընդունումը՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելով, ապօրինի հարստացման դեմ ուղղված, լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունն ապահովող, իրավապահ մարմինները խորհրդարանին հաշվետու դարձնող եւ դրանց ղեկավարման եղանակը փոխելով բարեփոխումը հնարավոր դարձնող, ինչպես նաեւ մի շարք այլ օրենքների ընդունումը:

– Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում իշխանությունների գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք: Հայաստանը հարեւան պետությունների եւ գործընկեր պետությունների հետ համագործակցությունը ճի՞շտ ուղով է տանում:

– Եթե խոսենք այն հարեւանների մասին, որոնց հետ բնականոն հարաբերություններ կան՝ սկսած դիվանագիտական հարաբերություններից, ապա նորմալ զարգացումներ են տեղի ունենում՝ երրորդ երկրների դերի հետ կապված որոշ վերապահումներով: Այսպես, Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում դինամիկ զարգանում են: Սակայն ժամանակ առ ժամանակ որոշակի պարբերականությամբ ի հայտ են գալիս անհիմն սպասումներ. նկատած կլինեք, որ ինչ-որ վրաց-ռուսական բանակցություններից հետո պարբերաբար հայտնվում են վերլուծական հոդվածներ ու հարցազրույցներ՝ աբխազական երկաթուղու մոտալուտ վերաբացման մասին, եւ մեդիադաշտն ու սոցցանցերը սկսում եմ ցնծալ, արդյունքում, բնականաբար, ոչինչ չի ստացվում: Այդ անիմաստ աղմուկը հայ-վրացական հարաբերությունների համար օգտակար չէ:

Իրանի հետ հարաբերությունները եւս բնականոն կերպով զարգանում են, սակայն, մասնավորապես, էներգետիկ ոլորտում համագործակցությանը խոչընդոտող երրորդ կողմի գործոնի առկայությունն էլ գաղտնիք չէ:

Ռուսաստանի հետ, կարծես թե, գտնվել է հարաբերությունների որոշակի հավասարակշռված վիճակ, Հայաստանի համար առանցքային՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պահպանմամբ: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակում մյուս գործընկերներին, թերեւս ունենք այն, ինչ ունենք. «այլ գրողներ ձեզ համար չունեմ»:

– Շատ է խոսվում ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում հնարավորություններից ոչ լիարժեք օգտվելու մասին: Հայաստանը, մասնավորապես, ի՞նչ ուղղություններով կարող է նախաձեռնողական քաղաքականություն վարել:

– Նախաձեռնողական քաղաքականության օրինակ էր վերջերս Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում Արեւելյան գործընկերության 3+1 ձեւաչափի հաստատումը՝ ինչը, բնականաբար, երկարատեւ նախապատրաստական աշխատանք է պահանջել: Այդ կերպ հավաստելով, որ Հայաստանը պատրաստ է Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի պես ընդունել եվրոպական չափանիշները մի շարք ոլորտներում ու համապատասխանեցնել օրենսդրությունը, եւ առաջ է անցել Արեւելյան գործընկերության մյուս երկրներից, պետք է պահպանել նախաձեռնությունը՝ զարկ տալով ոլորտային բարեփոխումներին ու, մասնավորապես, օգտվելով եվրոպացի փորձագետների աջակցությունից:

Միաժամանակ անհրաժեշտ է ցուցաբերել նախաձեռնություն՝ 3+1 ձեւաչափն օգտագործելով ոչ միայն Վրաստանի, այլեւ մյուս ասոցացված երկրների հետ երկկողմանի հարաբերությունները բազմակողմանիորեն զարգացնելու համար՝ այդ թվում այդ երկրների հետ հարաբերություններում առկա բացերը լրացնելով եւ դիսբալանսը վերացնելով:

ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես չիրականացված հնարավորություններ կան՝ թե քաղաքական, թե տնտեսական ոլորտներում, մասնավորապես՝ կապված ներդրումների հետ: Այստեղ նախաձեռնողականության պակասն առավել ակնհայտ է: Այն կարող է մասնակիորեն պայմանավորված լինել ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգի երբեմն անկանխատեսելի քաղաքականությամբ, սակայն, հավանաբար, հիմնական խոչընդոտն, այնուամենայնիվ, զգուշավորությունն է՝ Ռուսաստանի հնարավոր վերաբերմունքի պատճառով: Այս առումով ավելի ընդարձակ համատեքստում կարելի է նաեւ հիշատակել Սիրիայում հայկական զորախումբ ունենալն ու Վրաստանում ՆԱՏՕ-ի վարժանքներին մասնակցելուց հրաժարվելը:

Նախաձեռնության որոշակի դրսեւորում էր նաեւ Իսրայելում դեսպանատուն բացելու մասին որոշումը, որոշ այլ քայլեր եւս:

– Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Ձեր կարծիքով` ի՞նչ քայլեր պետք է արվեին, որ չեն արվել, եւ ինչպե՞ս, օրինակ, պետական ողջ համակարգից հնարավո՞ր է հրաժարվել: Կամ՝ շատ է խոսվում համակարգային փոփոխությունների մասին: Իշխանության կողմից նման քաղաքականություն, ձեր կարծիքով, իրականացվո՞ւմ է:

– Ողջ համակարգից հրաժարվելու խնդիր, բնականաբար, չի դրվել: Խնդիրն այն է, որ ինչպես արդեն նշել էի, համակարգը բարեփոխելու ուղղությամբ արագ ու ինչ-որ չափով ավելի կտրուկ քայլեր պետք է կատարվեին: Խնդիրը թե ժամանակին անհամահունչ օրենսդրությունն ու որոշումների կայացման մեխանիզմներն են, որոնց պատճառով հրատապ հարցերն օրերի փոխարեն ամիսների ընթացքում են լուծվում, կամ առհասարակ չեն լուծվում, իսկ միջին օղակի ինչ-որ պաշտոնյա կարող է հայտարարել, որ «ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է», «փաստաթղթերով նորմալ է» եւ այլն, թե բազմաթիվ պաշտոնյաների հին կարգերից կառչելու, նաեւ իրենց նախկինում այդ պաշտոններում տեղավորածների նկատմամբ հավատարմությունը:

Սա հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ հետեւողական համակարգային փոփոխություններ դեռ չեն իրականացվել: Քանի որ խնդիրը բնութագրելը լուծում փնտրելու առաջին քայլն է, վարչապետի հայտարարությունը թեկուզ ուշացած, բայց դրական քայլ էր: Մնում է հուսալ, որ այն անհետեւանք չի մնա՝ ինչպես վեթինգի կամ այլ կտրուկ քայլերի մասին նախկին հայտարարությունները:

– Նախկին իշխանության ներկայացուցիչները սկսել են խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Որքանո՞վ է իրատեսական նման հեռանկարը:

– Բնական է, որ մինչ այժմ տիրապետելով խոշոր ֆինանսական ու մեդիառեսուրսների, նրանք պետք է ապատեղեկատվությամբ, քարոզչությամբ, եթե հարկ լինի՝ ահաբեկմամբ, փորձեն հասնել ապակայունացմանն ու ռեւանշին: Այլ դեպքում իրենց պարագլուխների դատապարտվելուց հետո այդ ուժերը մինչեւ հաջորդ ընտրություններն այլեւս գոյություն էլ չեն ունենա:

– Գալիք տարում նոր քաղաքական միավորումների ստեղծման հեռանկարներ են նշմարվում: Մի կողմից ստեղծվում են միավորումներ, որոնք ձգտելու են պաշտպանել հեղափոխությունը, մյուս՝ արմատական ընդդիմադիր դաշտը զբաղեցնում են նախկին իշխանությունները: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները հենց նախկինների համախմբումից են առավելապես անհանգստացած:

– Եթե իրոք անհանգստացած են, բարեփոխումների ընթացքը պետք է կտրուկ արագացնեն: Բացի այդ, բազմաթիվ քրեական գործերի քննությունն ու նորերի հարուցումն է անհիմն կերպով ձգձգվում:

– ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումից հետո Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ Սպիտակ Տունը չի փոխել իր դիրքորոշումը: Ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Վաշինգտոնում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Սենատում ընդունված բանաձեւը ամերիկյան վարչակազմի հետագա քաղաքականության վրա: Վաշինգտոնն ու Անկարան կարո՞ղ են համաձայնության գալ, թե՞ այդ հարաբերությունները դեռ երկար կմնան լարված:

– Հետագա ընթացքը կախված է Էրդողանի գործողություններից, դժվար է կանխատեսել՝ արդյոք նա զիջումների կգնա, թե կփորձի «խաղադրույքները բարձրացնել»՝ ամերիկյան ռազմակայանների հարցով, կամ թեկուզ ասիմետրիկ կերպով՝ դեպի ԵՄ գաղթականների նոր հոսք ուղղորդելով կամ այլ կերպ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 25.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031