«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդության քննությունը կշարունակվի վաղը առավոտյան:
Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էր իր պաշտպանյալի ձերբակալման մասին որոշումը: Արմեն Թավադյանը երեկ ժամը 14:00-ին Մաշտոցի պողոտայից ՀՔԾ բերման էր ենթարկվել, այնուհետեւ ձերբակալվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու ձերբակալման որոշման բողոքի քննությունից Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ. «Որոշում դեռեւս չի չկայացվել, ձերբակալության բողոքի քննության նիստը սկսելու պահին ՀՔԾ քննիչը ներկայացրել է կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն, մեր բողոքի մասով ընթացակարգը սպառել ենք, ձերբակալության մասով քննարկումը եղել է, վաղը առավոտյան 11-ին կշարունակվի կալանքի վերաբերյալ միջնորդության քննությունը»: Փաստաբանի խոսքով՝ դատավորից ժամանակ են խնդրել ծանոթանալու քննիչի միջնորդության հիմնավորումներին, որ կարողանան առարկել:
Պարոն Խուդոյանի խոսքով, որեւէ պարզաբանում չեն ստացել, թե ինչ արարքի համար է իր պաշտպանյալը ձերբակալվել: Ինչ վերաբերում է Թավադյանի տան խուզարկությանը՝ փաստաբանն ասաց, որ ինքն էլ է մասնակցել , տնից տարվել են նյութական արժեքներ, դրամական միջոցներ, որոնք գործի հետ բացարձակ կապ չունեն, եւ իրենք պատրաստվում են այդ գործողությունները բողոքարկել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ