Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ՝ Գյումրու նոր ավտոմաքսատանը գիշերային ժամերին հերթ վաճառելու մասին

Դեկտեմբեր 25,2019 19:50

Այսօր Aravot.am-ին էր ահազանգել մեքենա ներկրած մի քաղաքացի՝ դժգոհելով, որ գիշերային ժամերին սարսափելի իրավիճակ է ստեղծվում Գյումրու նոր ավտոմաքսատուն տանող ճանապարհին։

Ըստ քաղաքացու, գիշերը ժամը 3-ից սկսած հերթ են վաճառում ու դրան նպաստում են տարածքը հսկող ոստիկանները։

«Ես ահազանգում եմ ձեզ՝ խիստ մտահոգված, քիչ էր մնացել գիշերը մարդասպանություն լիներ։ Ես մաքսազերծելու էի ընդամենը մեկ մեքենա, իմ սեփական մեքենան․ մեքենա ներկրող չեմ․ գիշերվա 2-ի մոտ հերթ էի կանգնել, բայց երևի մի 200-300 մեքենա ինձանից հետո եկան, քիչ անց նայում եմ այդ մեքենաները չկան։ Ասում եմ՝ ո՞ւր անհետացան, տեսնում եմ փողոցի վերևով առանձին գիծ են ձևավորել, ոստիկանները նրանց հավաքում են իրար գլխի ու առավոտ 9-ին՝ հոպ, ներս են մտցնում մաքսային հսկողության տարածք։ Իսկ մենք՝ ինչպես կանգնած ենք, այդպես էլ մնացել ենք ։

Ի դեպ, կան գործ անողներ, դռները բացում են ու առաջարկում ՝ ուզո՞ւմ ես հերթդ առաջ գցեմ։ Դուռս բացեցին, մտածեցի մարդ են, բան են հարցնում, բայց պարզվում է՝ առաջարկ ունեն։ Գիտեք՝ իմ ասածը ստուգելը դժվար չէ, գիշերը 3-ից սկսվում է իմ ասած պատմությունը, ով գա, ակնհայտ կտեսնի։ Ընդամենը մի օր կանգնեցի, սաղ տեսա։

Հասնում են մաքսատան խաչմերուկի մոտ, որտեղ ոստիկանները իբր կարգ են պաշտպանում, այդտեղից բոլորը մտնում են առանց հերթի։ Էլի եմ ասում՝ գիշերը ժամը 2-ից կանգել եմ, բացարձակապես մեքենան առաջ չի գնացել, ենթադրում եմ, որ ոստիկանների հետ համաձայնության գալով են՝ հերթը խախտում։ Մարդիկ քիչ մնար սպանեին իրար, անտերության է մատնված։

Ես իրոք վախենում եմ, որ մարդասպանություն կլինի, մի տարեց մարդ քիչ էր մնացել մի ջահել տղայի ծեծեր, ձեռքերն ենք բռնել, ոստիկանները՝ կողքերս կանգնած, բացարձակ պետքերը չէր։ Հերթ խախտելու մի տարբերակ էլ կա՝ մեկ էլ տեսնում ես՝ մեկը ոտք կախ է գցում, մի երկու-երեք մեքենայի տեղ է բացում, հոպ՝ այդ մեքենաները գալիս ու հերթը խախտելով, առաջ անցնելով՝ կանգնում են։ Որ ոստիկաններին ասում ես՝ կարգ պահեք, ասում են՝ դուք կարգ պահեք։

Եթե այսպես շարունակվի, չգիտեմ ինչ կլինի, անտերությա՞ն է մատնված էս երկիրը։

Ինձ թվում է, որ այս պատմությանը վերջ կդրվի այն դեպքում, եթե հերթը աջ թևի վրա լինի ՝սովորական ընթացքով, մի գծով, ասենք Մուսայելյան փողոց, Կայարան, Ղանդիլյան փողոց ու դեպի Թբիլիսյան խճուղի։ Եթե մի գծով գան, բոլոր օյինբազությունները կվերանան։ Ես Երևանից եղած տղեքին հարցրեցի, ասացին հերթի այս ձևը՝ ցաքուցրիվ, հակառակ ուղղությամբ, Երևանից է գալիս, այնտեղ է այդպես եղել, երևի ոստիկաններն այս ձևով են արել իրենց բիզնեսը։

Իսկ եթե աջ գծով հերթը ընթանա, ենթադրենք Վանաձորից է եկել, հերթը որտե՞ղ է, ասենք տվյալ պահին կայարանում է վերջին մեքենան, թող գնա կայարան հերթ կանգնի, կայարանից Ղանդիլյան փողոցով գա Խանջյանի խաչմերուկ, դառնա Թբիլիսյան խճուղի, հետո հասնի մաքսատուն, այնտեղ եթե ընդամենը մի ոստիկան հսկի ու հերթով մեքենաները բաց թողնի, լրիվ հերիք է։ Հարցը լրիվ կկարգավորվի»,-առաջարկեց մեզ ահազանգող քաղաքացին։

Քիչ առաջ էլ մաքսատան ավտոհերթին անդրադարձել էր նաև Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում նաև լուսանկարներ էր հրապարկել ավտոհերթից։

«Ոստիկանությունը հրատապ անելիք ունի մաքսատան հերթը կարգավորելու համար

Այսօր Գյումրու մաքսատան ավտոհերթը երեւի ամենաերկարներից էր՝ Թբիլիսյան, Բարոնյան, Դանիելյան փողոցներով մոտ 2 կմ: Պարզվեց մի շարքից բացի, դեմն այլ շարք էլ կար, ոստիկանների սահմանածով առաջին շարքն էր օրինական հերթ:

Երկրորդ շարքից բացի նրբանցքներում էլ կային ավտոհերթեր, որոնցից պարբերաբար մտնում էին հիմնական հերթ:

Որքան հերթը մոտ էր մաքսատանը, այնքան վեճերը թեժ էին հերթ մտնել փորձողների ու չթողնողների միջեւ, դրանք թեժ էին, մի անգամ էլ ես միջամտեցի:

Ոստիկանական մեքենաները հսկում էին միայն մաքսատան մուտքի մոտ: Ընդհանուր առմամբ երեւի 3 ժամ եղել եմ այդտեղ ու անցուդարձ եմ արել հերթի երկայնքով (այլ գործի բերումով), եղել եմ այդ փողոցներում առավոտյան ժամը 10-ից մինչեւ 19:30-ը: 4 անգամ վարորդներ մոտեցան, հիմնականում գյումրեցի, ու բողոքեցին, որ այսինչ գյումրեցիք, տվեցին անունները, գիշերվանից հիմնական հերթում կանգնածներից ոմանց համոզել եւ փողով՝ 3000-5000-ական դրամ, նոր հերթ են խոստացել, կամ հերթը առաջ են գցել եւ այդպես գոյացել է զուգահեռ հերթը, որոնց մեքենաները հիմնական հերթի մեքենաներին զուգահեռ ոստիկանությունը ներս է թողել մաքսատուն:

Մարդիկ լուրջ պնդում էին, որ ոստիկանները դա անում էին փողով: Գուցե այդպես չէ, բայց, քանի որ հիմա էլ դեռ հերթը չի նվազում ու բազմաթիվ վարորդներ մնալու են մեքենաներում, լուսացնելու են ու շատ են չարչարված, ոստիկանությունը պարտավոր է հերթի ամբողջ երկայնքով հսկողություն սահմանել և վճռականորեն խափանել բոլոր այսօրինակ այլանդակությունները: Այլապես իսկապես դառնում է հանցակից:

Գյումրեցիներին կոչ եմ անում՝ ով հնար ունի, թեյ-բան հասցրեք հերթերում տանջվող վարորդներին: Մաքսատունն իսկապես լավ է աշխատում, բայց ավտոմեքենաների ներհոսքը ֆանտաստիկ ծավալներ ունի»,-գրել է Լևոն Բարսեղյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031