Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Ձեր տված խոստումները հերթով 5-ամյա ծրագրից հանում եք»

Դեկտեմբեր 25,2019 19:30

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկման էր դրվել Երեւանի 5-ամյա զարգացման ծրագրում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քննադատեց այս նախագիծը, եւ հայտարարեց «Լույս»-ը դեմ է քվեարկելու:

Խաժակյանը հերթով ներկայացրեց այն կետերը, որոնք զարգացման 5-ամյա ծրագրից հանվել են, օրինակ՝ «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման եւ արդիականացման ծրագիրը, որը պետք է իրականացվեր մասնավոր ընկերությունների ներգրավմամբ. «Հիմա այս ծրագիրը հանվել է, եւ որպես մեկնաբանություն գրվում է՝ «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման եւ արդիականացման ծրագիրը դիտարկվում է որպես ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ այս նախադասությամբ մեզ ասում են, որ սա խոչընդոտող հանգամանք է: Բա մետրոն էլ է ներդրումային ծրագիր, 5-ամյա ծրագրում ինչ գրված է՝ ներդրումային է։ Հիմա սա ինչո՞ւ եք հանել։ Թե՞ պնդում եք, որ կանեք:

Հաջորդը՝  ծրագրից հանվել է աղբահանության բաց եւ թափանցիկ մրցույթի միջոցով նոր կամ 2-րդ օպերատոր ներգրավելու մասին կետը: 1 տարի խոսեցինք այն մասին, որ լավագույն տարբերակը 2-րդ օպերատոր ներգրավելն է, մրցակցություն ապահովելն է։ 2019 թվականի մեկամյա զարգացման ծրագրում կար, դուք էլ ասում էիք, որ սա շարունակում է ձեզ համար մնալ ցանկալի տարբերակ։ Հիմա ձեր տված խոստումները հերթով բերում եք, 5-ամյայից հանում եք ու ասում եք, որ, գիտեք ինչ, նշված կետը վերաձեւակերպվել է, ներառվել է 2019-23 թվականներում,  եւ այդ աշխատանքը կիրականացնի «Երեւանի աղբահանություն-սանիտարական մաքրում» հիմնարկը: Հիմա էլ դուք եք մոնոպոլիա սահմանում, ընդ որում՝ մի մոնոպոլիա, որն ավելի լավը չէ, քան մասնավորինը, որովհետեւ մասնավորից երբ որ գողանում են, այն մասնավորի խնդիրն է, նրանք մի բան կանեն, բայց երբ որ գողանում են համայնքից, արդեն անհասկանալի  բաներ են տեղի ունենում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Խաժակյանը նաեւ ասաց՝ իշխող ուժի ներկայացրած այս փոփոխություններն իրենց տված  խոստումների նկատմամբ շատ վատ դրսեւորում է.««Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկելու, որովհետեւ դրանից հանել եք կարեւոր ճանապարհաշինական ծրագրեր: Ժողովուրդը խոսում է, որ քաղաքը ծանրաբեռնված է, նոր մեքենաներ են եկել, դուք էդ փողը փոխանակ ուղղեք՝ նոր ճանապարհներ կառուցեք, նոր ստորագետնյա, վերգետնյա ավտոկայանատեղիներ կառուցեք, սա ծրագրից հանել եք»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Իմ քայլ»-ից Գայանե Մելքոմ-Մելքոմյանն էլ Խաժակյանի հնչեցրած մտահոգություններին ի պատասխան հիշեցրեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքն, ըստ որի, Երեւանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում՝ քաղաքապետը կարող է նախաձեռնել Երեւանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում. «Ի՞նչ է ասում պարոն Խաժակյանը. ասում է՝ առաջին հերթին ՏԻՄ օրենքով այդ դրույթը չեք կատարում, որովհետեւ հաշվետվությունից հետո չէ, որ փոփոխություն եք նախաձեռնում, այլ հիմնվում եք Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի դրույթին: Ճիշտ է ասում պարոն Խաժակյանը: Այդ դրույթն ասում է՝ եթե խոչընդոտներ են ի հայտ գալիս, կարող են փոփոխել: Դրանք իրար չեն հակասում, երկու տարբեր դրույթներ են, երկու տարբեր հնարավորություններ: Թերեւս, եթե մենք ամեն մի փոքրիկ փոփոխություն առանձնացնենք եւ վերլուծենք, գուցե որոշների դեպքում համարենք, որ խոչընդոտը որոշակիորեն սուբյեկտիվ է: Բայց այստեղ կարեւոր է վերլուծել օրենքի էությունը»:

Գայանե Մելքոմ-Մելքոմյանը նշեց՝ տեղական իշխանությունն ընտրվելուց առաջ ներկայացնում է նախընտրական ծրագիր. «Եւ, տրամաբանորեն հնգամյա ծրագիրը պետք է պարունակի այդ տեսլականը, որ հինգ տարվա ընթացքում, ըստ մեր խոստումների, ըստ մեր հայտարարությունների մենք ինչի ենք փորձում հասնել: Բնականաբար, անթույլատրելի կլինի, եթե ընտրվելուց հետո պարբերաբար այդ հիմնական փաստաթղթի մեջ կատարվեն փոփոխություններ: Այսինքն, նպատակն այս դրույթի՝ հնարավորություն չտալն է, որ ընտրված քաղաքապետը, ավագանին անընդհատ լուրջ փոփոխություններ կատարեն իրենց ծրագրում, եւ գուցե մի օր հանգեն մի ծրագրի, որը բացարձակ կապ չունի այն ծրագրի հետ, ինչի հիման վրա իրենք ընտրվել են: Արդյոք հիմա դա է կատարվում: Իմ գնահատմամբ՝ ոչ: 5-ամյա ծրագիրը պետք է պարունակի ընդհանրական զարգացման տեսլականն ու ուղղությունները պարունակի, բայց կետային՝ այստեղ այսինչ հանգույցն ենք կառուցելու, այստեղ այսինչ բանն են կառուցելու՝ տրամաբանական չէ հինգ  տարի առաջ կանխատեսել եւ այդ մանրուքներով ներառել ծրագրում»:

Ավագանու անդամն ասաց, որ այս տեսակ փոփոխությունը ծրագրում առաջին անգամ է եւ հիմնավորումները վերաբերում են ծրագրում տեղ գտած դրույթների վերագնահատման արդյունքներին. «Մեզ ասում են՝ որոշ փոփոխություններ անելով, որոշ կետեր հանելով՝ ավելի արդյունավետ ծրագիր ենք ներկայացնում: Օրինակ՝ տրանսպորտի ոլորտում ավելի արդյունավետ ցանց ենք նախատեսում: Սրան ընդդիմանալը ճի՞շտ է, ասելով՝ չէ,  օրենքը սա է նախատեսում, խիստ ֆորմալ մեկնաբանություն ենք տալու, ասելու ենք՝ մի փոփոխեք, արեք պակաս արդյունավետը: Սա ճիշտ չէ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031