«Երբ երկրի նախագահը բացահայտ ապօրինի անազատության մեջ է, հասարակության մի փոքր հատված ատելությամբ, ոչ մարդկային կրքերով է լցված, երբ ժամանակավոր, բայց վտանգավոր իշխանության գործը ոչ թե ներկայում է, այլ անցյալում, մենք պարտավոր ենք առաջ նայել՝ խաղաղ, վստահ, առանց չարության, ինչպես գործել է նախագահ Քոչարյանը»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը:
Նա, դիմելով Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին, հայտարարեց. «Ես ձեզ այդպես ապրելու կամք ու տոկունություն եմ մաղթում: Ձեր տեսակն է պետության ու հասարակության առանցքը: Մենք հաղթելու ենք, քանի որ արդարության համար ենք պայքարում, ուժեղ կազմավորված Հայաստանի համար ենք պայքարում, պայքարում ենք հաղթանակած նախագահի համար: Դուք մեր երկրի ճակատագրի մասն եք, վաղվա հաղթանակի սկզբնավորողը: Դուք բացառիկ օրինակ ունեք. Ռոբերտ Քոչարյանի օրինակը: Նա միշտ հաղթել է. հաղթելու է նաև այս անգամ: Սա ճակատագիր է. ուժեղ ու արդար եղեք ճակատագրով. մենք դատապարտված ենք ազատության և հաղթանակի: 2020-ին մենք շատ գործ ունենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ