Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանտից լացակումած զանգեց եղբայրս, նույն պահանջն ասաց Վանեցյանը». Պավլիկ Մանուկյանի աղմկոտ բացահայտումները

Դեկտեմբեր 25,2019 18:02

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ որոշ դրվագներ բացահայտելով 2016թ.-ին տեղի ունեցածից: Նրա խոսքով՝ երբ իրենք արդեն գրավել էին ՊՊԾ գունդը, ոստիկանները ոտքով կոտրել են իր տան դուռը, ներխուժել ու տունը տակնուվրա արել. «Թե ինչ են տարել, մինչեւ հիմա պարզ չի: Ազգային հերոս Պետրոս Ղեւոնդյանի նկարը ճմրթած՝ հատակին նետված էր: Նկարիչն էստոնացի Ֆելիքսն էր՝ մեր մարտական ընկերը: Հարեւանների օգնությամբ դուռը նորոգվել է: Երեք օր անց նորից են գալիս ոստիկաններն ու աղջկաս եւ կնոջս ասում՝ «Պավել Մանուկյանին հորդորեք զենքը վայր դնել»: Աղջիկս պատասխանում է՝ «գնացեք ձեր Սերժին հորդորեք հեռանալ ՀՀ-ից, դա ողջ ժողովուրդն է պահանջում»:

Այդ պահին, ինչպես Պավլիկ Մանուկյանը պատմեց, իր փոքր եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանը, իր բնորոշմամբ, շինծու գործով գտնվելիս է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. «Բանտից զանգում է լացակումած եւ խնդրում, որ ոստիկաններից մեկին բաց թողեմ… այդ ձայնագրությունները կան, հանեք-բերեք: Եղբայրս ասում էր՝ «ինձ այլ բան չի մնում, կխեղդեն, կկախեն, այդ ոստիկանին պետք է բաց թողեք՝ Գառնիկ եսիմինչյան»… Եղբորս զանգից անմիջապես հետո ինձ զանգում է Վանեցյանը (այդ ժամանակ դեռ ԱԱԾ պետ չէր.,-խմբ.)՝ նույն պահանջով»:

Հիշեցնենք՝ մամուլում գրվել էր այն մասին, որ պատանդառված ոստիկաններից մեկին խմբի անդամները բաց էին թողել, քանի որ նա պատրաստվում էր ամուսնանալ: Պավել Մանուկյանն այդ մասին ասաց. «Հետաքրքիրն այն է, որ այդ տղան ինձ խաբեց ու ասաց, թե նշանված է: Հաշվի առնելով դա՝ տղաների հետ քննարկեցինք, միայն նրա համար, որ նշանված էր: Ես հանուն հեղափոխության պատրաստ եմ ցանկացած զոհողության, այդ թվում՝ եղբորս: Այդ հիմարը Սերժին ձայն էր տվել: Բայց, քանի որ այդ տղան նշանված էր, ճանապարհելիս ասացի՝ մեր փայ երջանկությունը քեզ, բայց ճիշտ ապրիր: Դրա ձայնագրությունն էլ կլինի»:

Պավլիկ Մանուկյանը հավելեց՝ այդ ժամանակ պետությունն արել է նվաստացուցիչ քայլեր՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ընտանիքների միջոցով ճնշելու համար, անգամ այն բնակարանի տիրոջը, որտեղ իր ընտանիքը վարձով է ապրել, ստիպել են դստերն ու կնոջը դուրս հանել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031