«Լավատեսությունը գալիս է նրանից, երբ ունես վստահությունը, որ ոչ մի սխալ բան չի արվել, մենք հո ներսից գիտենք՝ մեղադրանքների փուչ, ջուր լինելը: Լավատեսությունը գալիս է նրանից, որ ի վերջո այս կեղծիքն ինչ-որ տեղ ավարտվում է»,- Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ որտեղի՞ց Ձեզ այս լավատեսությունը, այսպես պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը:
Նա նշեց՝ հնարավոր է ինչ-որ ժամանակ խաբել, մոլորեցնել, մարդկանց, բայց դա երկար կյանք ունենալ չի կարող. «Այս հստակ, կեղտոտ հարձակումները, իշխանության կողմից ուղղորդվող այս արշավները մեր աջակիցների դեմ, մեզ սատարող մարդկանց դեմ, նրանց դեմ, որոնք կողմ են արտահայտվել իրավական պետություն ունենալուն, արդար դատավարությանը, վկայում են այն մասին, որ գործ ունենք մի իշխանության հետ, որ ոչնչի առաջ չի ուզում կանգնել: Չնայած իրենց այս գործելաոճին՝ այսքան մարդու միանալը, մեզ աջակցելը, նաև դա է հույս տալիս»:
Հարցին՝ ինքն ազատ կարողանո՞ւմ է շրջել Երևանի փողոցներում, թեկուզ տրամադրության փոփոխություն չի՞ նկատել մարդկանց կողմից, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ամենայն անկեղծությամբ, ես երբեք Երևանի փողոցներում կամ որևէ տեղ չեմ շրջել թիկնապահներով, երբեք չեմ ունեցել թիկնապահ, դրա խնդիրը չեմ ունեցել: Մենակ, իմ բալիկների, կնոջս հետ քայլել եմ Երևանի փողոցներում առանց թիկնապահի: Ինչի՞ մասին է խոսքը. երբեք նման խնդիր չեմ ունեցել, հիմա՝ առավել ևս: Մեզ հուսադրում է այն, որ նույնիսկ մարդիկ կարող են ինձ մոտենալ և ներողություն խնդրել, վատ զգալ, որ ինչ- որ ժամանակ հիմարությունների, կեղծիքի նկատմամբ եղել է հավատամք: Այս ամենը հույս է տալիս, որ հետևողականորեն տանենք նույն գիծը, և միանշանակ՝ այն ունենալու է հաջողություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ