Այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն հայտարարությունն, ըստ որի, քաղաքապետարանը Կամազներ չի ստացել, այլ՝ դրանց փոխարեն գումար է ստացել:
«Ոչ մի կերպ ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները տրվել են հենց նվերների տեսքով»,-ասաց քաղաքապետը:
Մարությանը հորդորեց՝ եթե կան նման փաստեր, ապա թող հրապարակեն:
Իր դեմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հարուցված վարույթի մասին էլ քաղաքապետն ասաց. «Ինձ համար ցավալի փաստ է, որ Հայաստանում դաշտն այս վիճակում է, որովհետեւ այստեղ երկու գործոն կա, մեկը կապված է լրատվամիջոցների հետ, մյուսը՝ կոռուպցիայի դեմ պայքարող նորաստեղծ հանձնաժողովի հետ: Հանձնաժողովը կարող էր ընդամենը 3 հազար դրամ վճարել եւ պետռեգիստրով տեսնել, որ ես այդ ընկերության տնօրեն չեմ եղել»:
Կարդացեք նաև
Մարությանն ասաց. «Ինձ մոտ տպավորություն է, որ էս երկրում բոլոր կոռուպցիոներներին բռնել ենք, բոլորը նստած են, հիմա զբաղվում ենք այսպիսի հարցերով»: Քաղաքապետը այս գործընթացում հատուկ միտում չի տեսնում, բայց շեշտեց՝ նշված հանձնաժողովի նախագահի թեկնածությունն առաջադրել էր «Լուսավոր Հայաստանը»: Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ Մարությանը խախտել է օրենքը եւ քաղաքապետի պաշտոնում լինելով զուգահեռ՝ նաեւ «Երկուսուկես» ՍՊԸ-ն է ղեկավարել: Չնայած, քաղաքապետարանը, ըստ Մարությանի, հիմնովին հերքել էր այս տեղեկությունը, սակայն հանձնաժողովը վարույթ է հարուցել:
«Ջերմուկ գրուպ»-ից նվիրատվություն ստանալու մասին էլ Մարությանն ասաց՝ չեն ստացել, երբ կստանան՝ կհայտարարեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ