Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե մենք ասֆալտին պառկել, ավտոբուսի տակ ընկել չգիտենք, բայց Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նրա պես գովազդվել չսիրող մարդիկ են». Վիկտոր Սողոմոնյան

Դեկտեմբեր 25,2019 16:49

«2005-ից աշխատել եմ նախագահ Քոչարյանի հետ, և իր պաշտոնավարման վերջին 2-3 տարիներին մշտական վեճ ենք ունեցել իր հետ: Երբ մի նոր նախագիծ էր արվում՝ ճանապարհ էր սարքվում Գյումրիում, հսկայական ծավալներ էին հանձնվում, դպրոցաշինություն, օդանավակայան և այլն, ասում էի, պարո՛ն նախագահ, թույլ տվեք՝ սա գովազդենք. սկզբից պատմենք, որ նման նախագիծ կա, հետո ընթացքը ցույց տանք, հետո որակյալ մի նյութ պատրաստենք: Մեծապես թույլ չի տվել դա անել: Նա ասում էր՝ նախ գովազդվել չեմ սիրում, հետո վստահ եմ՝ մարդիկ տեսնում ու գնահատում են»,- Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, երբ իր ձևակերպմամբ՝ այս տխրահռչակ քաղաքական հետապնդումը սկսվեց, մտածել է, թե Ռոբերտ Քոչարյանը սխալվել է՝ մարդիկ այդքան էլ չեն հիշում, բայց որ հիմա մթնոլորտ է փոխվում, հասկանում է, որ մարդիկ տեսնում ու գնահատում են:

Վիկտոր Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Քոչարյանի բոլոր աջակիցներին և հայտնեց, որ արդեն ունեն 60 հազար ստորագրություն, իսկ Արցախում հավաքվել է շուրջ 12 հազար ստորագրություն:

Նա հայտարարեց, որ օրերս կոտրվեց ամենամեծ առասպելը, որը տարիներ շարունակ կոնկրետ քաղաքական ուժեր, որոնցից իր ձևակերպմամբ՝ ամենավառ ներկայացուցիչն այսօր ղեկավարում է Հայաստանը, սփռում էին այն մասին, որ նախագահ Քոչարյանն արժանի չէ հասարակության սիրուն: Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ 60 հազար ստորագրությունները և մշակույթի, արվեստի գործիչների հայտարարությունը կոտրեցին այդ առասպելը: Նա բոլորին շնորհակալություն հայտնեց և անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին՝ ասաց. «Գուցե մենք լավ հռետորներ չենք, գուցե միտինգներ կազմակերպել չգիտենք, գուցե մենք ասֆալտին պառկել չգիտենք, ավտոբուսի տակ ընկել չգիտենք, այո, չգիտենք, բայց նախագահ Քոչարյանի աջակիցը գուցե այլ կերպար ունի, քան կարող ենք պատկերացնել. դա մեծապես աշխատասեր, իր աշխատանքում նշանակալի հաջողությունների հասած, Ռոբերտ Քոչարյանի պես գովազդվել չսիրող, սկզբունքային մարդիկ են»:

Դիմելով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին, որը ձերբակալված է, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Դու չէիր կարող հակաօրինական քայլ անել, Արմեն ջան, շատ սպասում ենք, քանի որ առանց քո ներկայության մեր հավաքները կիսատ են»:

Եզրափակելով Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ դեռ շատ աշխատանք ունեն անելու, և պայքարը, որ սկսել են, ոչ ոք չի պատրաստվում կիսատ թողնել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031