Լրահոս
Օրվա լրահոսը

Էրիկ Գրիգորյանից հարցրին՝ վերջապես ի՞նչ է որոշվել, Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ

Դեկտեմբեր 25,2019 16:28

Այսօր տարին ամփոփելու համար ասուլիս հրավիրած Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ վերջապես ի՞նչ է որոշվել Ամուլսարի հանքի շահագործման մասին, աշխատելո՞ւ է հանքը, թե՞ ոչ:

Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ քննչական մարմնում դեռեւս գործն ընթանում է ։ Նախարարի խոսքով, ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարեւորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերեւույթ դեպքի առթիվ:

«Այն 13 կետը, որոնք մենք ներկայացրել ենք, հիմնականում քննարկվում է այդ քննչական գործի շրջանակներում»,-ասաց Էրիկ Գրիգորյանը նշելով, որ կազմակերպությունները ներկայացրել են մի տվյալներ, պետական լիազոր մարմինները կամ գիտական կառույցները ներկայացրել են այլ տվյալներ եւ հիմա այդ ողջ տեղեկատվությունն ուսումնասիրվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե ի՞նչ ընթացք են տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ամուլսարի հանքի բացման դեմ արշավը հովանավորում են հանքարդյունաբերական այլ ընկերություններ եւ որոշ բնապահպաններ այդ ընկերություններից հովանավորվում են, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Կան տարբեր անհատներ, որոնք որ աշխատում են կամ չեն աշխատում կազմակերպությունների հետ: Անձամբ ես գիտեմ, որոշակի բնապահպանական կազմակերպություններ եւ անձինք, որոնք որ նախարարության նախկինում գործող ծրագրերում են ներգրավված եղել եւ աշխատել են, այսինքն՝ ծրագրի փորձագետներն են եղել եւ որոշակի հանքարդյունաբերական կազմակերպություններից ֆինանսավորվող կազմակերպություններում են փորձագետներ աշխատել: Հիմա, աշխատել որեւէ կազմակերպության համար, որը որ ֆինանսավորվում է հանքարդյունաբերական կազմակերպության կողմից, իրավաչափ է, իրավաչափ չէ, իրավունք ունեն, թե՝ չունեն, ես որեւէ մեկնաբանություն անել չեմ կարող»:
Նախարարն ասաց, որ ինքը գիտի մարդկանց, որոնք որ աշխատել են այնպիսի կազմակերպություններում, որոնք որ ֆինանսավորում ստացել են այլ տնտեսվարողներից:

Նախարարը պատասխանելով այն հարցին, թե Ամուլսարի հիմնական խնդիրներից մեկը թթվային դրենաժն է, եւ այդ խնդրով ե՞րբ է ուսումնասիրվել մյուս հանքերի թթվային դրենաժը ու ի՞նչ տարբերություն կա, ասաց, որ տարբեր ակտիվ մետաղական նյութերի փոխազդեցության արդյունքում որոշ հանքերում եւս թթվային դրենաժի պրոցեսներ կան. «Մենք նախաձեռնել ենք մեր մոնիտորինգի դիտակետերի տեղափոխման գործընթաց։ Օրինակ՝ Ողջի գետի վրա դիտակետ ունեինք, որը ցույց էր տալիս, որ ջրի որակը բավական վատն է»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա դիտակետերը պետք է տեղափոխեն այն վայրերը, որոնք էտալոնային են, որտեղ արդեն կարող են թթվային դրենաժի ազդեցություններն ուսումնասիրել»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031