Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախենո՞ւմ եք, թե մտածում եք՝ ճիշտը ջրի երես դուրս կգա». զոհված ոստիկանի այրու եւ Արեգ Կյուրեղյանի երկխոսությունը

Դեկտեմբեր 25,2019 15:09

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր ցուցմունք տվեց խմբի անդամ, գործով մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանը: Ի թիվս գունդ մտնելու եւ այնտեղ գործողությունների մասին տեղեկություններ հայտնելու, նա նշեց, որ շարահրապարակի ուղղությամբ է տեսել վիրավոր ոստիկանի:

Ի դեպ, Արեգ Կյուրեղյանը համաձայնել էր պատասխանել միայն իր պաշտպան Տիգրան Եգորյանի հարցերին, իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցերին միակ պատասխանն էր՝ «չեմ պատասխանում»:

Հարց հղելու իրավունքից օգտվեց նաեւ զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը, որը մեղադրանքը չի ընդունում:

Հասմիկ Ոսկանյան-Ասացիք, որ Արմեն Բիլյանին զենքով չեք տեսել, այդ տասնհինգ օրում նրան զենքով չեք տեսե՞լ:

Արեգ Կյուրեղյան-Չեմ պատասխանում:

Հասմիկ Ոսկանյան-Ինչո՞ւ, վախենո՞ւմ եք, թե մտածում եք՝ ճիշտը ջրի երես դուրս կգա:

Արեգ Կյուրեղյան-Վախենալու բան չունեմ, ոչ էլ ամաչելու բան ունենք մենք:

Հասմիկ Ոսկանյան– Եթե մտել գունդը գրավել եք, այդքանը կարողացել եք, բարի եղեք ձեզանից մի քանի հոգով ասեք, թե ով է կրակել Գագիկ Մկրտչյանի վրա:

Արեգ Կյուրեղյան-Մենք ազատագրել ենք գունդը, իսկ ճշմարտությունը թաքցրել է քննչական խումբը:

Հասմիկ Ոսկանյան-Դուք եք հիմա ճշմարտությունը թաքցնում, ո՞վ է կրակել Գագիկ Մկրտչյանի վրա:

Արեգ Կյուրեղյան-Իշխանությունը երկրում բռնազավթված է եղել, սահմանադրական կարգը՝ տապալված: Մենք ոչ թե պետությանը ցանկացել ենք պահանջներ պարտադրել, այլ իշխանությանը զավթած ղեկավարությանը: Այդ մասին այս կեղծ գործում որեւէ բան չկա:

Հասմիկ Ոսկանյան-Գագիկ Մկրտչյանին ո՞վ է կրակել:

Արեգ Կյուրեղյան-Գագիկ Մկրտչյանին…ես չեմ պատասխանում, հարցն ուղղեք քննիչներին: Դուք ձեր ցուցմունքում մեկ ասում եք, որ Մկրտչյանը հիվանդանոցում գիտակցությունը տեղն է եղել, հետո՝ գիտակցության չգալով մահացել է…դուք եք խառնաշփոթ մտցրել, չմասնակցեինք այս գործընթացին, գործը ճիշտ ճանապարհով կգնար:

Հասմիկ Ոսկանյան-Դուք լրագրողի պուճուր բառից եք կախվում, ես խառնաշփոթ չեմ ստեղծել:

Արեգ Կյուրեղյան-Դուք համաձայնության եք եկել ռեժիմի հետ:

Դատավոր Մեսրոպ Մակյան-երկխոսության մի վերածեք:

Հասմիկ Ոսկանյան-Որեւէ մեկի հետ համաձայնության չեմ եկել: Դուք կոծկում եք ամեն ինչ, նույն էլ՝ Սեդրակը, որը տեսել է կրակողին եւ չի ասում: Ձեր վերաբերմունքը կոպիտ է ու գռեհիկ:

Արեգ Կյուրեղյանը հավելեց, որ Հասմիկ Ոսկանյանի հարցերին կպատասխանի, եթե արդար նախաքննություն իրականացվի եւ արդար դատաքննություն ընթանա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031