2019թ.-ին ՀՀ-ում գրանցվել է կնասպանության 11 դեպք, որոնցից յուրաքանչյուրը, ըստ իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանի, կարող էր կանխարգելվել, եթե լինեին պաշտպանության մեխանիզմներ: «Դրանք տարիներով կուտակված բռնություններ են եղել, որոնք հասունացել են այս ընթացքում»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զառա Հովհաննիսյանը: Նա նշեց, որ երեխաների միջոցով կնոջ վրա ճնշում գործադրելու դեպքերն ակնառու են եղել. «Կինը կարող է ինքնասպան լինել, երբ երեխաներին խլում են նրա ձեռքից: Նա այդպես հոգեբանական բռնության է ենթարկվում: Այն կանայք, որոնք անգամ կարողանում են դուրս գալ բռնության միջավայրից, երեխաների միջոցով են բռնության ենթարկվում: Երեխաներին զենք են դարձնում՝ կնոջը նվաստացնելու համար: Էլի ենք ունեցել դեպքեր, երբ կայանք դիմել են ինքնասպանության՝ երեխաներից զրկված լինելու պատճառով»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2548855972101416/
Հիշեցնենք, որ մայիսին զուգընկերոջ կողմից սպանվել էր Մարիամ Ասատրյանը: «Ոստիկանությունը տեղյակ է եղել, թե ինչ է կատարվել, այդ կինը երկու անգամ եղել է ապաստարանում՝ սարսափելի կոտրվածքներով եւ վնասվածքներով, սակայն ոստիկանությունը կանխարգելիչ որեւէ բան չի արել՝ գտնելով, որ զուգընկերը չի կարող որակվել որպես ընտանիք»,-ընդգծեց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ ընտանիքում բռնության կանխարգելման առումով իրավիճակի լավացում չկա անգամ օրենքի ընդունումից հետո. «Սոցիալական աջակցության հստակ մեխանիզմ չկա, թեեւ նախարարությունը վեց ճգնաժամային կենտրոն է բացել: Չունենք ապաստարաններ, որոնք ապահով կլինեն կնոջ համար: Խնդիրը դեռեւս հ/կ-ներն են լուծում՝ իրենց սուղ միջոցների հաշվին: Ողջ ՀՀ-ն սպասարկելու համար դա քիչ է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ