«Սոնա Ղազարյանն արծարծել է խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ խոսել է քաղհասարակությունը: Կիսում եմ մոտեցումը, որ կրթական համակարգում խորքային փոփոխություններ են պետք, որպեսզի կանանց եւ տղամարդկանց վերագրվող դերերը դառնան նպաստավոր՝ իրավահավասարության համար»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանի՝ օրերս ԱԺ ամբիոնից դասագրքերի եւ ուսուցչուհու նկատողության վերաբերյալ հայտարարությանը, ասաց նույն խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/912209542514281/
Հիշեցնենք, որ Սոնա Ղազարյանը կարծիք էր հայտնել, թե Վաչագան Սարգսյանի հեղինակած «Այբբենարան»-ի տեղը աղբամանն է, որովհետեւ դրա նկարներում կինը ներկայացված է տնային տնտեսուհու, իսկ տղամարդը՝ հաց վաստակողի դերում: Վաչագան Սարգսյանը կոշտ էր արձագանքել: Սոնա Ղազարյանը նաեւ կարծրատիպային էր որակել մոտեցումն ուսուցչի, որն աղջիկներին կոչ էր արել համեստ լինել, իսկ տղաներին՝ չլացել: Մարիա Կարապետյանը նշեց. «Մեր դասագրքերը կառուցում են խտրական պատկերացումներ երեխաների մոտ այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն նրանց վարքը եւ ցանկությունները: Սա նաեւ ընտանիքում է խրախուսվում դաստիարակության ընթացքում»:
Ըստ Կարապետյանի՝ հանրակրթության ոլորտում հեռուն նայող աշխատանք է պետք իրականացնել, այդ թվում՝ ծնողավարության մշակույթի. «Ծնողավարությունը չպետք է լինի բռնության միջոցով»:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ընդգծեց, որ արժեքների հետ զգույշ է պետք վարվել. «Ոչ թե պետք է ջարդել միանգամից, այլ փոփոխել եւ հանրությանն աստիճանաբար մոտեցնել այն արժեհամակարգին, որն, ըստ քո պատկերացման, պետք է լինի ժողովրդավարական ՀՀ-ում: Բովանդակային առումով մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետեւ դա Սոնա Ղազարյանի կարծիքն է, բայց մոտեցումների տեսանկյունից համբերատար պետք է լինել: Արժեհամակարգը ջարդելիս միշտ հանդիպում ես դիմադրության եւ լինում չհասկացված: Ուստի մոտեցման մեջ եմ խնդիր տեսնում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ