Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզաճարպի պատրաստման երկու եղանակ

Դեկտեմբեր 25,2019 19:00

Առաջարկում եմ խոզաճարպի պատրաստման երկու եղանակ, երկու տարբերակով էլ շատ համեղ է ստացվում: Ընդ որում, խոզաճարպը կարող եք գնել ինչպես արդեն կտորների բաժանած, մշակման պատրաստ վիճակում՝ շուկայից կամ սուպերմարկետներից, այնպես էլ ինքներդ կարող եք այն առանձնացնել Ամանորի համար նախատեսված խոզի ազդրից: Ես, օրինակ, հենց այդպես եմ արել:

Անհրաժեշտ մթերքները

Տարբերակ 1 

Խոզի ճարպ- 500-600 գրամ

Սխտոր-3-4 պճեղ

Ծովի խոշոր աղ, սեւ եւ կարմիր աղացած պղպեղ

Դափնու տերեւ-2 հատ

Տարբերակ 2 

Խոզի ճարպ-500-600 գրամ

Սխտոր- 4-5 պճեղ

Աղ- 200 գրամ

Ջուր-1լ

Հատիկով սեւ եւ բուրավետ պղպեղ, համեմի սերմ, չորացրած չիլի, դափնու տերեւ եւ այլ համեմունքներ՝ ձեր ճաշակով

Պատրաստման եղանակը

Տարբերակ 1

Խոզաճարպի վրայից դանակով քերել վրայի շերտը: Բաժանել մոտավորապես ձեռքի ափի չափ կամ ավելի փոքր կտորների: Յուրաքանչյուր կտորի վրա կտրվածք անել 3/4 խորությամբ: Այդ կտրվածքների մեջ դնել սխտորի բարակ շերտեր, դափնու տերեւի կտորներ: Ապա յուրաքանչյուր կտորը շատ մանրամասն պատել ծովի խոշոր աղով, սեւ եւ կարմիր պղպեղով: Խոզաճարպը կկլանի ճիշտ այնքան աղ, որքան պետք է:

Ապակյա տարայի հատակին լցնել աղ, համեմունքներ, խոզաճարպի կտորները տեղավորել տարայի մեջ, ծածկել պոլիէթիլենային թաղանթով, վրայից դնել որեւէ ծանրություն: Ես, օրինակ, օգտագործում եմ գլաքարեր: Թողնել սենյակային ջերմաստիճանում 4-5 օր, ապա յուրաքանչյուր կտորը թափ տալ, ազատել ավելորդ աղից, փաթաթել յուղաթղթի մեջ, դնել սառցախցիկ առնվազն 1 օրով, որից հետո կարելի է կտրել եւ մատուցել:

Այս տարբերակով պատրաստված խոզաճարպը սառցախցիկում կարող եք պահել 1-2 ամիս:

Տարբերակ 2

Այս տարբերակով պատրաստելու համար պետք է աղաջուր սարքել: Կաթսայի մեջ լցնել ջուրը, աղը, ամբողջական սեւ եւ բուրավետ պղպեղները, դափնու տերեւը, չորացրած չիլի պղպեղը՝ եթե ունեք, կարելի է ավելացնել համեմի, սամիթի, մանանեխի չաղացած սերմեր: Թողնել ջուրը եռա, կրակը ցածրացնել, թողնել մոտ 10 րոպե շարունակի եփվելը:

Մինչ այդ խոզաճարպի կտորները կտրատել այնպիսի կտորների, որ հեշտությամբ տեղավորվեն ապակյա բանկայի մեջ: Շարել բանկայի մեջ՝ առանց սեղմելու: Կտորների արանքներում դնել կտրատած սխտոր, դափնու տերեւ, համեմունքներ:

Աղաջուրը տաք-տաք լցնել խոզաճարպի վրա՝ բոլոր համեմունքների հետ միասին: Որպեսզի կտորները վերեւ չթռնեն, վրան ծանրություն դնել: Թողնել սենյակային ջերմաստիճանում 2-3 օր, ապա սառնարանում՝ 3 օր: Հանել աղաջրից, թղթե անձեռոցիկով լավ չորացնել: Թաթախել սեւ ու կարմիր աղացած պղպեղի մեջ, փաթաթել յուղաթղթով, դնել սառցախցիկ: Մեկ օր անց կարող եք մատուցել:

Այս տարբերակով պատրաստված խոզաճարպը մինչեւ վեց ամիս կարող եք սառցախցիկում պահել:

Ձախից՝ տարբերակ 1-ով պատրաստված խոզաճարպն է, աջից՝ տարբերակ 2-ով պատրաստվածը:

Խոզաճարպը կարող եք մատուցել սեւ հացի, մանանեխի կամ ծովաբողկի, թթու կամ մարինացված վարունգի եւ իհարկե՝ մի բաժակ սառը օղու հետ: Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031