ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝
- 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։
- Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում օտարված որոշ հողատարածքների և գույքի աճուրդներին այլ մասնակիցների առկայությունը կրել է ձևական բնույթ:
- Տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել եկամտային հարկի գումար:
- 2017-2018թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից ձեռք բերված ավտոպահեստամասերի ծախսման ճշտության ուսումնասիրությամբ արձանագրվել են չհիմնավորված ծախսեր:
- Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց համար հաշվարկվել և վճարվել են աշխատավարձեր։
- 2016-2019թթ. Համայնքապետարանի, ինչպես նաև իրականացված այլ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների ուսումնասիրություններով արձանագրվել են փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքներ:
- Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:
Կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ