Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՃԽ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկում է մեկ տարի դադար վերցնել. Օլեսյա Վարդանյան

Դեկտեմբեր 25,2019 14:02

Արցախի հարցի վերաբերյալ բանակցային գործընթաց սկսելու համար, Միջազգային ճգնաժամային խմբի ուսումնասիրությունների արդյունքներով, կողմերը կարող են վերանայել երեք հարց, որոնց շուրջ ունեցել են տարաձայնություններ 1992-1994թթ. պատերազմից ի վեր։ Առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների ճակատագրին։ Երկրորդը`խաղաղապահների տեղակայման հարցն է, երրորդը`Արցախի կարգավիճակի:

«Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ստիպված են եղել լքել այս տարածքները։ Նորաբնակները՝ մեծամասամբ հենց Ադրբեջանից տեղահանված էթնիկ հայեր, տեղափոխվել են այդ տարածքներ։ Ներկայումս Ստեփանակերտը ֆինանսավորում և իշխանություն է իրագործում այդ բնակավայրերում, որոնք տարածվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գտնվող տարածքի մեծ մասի վրա։ Նորաբնակները զգալիորեն նպաստում են անջատված շրջանի տնտեսության զարգացմանը, հիմնականում բարգավաճող գյուղատնտեսության միջոցով, և ամուր կապեր ունեն իրենց հիմնաքարից կառուցած տների և համայնքների հետ: Գտնել առաջընթացի ճանապարհ, որը կբավարարի ինչպես նորաբնակների, այնպես էլ հարակից տարածքներից տեղահանված անձանց շահերը, և որը նաև կնախատեսի այդ տարածքների վերադարձը Ադրբեջանին, մեծ մարտահրավեր է լինելու»,- առաջին հարցի վերաբերյալ ասված է ՄՃԽ վերջերս հրապարակած զեկույցում։

Բանակցությունների համար պայմաններ ապահովելու տարբերակ, ՄՃԽ-ում դիտարկում են այն, որ. «Հայաստանը համոզի Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին կասեցնել նոր բնակավայրերին առնչվող ծրագրերը, իսկ, ի պատասխան, Ադրբեջանը խոստանա սահմանված ժամանակահատվածում չիրագործել միջազգային դատարաններում բնակավայրերի ընդլայնմանն առնչվող բողոքի հայցերի ներկայացման կամ հետագա պատժամիջոցների սահմանման ծրագրերը։ Երևանը պնդում է, որ բնակավայրերի ընդլայնման վերաբերյալ որոշումները Ստեփանակերտի ձեռքում են: Սակայն իրականում Հայաստանը զգալի ազդեցություն ունի՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության հիմնական երաշխավոր, ԼՂ բյուջեի շուրջ կեսի մատակարար և հիմնական շուկա ԼՂ ապրանքների համար: Բաքուն իր հերթին հավանաբար դեմ կլինի նման փոխադարձ քայլերին՝ վախենալով, որ բնակեցման ծրագրերի սառեցման դիմաց իրավական գործողությունների կասեցումը կարող է ստեղծել տպավորություն, որ վերջինս ընդունում է գոյություն ունեցող բնակավայրերը, և սա մի ժամանակահատվածում, երբ իրեն թվում է, որ իր դիրքորոշումը ավելի մեծ միջազգային աջակցություն է վայելում։ Սակայն Ադրբեջանը կարող է հրապարակայնորեն վերահաստատել իր դիրքորոշումը, որ բնակեցման գործողությունները խախտում են միջազգային իրավունքը՝ անկախ այն նոր պատժամիջոցների կամ իրավական գործողությունների կասեցման հանգամանքից, և դրանով իսկ ցույց տալ, որ մերժում է գոյություն ունեցող բնակավայրերի շարունակական գոյությունը»:

Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով այս հարցին, ՄՃԽ փորձագետ Օլեսյա Վարդանյանն ասաց, որ Վերաբնակեցվածների հարցը բացարձակ բացակայել է բանակցություններում եւ դա ճիշտ չէ, քանի որ եթե հարցը լուծելու ցանկություն կա, ապա ձեւավորված իրողությունները պետք է հաշվի առնենք: «Մենք հասկանում ենք, որ Բաքվի համար վերաբնակեցման հարցը ծանր է, նրանք չեն ուզում ընդունել այդ մարդկանց գոյությունը, ամեն կերպ աշխատում են միջազգային ասպարեզում եւ ջանում են Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառել: Հավանաբար գիտեք, արդեն դատական գործընթացներ էլ կան: Բաքվում չեն ցանկանում իրողությունների հետ հաշվի նստել, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ վերաբնակեցման դադարեցումն էլ հնարավոր չէ: Ուստի, առաջարկում ենք մեկ տարով դադար վերցնել եւ դրանից հետո սկսել խոսել ըստ էության»,- ասաց Օլեսյա Վարդանյանը: Իր գնահատմամբ, վերաբնակեցման դադարեցումը ոչնչի չի բերում, մարդիկ ինքնակամ վերաբնակվում են այդ տարածքներում, չնայած իշխանությունների կողմից սահմանափակումներին, ինչի մասին Արցախի նախկին իշխանավորներն են պատմել: Օրինակ, մեկ նախկին պաշտոնյա պատմել է, որ անգամ տանիքի վերանորոգման գումար չի տրամադրվել տարածքի բնակիչներին`Երեւանի ճնշմամբ, միեւնույն է, մարդիկ այդ վիճակով շարունակել են ապրել այդ տարածքներում: «Մենք առաջարկում ենք քաղաքական մոտեցում ցուցաբերել»,- ասաց բանախոսը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը կողմ է ազատագրված տարածքների վերաբնակեցմանը, քանի այդ մարդիկ, ովքեր ապրում են Լաչինում, 90 տոկոսով Ադրբեջանից փախստականներն են, մասնավորաբար, Շահումյանի շրջանից փախստականներն են: «12 հազար մարդ Շահումյանի շրջանից քշեցին, զրկեցին իրենց ունեցվածքից եւ տարածքներից, մի մասը եկավ այստեղ, այստեղից էլ հանե՞նք: Եթե կան այլ տարածքներից հայեր, ես կհամարեմ, որ Ադրբեջանցիները ճիշտ են: Բայց այդ մարդիկ միանգամայն օրինական են բնակվում այդ տարածքներում»,- ասաց քաղաքագետը`հավելելով, որ այս առումով ինքը հասկանում է Երեւանի զգուշավորությունը, բայց «զգուշավոր լինելը չի նշանակում գործ չանել» եւ հիմա ՄՃԽ-ն է փորձում դա անել Երեւանի փոխարեն`ցույց տալով, որ այդ մարդիկ այդ տարածքներում բնակվում են օրինական:

Օրերս ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհրդի համատեղ նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ներգրավվածությունը մեծացել է բանակցություններում, նաև միջազգային հանրությունն է ընկալում այդ ներգրավվածության կարևորությունը: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից դիվանագիտական նվաճում է համարում այն, որ «Հայաստանին չի հաջողվել փոխել բանակցային գործընթացը»: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այս առիթով նկատեց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, Ադրբեջանում հայտնի հնարքը կիրառեցին`ասելով, որ այո, բայց եկեք բաժանենք Ղարաբաղը երկու մասի`ադրբեջանական եւ հայկական համայնքների եւ տանք հավասար ձայներ: Մինչդեռ ՄՃԽ զեկույցում հստակ է ամրագրված`հավասար ձայներ չեն կարող տալ եւ Արցախի կարգավիճակը պետք է ամրագրվի հանրաքվեի միջոցով. օրինակ, ժողովուրդը, որը Ղարաբաղում ապրում է եւ այն ադրբեջանցիները, որոնք հիմա Ղարաբաղում չեն ապրում, բայց մինչեւ կոնֆլիկտն ապրել են, իրենք պետք է որոշեն`քվեարկելով: Այս մասով քննարկման կամ քննադատական տարր, քաղաքագետը չի տեսնում: Բայց Նիկոլ Փաշինյանի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությունն իր կարծիքով, առաջընթացի շատ մեծ հնարավորություն չունի, քանի որ Ադրբեջանը միշտ էլ չի համաձայնի, ինչն էլ կբերի նրան, որ հարցը լուծում չի ստանա:

Ի դեպ, երկու բանախոսներն էլ կողմ են, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին: Ստեփան Գրիգորյանը, սակայն, այս մասով աշխատանք չի տեսնում. «Նիկոլ Փաշինյանի ուղերձը տեսնում եմ, ողջունում եմ, միջազգային հանրության մոտ այդ ընկալումը չեմ տեսնում, ՄԽՃ-ն ունի: Հայաստանի համապատասխան կառույցների աշխատանքը դրսում նույնպես չեմ տեսնում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031