Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տարեկան ամփոփիչ ասուլիսն էր: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնեց՝ 2020-ի փետրվարից էլեկտրաէներգիայի, ջրի սակագները չեն բարձրանալու, ինչպես սպասվում էր:
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, խոսելով 2019-ի ձեռքբերումների մասին, ասաց, որ բոլոր դրական եւ բացասական գործոնների համադրմամբ հնարավոր եղավ 2020-ի փետրվարի 1-ին պահպանել էլեկտրաէներգիայի գործող սակագինը սպառողների համար: Կարող է թվալ, թե օպտիմալացումը, բարեփոխումները որեւէ դրական ազդեցություն չունեցա՞ն՝ 2020-ի հունվար-փետրվարին ատոմային էլեկտրակայանում ներգրաված վարկի մարումն է սկսում ու դրանով ատոմային էլեկտրակայանի ծառայության ժամկետն ենք երկարացնում: Շատ ավելի ծանր տարի է հենց էդ տարին, երբ առաջին անգամ վարկի ներառում է լինում, սակագներն էնքան խնայողություն են ունեցել, որ կարողացել են գործող սակագները մակարդակին պահելով՝ ներառել շուրջ 21 մլն դոլարի վարկի գումար, դա համարժեք է սպառողներին տրամադրվող 2 դրամ սակագնին: Այն խնայողությունները, օպերատորի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու կառավարության հետ քննարկումների ընթացքում կարողացանք ատոմակայանի այնպիսի ռեժիմներ սահմանել, որ դրական արդյունք ունեցանք, առնվազն սակագնի բարձրացման խնդիր չենք դնելու»:
ՀԾԿՀ նախագահն ասաց, որ ՀԷՑ-ի կողմից իրականացվող կապիտալ ներդրումների ուսումնասիրության համար աուդիտ էր իրականացվել, աուդիտորական ընկերությունը մրցույթով էր ընտրվել: Հաշվետվություններով արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ արդյունքները հաշվի առնելով՝ սակագների վերահաշվարկում տեղ են գտել արդյունքները: Այս մոտեցումը կլինի պարբերական ու յուրաքանչյուր հաջորդ տարվա ներդրումները կենթարկվեն աուդիտի ու ավելի վստահելի կլինի սակագինը: Այս պրակտիկան նաեւ այլ ընկերություններում են շարունակելու:
Վերականգնվող էներգետիկայի ոլորտի մասին խոսելով՝ Բաղրամյանն ասաց, որ հանձնաժողովը արեւային փոքր էլեկտրակայանների սահմանաչափ էր տվել, այսօր տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, այդ սարքավորումների գներն այնքան են էժանացել, որ այդ ոլորտում ներդրումները բավականին գրավիչ են դառնում, արդեն կան կոնկրետ ընկերություններ, որոնք ստացել են կառուցման լիցենզիաներ, եւս 100 մգՎտ ավելացվելու են:
Կարդացեք նաև
1900 տնային տնտեսություններ ու փոքր բիզնեսներ արդեն ունեն արեւային կայաններ՝ մինչեւ 30 մգՎտ հզորությամբ:
Էլեկտրաէներգետիկական ոլորտում նույնպես բարեփոխումներ են եղել, միջպետական առեւտրի խթանման համար ընդունվել են մեծածախ ու մանրածախ շուկայի կանոնները, ցանցային կանոնները. Շուկայի մոդելի ներդրումը նախատեսվում է 2021-ի փետրվարին, բայց այսօր են կարգավորումներն ընդունել, որովհետեւ USAID-ն գումար է տալիս ծրագրային ցանցը գնելու եւ տեղադրելու համար, այն մոտ 1մլն դոլար է: Այդ ծրագրային ցանցը էլեկտրոնային առեւտրի իրականացում է ապահովելու:
Ջրային ոլորտին անդրադառնալով՝ Բաղրամյանը հիշեցրեց, որ 2017-ից վարձակալությամբ է տրվել ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը «Վեոլիա ջուր» ընկերությանը. «15 տարվա համար բազիսային սակագներ են սահմանված, որոնք ճշգրտվում են միայն ջրամատակարարման ծավալի, սղաճի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությամբ պայմանավորված: Դեռեւս հնարավոր է եղել փոփոխություն կատարել բազիսային սակագներում, արդյունքում՝ սակագների ճշգրտման հայտը ներկայացնելուց հետո 2020-ի հունվարի 1-ից ունենք սպառողների համար գործող սակագների վերահաստատում: Տարբերությունն այն է, որ եթե 2019-ի համար 191 դրամ էր սահմանված, իսկ պետությունը 11 դրամը սուբսիդավորում էր, հիմա 2020-ի հունվարի 1-ից մենք կունենանք այն, որ 180 դրամ արդեն գործող սակագները սպառողների համար վերահաստատվեցին եւ սուբսիդավորման հարց այլեւս չի դրվելու պետության կողմից»:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե գազի սակագնի հետ կապված ի՞նչ կանխատեսումներ կան, 2020-ի ապրիլից հետո այն կթանկանա՞՝ Գարեգին Բաղրամյանը պատասխանեց, որ դեռ բանակցություններ են ընթանում: Այս մասին մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ