«Շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ: Այն քննչական գործողությունները, որոնք կատարվել են Արթիկում, ունեցել են լուրջ բաց: Օրենքով սահմանված է, որ նման դեպքերում քննչական կոմիտեն դիմում է ոստիկանությանը՝ անհրաժեշտ պաշտպանության միջոցներ տրամադրելու համար անձին, որը գտնվում է խոցելի կարգավիճակում: ՔԿ-ն դա չի արել եւ իր չարած գործը փորձել է արդարացնել՝ հայտարարելով, թե իրավապաշտպանները սխալ են դեպքը ներկայացրել եւ տարածել կարծիք, թե կինն ինքնակամ է գնացել»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Արթիկում բռնության ենթարկված կնոջ մասնակցությամբ քննչական գործողությունից հետո նրա առեւանգմանը, ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/622136835199081/
Հիշեցնենք, որ կինը գտնվելիս է եղել կոալիցիայի ապաստարանում, նախկինում բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, իսկ, ըստ կոալիցիայի, առեւանգվելուց հետո եւս նրա մարմնին բռնության հետքեր են եղել: «Նրա առեւանգման գործով նյութեր են նախապատրաստվում: Եղել են նախկին ամուսինը, նրա եղբայրը եւ չափահաս որդին, որն, ի դեպ, ինձ նամակներ է գրում, թե ուզում էր մորը տեսնել, բայց, չգիտես ինչու, բռնությամբ է ուզում դա անել»,-նկատեց Զառա Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ կինը հիմա կոալիցիայի ապաստարանում է՝ անչափահաս որդու եւ չափահաս դստեր հետ: Մյուս՝ չափահաս որդին հոր հետ է բնակվում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ