Տասը տարի առաջ մշակված մոտեցումները չեն բավարարում ոչ Բաքվին, ոչ Ստեփանակերտին, ոչ Ադրբեջանին, բայց քանի որ մտավախություն կա, որ դրանցից հրաժարվելը կարող է ավելի բարդ իրավիճակ ստեղծել, կողմերը շարունակում են դրանց շուրջ բանակցել: Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսում խոսելով Արցախի հարցի կարգավորման ներկայիս փուլի առանձնահատկությունների մասին, կարծիք հայտնեց Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Օլեսյա Վարդանյանը: Բանախոսը շատ կարեւոր է համարում, որ բանակցային գործընթացում ներառվի ազատագրված տարածքներում բնակվող մարդկանց հարցը, որոնք տարբեր հաշվարկներով 17 հազար են: Խմբի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւանը մշտապես խոչընդոտել է այդ տարածքներում մարդկանց վերաբնակեցմանը` միջազգային հանրության ճնշման ներքո, որպեսզի հետագայում բանակցություններին չխանգարեն, քանի որ Բաքվի համար դա սկզբունքային հարց էր: Բանախոսը նկատում է`ի հեճուկս բոլոր ջանքերի, մարդիկ բնակվել են եւ այդ տարածքներում եւ այդ տարածքներն այժմ Արցախի տնտեսության զարգացման կարեւոր գրավական են: Օլեսյա Վարդանյանը գտնում է, որ այս իրավիճակում, երբ խոսվում է ինչ-որ տարածքների վերադարձի մասին, այդ մարդկանց ճակատագրերի մասին ևս պետք է քննարկումներ լինեն, նրանց`այդ տարածքներում, տարբեր զրկանքների գնով, բնակության գործոնը պետք է հաշվի առնել:
Այլ մանրամասները`տեսանյութում
Հիշեցնենք, ՄՃԽ-ի վերջերս հրապարակված բավական հավակնոտ վերնագրով`«Ելքեր փակուղուց» զեկույցում, մասնավորաբար ամրագրվում է. «Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ծավալվող կիսամեռ խաղաղության գործընթացին կենդանության շունչ հաղորդելու փխրուն հնարավորությունը կարծես կորստի վտանգի տակ է։ Իրադարձությունների նմանատիպ զարգացման դեպքում, Բաքուն և Երևանը ոչ միայն կկորցնեն վերջերս ունեցած ձեռքբերումները, այլև առժամանակ խաչ կքաշեն խաղաղության գործընթացի վրա։ Երևանն ու Բաքուն խոհեմ կլինեն, եթե արագ գործեն։ Նրանք կարող են բանակցություններ սկսել փակուղային իրավիճակի համար հիմք հանդիսացող խնդիրների վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների ճակատագիրը, որոնք տուն են դարձել հայ բնակիչների համար, միջազգային խաղաղապահների հնարավոր դերը, և հիմնական խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ինչ վերաբերում է հարակից տարածքներին, որոշակի ժամկետով նոր բնակեցման ծրագրերի սառեցումը Ադրբեջանի կողմից միջազգային իրավական գործողությունների կամ նոր պատժամիջոցների կասեցման խոստման դիմաց կարող է վերահսկողության տակ պահել մտահոգիչ մի խնդիր և նպաստել այլ անհամաձայնությունների շուրջ բանակցությունների մեկնարկին։ Խաղաղապահ առաքելության հնարավորությունների մասով, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Բարձր մակարդակի պլանավորման խումբը (ԲՄՊԽ), որը ստեղծվել է 90-ական թվականներին նման առաքելություններ ծրագրելու նպատակով, կարող է վերստին գնահատել տարբերակները։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում կողմերի միջև առկա է լուրջ ջրբաժան, սակայն գուցե դեռ արժե կշռադատված, ոչ պաշտոնական բանակցություններ սկսել»։
Կարդացեք նաև
2019թ. սկզբին ըստ զեկույցի, առաջընթացը շոշափելի էր թվում, քանի որ Հայաստանի նոր իշխանությունները ասում էին, որ պատրաստ են փնտրել փոխզիջումային լուծում. «Բաքուն կարծես ավելի բաց էր տարաձայնությունների լուծման ուղիներ ուսումնասիրելու հարցում: Երկու երկրների հարաբերությունները, որոնք թշնամական են 1992-1994թթ. պատերազմից ի վեր և ավելի են վնասվել հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած 2016թ. բախումների արդյունքում, մի փոքր դրական տեղաշարժ գրանցեցին։ Վերականգնված դիվանագիտական ներգրավվածությունը կողմերի միջև կրճատեց թշնամական բռնկումների քանակը և ստեղծեց ավելի բարենպաստ միջավայր բանակցությունների համար։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համաձայնություն ձեռք բերեցին առաջնագծերին մոտ գտնվող տարածքներում մարդասիրական ծրագրեր գործարկել և թույլ տալ հակամարտության կողմերի մայրաքաղաքների այցելությունը լրագրողների և կալանավորվածների հարազատների կողմից»:
Այդուհանդերձ, ՄՃԽ-ի եզրահանգումն այսպիսին է. «Մերձեցումը չի հանգեցրել բանակցությունների վերսկսմանը: Լեռնային Ղարաբաղի շուրջ տարաձայնությունների հիմնական կետերի շուրջ երկու կողմերի միջև քննարկումները ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ դադարեցված են: Օտարացման տարիները կարծրացրել են դիրքերը. Երևանը, Բաքուն և Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գործող դե ֆակտո իշխանությունները շարունակում են անզիջում պահանջներ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի վերջնական ճակատագրի վերաբերյալ: Ավելին, վերջին ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերությունները կրկին սառել են, քանի որ առաջնորդներից յուրաքանչյուրը «ակն ընդ ական» սկզբունքով պահանջներ էր առաջ բերում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որոնք մյուս կողմը համարում էր սադրիչ։ Եթե երկու կողմերը չկարողանան օգտագործել 2019թ. ձեռք բերված առաջընթացը, հարաբերական անդորրը կարող է չպահպանվել»։
Ասուլիսին ներկա քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի Ստեփան Գրիգորյանը հիմնականում համամիտ է զեկույցում արված ամրագրումների հետ: Բայց մեկ կարեւոր բացթողում է արձանագրել`դա վստահության հարցն է: «Ես չեմ վստահում Ադրբեջանի իշխանություններին»,- հայտարարեց քաղաքագետը` օրինակ բերելով Նախիջեւանը, որտեղ Ադրբեջանի իշխանությունը հասավ նրան, որ բոլոր հայերին հանեց այդ բնակավայրից, բայց դրանից հետո հետեւողական շարունակում է ոչնչացնել հայկական պատմամշակութային արժեքները: Այս իմաստով, նա կարեւոր է համարում Սանկտ-Պետերբուրգի եւ Վիեննայի համաձայնությունների անվերապահ կատարումը, ինչին միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինի:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի