Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. Հայաստանի ԱԱԾ-ն, եթե ցանկություն ունի, կարող է ֆիքսել այս երեւույթները. բավական է գնալ մի գյուղ, եւ պարզ կերեւա, թե ով ում է կաշառել. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 25,2019 12:40

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությանը նախօրեին հայտարարեց, որ 2020 թվականի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին Արցախում սպասվող նախագահական ընտրություններում առաջադրելու է կուսակցության համանախագահ Վահան Բադասյանի թեկնածությունը։ Այսպիսով՝ նա դարձավ 9-րդ թեկնածուն, որը հայտարարեց առաջադրվելու մասին։ Արցախի Հանրապետության ռազմական ու քաղաքական գործիչ Վահան Բադասյանը հայտնի է իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով, Արցախյան գործող իշխանություններին ուղղված սուր քննադատություններով։

– Պարոն Բադասյան, դուք դարձաք 9-րդ թեկնածուն, որ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ գարնանը Արցախում թեժ է լինելու:

– Ես չեմ կարծում, թե այդքան էլ թեժ է լինելու։ Պարզ երեւում է, որ իշխանությունները փորձում են վերարտադրվել։ Այդ թեկնածուների մեծ մասը իշխանական են, բայց երկու դեմքով, նախ, իշխանությունները վերարտադրվելու համար ունեն թեկնածուներ, որոնք պետք է ընտրվեն եւ պաշտպանեն իրենց բիզնես քվոտաները եւ պատասխանատվության  չենթարկվեն  նախկինում արած տնտեսական եւ քրեական հանցագործությունների համար, եւ երկրորդ, ընդդիմության ձայները փոշիացնելու համար նրանք ասպարեզ են նետել թե քաղաքական կուսակցություններ, եւ թե նրանց կողմից պաշտպանվող այսպես կոչված ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական կուսակցություններ։ Դա հին տեխնոլոգիա է, որ կիրառվում էր Հայաստանում՝ հին ռեժիմի կողմից. 1996-2013 թվականներին այդ տեխնոլոգիան Հայաստանում օգտագործվել է եւ մասամբ հաջողություն բերել։ Սակայն այս բոլորը արդեն փորձված մեթոդներ են, մեր խնդիրն է քրտնաջան աշխատանք տանել, բացատրել ժողովրդին այս ամենը։ Ինչո՞ւ եմ ասում՝ մենք, որովհետև միայն մենք բարոյական իրավունք եւ պարտավորություն ունենք անելու դա. մեր քաղաքական ուժը միակ եւ ռեալ ընդդիմադիր կուսակցությունն է։ Հետևաբար մենք ոչ թե 9-րդն ենք, այլ 1-ինը։ Եթե նույնիսկ առաջադրվածների թիվը լինի 12-13, ապա մենք էլի առաջինն ենք։

Այլ հարց է, որ մենք միշտ պարտվել ենք ընտրություններում, որովհետեւ հավասար պայքարի մեջ չենք եղել։ Միշտ օգտագործվել են իշխանության լծակները, կեղծման բոլոր մեթոդները։ Այդ իմաստով հիմա այլ իրավիճակ է, որովհետեւ Հայաստանի իշխանությունները խոստացել են, որ ամեն ինչ անելու են՝ ընտրությունները չկեղծվեն, լինեն արդար։ Իսկ ընտրությունները կեղծվում են արդեն այսօրվանից, երբ ասպարեզ են նետվել բազմաթիվ սին կուսակցություններ՝ ընդդիմադիր դիմակ հագած, նույնիսկ զոհի կերպարանքով։ Հայաստանի կառավարության խնդիրը սա է, որովհետեւ սա կեղծման ձեւերից մեկն է։ Ընտրության օրը Արցախում կեղծիքներ չեն լինում, միշտ մինչեւ ընտրության օրն են կեղծել՝ նախընտրական փուլում, երբ մարդկանց աշխատանքից հանել են, վերադասավորումներ արել, փողով առել մարդկանց, նրանց համար բիզնեսներ, բնակարաններ առել եւ այլն։ Նույնը շարունակում են հիմա, եւ դրա վրա պետք է ուշադրություն դարձվի։ Հայաստանի ԱԱԾ-ն, եթե ցանկություն ունի, կարող է ֆիքսել այս երեւույթները. բավական է գնալ մի գյուղ, եւ պարզ կերեւա, թե ով ում է կաշառել։ Սա պետք է կանխվի։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031