Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը որոշել է ժամանակավորապես հետաձգել «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության» մասին օրենքի նախագծի եւ հարակից փաթեթի քննարկումները խորհրդարանում։ Բանն այն է, որ դեկտեմբերի 26-ին խորհրդարանում նախատեսված է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ էլ նախատեսված էր քննարկել պատգամավորի նախագիծը, իսկ որպես կառավարության ներկայացուցիչ էլ հրավիրված է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Նախ նշենք, որ այս օրերի ընթացքում իմքայլական պատգամավորի նախագիծը հասցրել է քննադատության ենթարկվել ինչպես իր թիմակիցների, այնպես էլ հանրության լայն շերտերի կողմից։ Բանն այն է, որ պատգամավորն առաջարկում է արագացված զինվորական ծառայություն 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Այն ենթադրում է ծառայություն՝ մեկ ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով այդ անձը պետք է սովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվի կոնկրետ զորամասում, տա զինվորական երդում եւ ներկայանա զորահավաքներին։ Նույնիսկ համեմատություն արվեց, թե էլիտար մեղրամիս է պատգամավորը փորձում սահմանել բանակում։
Սակայն այս ծառայությունից օգտվելու համար այդ անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել օրենքով սահմանված վճար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10.000-ապատիկի չափով գումար, որը տվյալ դեպքում կազմում է 10 մլն դրամ։ Նկատենք, սակայն, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հայտնել էր, թե իրենք դեմ են պատգամավորի ներկայացրած նախագծում արված շեշտադրումներին, սակայն դրան զուգահեռ Հայկ Սարգսյանը մշտապես սոցիալական ցանցի իր էջում տեղադրում էր նախագծի վերաբերյալ դրական արձագանքներ, որոնք, իբր թե, ստացել է արտերկրում գտնվող հայերից։
Սակայն Հայկ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե որոշել է ժամանակավորապես հանել նախագիծը քննարկումից եւ նման առաջարկով հանդես կգա հենց դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստին, ցանկանում է հանրային մեծ քննարկում անցկացնել այդ նախագծի շուրջ։ «Այդ օրը ես խնդրելու եմ, որ այդ նախագծի քննարկումը հետաձգվի եւ տեղափոխվի։ ԱԺ կանոնակարգ-օրենքը դա թույլ է տալիս։ Պատճառն այն է, «որ Նոր տարի է հիմա, նախատոնական վիճակ է, եւ արդյունավետ չէ հիմա նման քննարկում կազմակերպել։ Բացի դրանից, ցանկանում եմ, որ հանրային մեծ քննարկում լինի, ոչ միայն խորհրդարանական ուժերի հետ այդ քննարկումը լինի, այլ նաեւ քննարկում լինի հասարակության ներկայացուցիչների հետ, եւ միգուցե նրանք էլ առաջարկներ ունենան այդ նախագծի վերաբերյալ»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում