Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային միտումներ. ռիսկեր եւ հնարավորություններ՝ 2020-ին ընդառաջ

Դեկտեմբեր 25,2019 22:00

Ավարտվող տարին բոլորիս ի ցույց դրեց տարածաշրջանային մի իրողություն, որ «ավանդական» պատկերացումները տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ գոյություն չունեն այլեւս, որ «ավանդական» թշնամիները կարող են շատ արագ բարեկամանալ, իսկ ոչ պակաս «ավանդական» բարեկամները եւ նույնիսկ դաշնակիցները՝ թշնամանալ։

Անկասկած, սա այսօր չէ, որ տեղի է ունեցել, եւ ոչ էլ այս տարի, պարզապես անցնող տարին լի էր իրադարձություններով, որոնք պետք է որ պատկերացումների հեղափոխություն հարուցեին մեր արտաքին քաղաքականության համար պատասխանատու պետական եւ հասարակական ինստիտուտներում։

Անշուշտ, փոփոխություններ այդ պատկերացումներում կան, սակայն ոչ հեղափոխական, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ հնարավոր չէ հաշվի չնստել իրողությունների հետ, եւ կյանքը չի կարող կանգ առնել, նույնիսկ մեր պատկերացումներում։

Եվ ուրեմն, ակնհայտ է, որ մեր չորս հարեւաններից չորսն էլ թեւակոխում են տուրբուլենտության մի շրջափուլ, որից ելքերը մնում են խիստ անորոշ, համենայն դեպս, այդ փոփոխություններում կառուցողական տարրի չափաբաժինը մնում է խիստ ցածր, ինչը միանշանակորեն մարտահրավեր է Հայաստանի համար։ Դրան գումարվում է Բրեքզիթով պայմանավորված քաղաքական ապաթիան Եվրոպայում, Թրամփի իմփիչմենթի գործընթացով սկսվող ընտրական տարին Միացյալ Նահանգներում, ինչը եւս մեծ արտաքին քաղաքական էնտուզիազմ չի ենթադրում։ Դրան զուգահեռ, նոր անորոշության շրջափուլ է թեւակոխում հետխորհրդային տարածքի ավտորիտար հատվածը, որը զգալիորեն պայմանավորված է նաեւ բռնապետերի կենսաբանական ծերացմամբ, մտավոր լճացմամբ, համակարգային մաշվածությամբ եւ հասարակությունների հոգնածությամբ՝ հեռուստատեսությամբ նույն դեմքերի գնալ-գալը տեսնելուց, եւ քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության զգացումով։

Այս ամենը չի կարող չառաջացնել Հայաստանում այն զգացումը, որ իրականում մենք միայնակ ենք դեմ առ դեմ մեր առաջ կանգնած մարտահրավերներին, եւ մեզ տրված է միայնակ հաղթահարել դրանք՝ ներքին թե արտաքին։

Սա պարունակում է թե՛ մեծ ռիսկեր, թե՛ մեծ հնարավորություններ։ Որքան էլ որ «ավանդական» են այդ ռիսկերը, կապված թե՛ մեր ագրեսիվ հարեւանների, թե «դարավոր բարեկամների» հետ, որը նույնպես «ավանդաբար»՝ այդ մեր ռիսկերի գլխավոր ռազմական «տանիքն» է, այնուամենայնիվ, նաեւ՝ բարեբախտաբար, ներքին միտումներով նրանք իրենց հնամաշ գաղափարներով եւ աշխարհահայացքով մայրամուտ են ապրում, արժանանալով արհամարհանքի դրսում եւ ինքաարհամարհանքի՝ ներսում, որոնց քայլերը պայմանավորված են ոչ այնքան բանականությամբ, որքան պարզ ֆրուստրացիայով։ Սա մի կողմից իրավիճակը դարձնում է ավելի անկանխատեսելի, մյուս կողմից, իրական բարեփոխումների ճանապարհ բռնած Հայաստանին հնարավորություն է տալիս այդ ռիսկերը կառավարելի հունի մեջ պահել։

Հայաստանն իր Զինված ուժերի աննախադեպ վերազինում է իրականացրել, եւ եկող տարվա ընթացքում գործընթացը շարունակելու է, ուժեղացնելով ռազմաօդային եւ հակաօդային բաղադրիչը, արդիականացնելով ցամաքայինը, մեծածավալ աշխատանքներ կատարելով բարոյա-հոգեբանական, թիկունքային ապահովման եւ մարտական պատրաստության ուղղություններով։

Իհարկե, սա ռիսկերի կառավարման «կոշտ» բաղկացուցիչն է, «վերջին հնարավորությունը», որը համալրվել է եւ հետագայում էլ ավելի պետք է ուժեղացվի դիվանագիտական եւ տեղեկատվական-հաղորդակցական բաղկացուցիչներով, խնդիրների եւ դրանց լուծման մասին պատկերացումների վերագնահատմամբ։ Եւ 21-րդ դարն այլեւս բացառում է այդ արվելիք աշխատանքի «բյուրոկրատական» տրամաբանությունը, այն է՝ որ դա միայն եւ բացառապես պետական ինստիտուտների գործն է, այն էլ փակ ռեժիմով։

Մեր հնարավորությունները լիովին թույլ են տալիս, որպեսզի ուղիղ, չմիջնորդավորված, լիածավալ եւ բազմամակարդակ հաղորդակցություն ապահովվի մեր բարեկամ հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ, որպեսզի բացառապես սեփական ռազմական եւ մտավոր ներուժով զսպվի Ադրբեջանը, որպեսզի սեփական շահերը ձեւավորելով եւ ձեւակերպելով Հայաստանը քաղաքական եւ անվտանգային երկխոսությունը խորացնի տարածաշրջանային բոլոր նշանակալի դերակատարների հետ, որոնք կիսում են մեր պատկերացումները ռիսկերի բնույթի եւ աղբյուրների վերաբերյալ՝ Միջերկրական ծովից մինչեւ Պարսից ծոց, որպեսզի տաբուներից, «հնդկական կովերից» եւ կարծրատիպերից զերծ գնահատականներով եւ անկաշկանդ հաշվարկներով, նախաձեռնողականությամբ եւ միաժամանակ՝ ճկունությամբ զինված հայկական դիվանագիտությունն ապահովի անվտանգության բարենպաստ միջավայր՝ երկրում հեղափոխական բարեփոխումների եւ զարգացման համար։

Մեզ շարունակելու է խորապես մտահոգել «նեո-ցարի» վայրենի նեոկայսերապաշտությունը եւ «նեո-սուլթանի» նեոօսմանական արկածախնդրությունը, մանավանդ, երբ նրանք սերտորեն սնուցում են միմյանց, ապահովելով այդ երկու պատմական թյուրիմացությունների կենսունակությունը։ Սակայն, քանի նրանք զբաղված են այլ թիրախներով, դրանց վրա ջարդելով դեռ մնացած ատամները եւ մսխելով ռեսուրսները, դա որոշակի ժամանակային պատուհան է ապահովելու Հայաստանի համար, որպեսզի այս անորոշության շրջափուլից երկիրը դուրս գա էականորեն ուժեղացած եւ բարձր վստահությամբ սեփական ուժերի նկատմամբ, լինելով ազատության եւ ժողովրդավարության եզակի բաստիոնը տարածաշրջանում։

Եվ մենք դա կարող ենք, եւ թող Աստված պահպանի բոլորիս։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031