Մոտ 20 օր առաջ «Հայաստանի փոքրիկ երգիչներից» հերթական ահազանգը հնչեց, քանի որ շինտեխնիկա էր մտցվել Արամի 23 պատմամշակութային հուշարձանի տարածք։ Հետո արդեն պարզ դարձավ, որ քանդման աշխատանքները համաձայնեցված չեն եղել քաղաքապետարանի հետ։ Մինչդեռ դրան նախորդել էր ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված, Արամի 23-ի՝ որպես մշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ իտալացի ճարտարապետի ներկայացրած ամրացման սխեման, որին Երեւանի քաղաքապետարանը տվել էր շինարարության թույլտվություն, իսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ վստահեցրել էր, որ հաջորդ օրն արդեն նախագիծը՝ ստորագրված, շինարարների ձեռքում կլինի։ Մեսչյանը նաեւ ընդգծել էր, որ կառույցը պետք է ամրացվի, որից հետո կիրականացվեն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարական աշխատանքները, որի միջոցով կստեղծվի հենապատը։ Վերջինը կպահի, ու կառույցը չի փլուզվի։
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանից հետաքրքրվեցինք, թե երբ են մեկնարկելու պատի ամրակայման աշխատանքները, նախագիծն արդեն տեսե՞լ է, ինչին ի պատասխան՝ Հեքեքյանը հիշեց Կոմիտասի խոսքերը. «Ափսոս, որ մենք խոսող ժողովուրդ ենք…, ես կարծում եմ՝ Կոմիտասն ուզում էր, որ մենք լինեինք երգող ժողովուրդ, բայց բանից պարզվում է, որ մենք միայն խոսում ենք, մենք ոչ էլ գործ ենք անում։ Հավանաբար, նա դա նկատի ուներ…»։
Ինչ վերաբերում է արդեն հաստատված որոշմանը, ապա. «Ինչ դուք եք լսել, նույնը ես եմ լսել։ Ինչ դուք եք տեսնում, դա ես էլ եմ տեսնում, հիմա, օրինակ, տեսնում եմ, որ շենքի մյուս սենյակի մի պատը հեռանում է, եւ շուտով դա էլ կքանդվի, հիմա խառնվել են իրար՝ իբր պետք է անեն։ Մինչդեռ, մոտ երկուսուկես ամիս առաջ նախարարի մակարդակով հանդիպում եղավ, եւ ինձ խոստացան, որ 2 օրից վերականգնման նոր նախագիծը կլինի, շատ արագ քաղաքապետարանն ու նախարարությունը պետք է հաստատեին ու սկսեին։ Ասացի՝ քանի քաղաքում եմ, բերեք տեսնեմ, բայց արդեն անցել է 2 ամսից ավելի, ու եթե դուք տեսել եք այդ նախագիծը, ուրեմն պետք է որ ես էլ տեսած լինեմ…։ Ասացի՝ իտալացիները դեռ մարտի 20-ին ձեզ հանձնել են վերականգնման նախագիծ, ինչո՞ւ չեք ուզում այդ նախագծով անել, հատկապես որ քաղաքապետարանը եւ մշակույթի նախարարությունը համաձայնություն են տվել այդ նախագծի էսքիզին։ Ասացին՝ թանկ է, անցավ 10 ամիս, ու հիմա նորից որոշում են անել իտալացիների նախագծով, ու այն դեպքում, որ իտալացիների գումարն էլ չեն տվել»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում