Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի արտիստներին հայհոյելը

Դեկտեմբեր 25,2019 10:00

Քիչ թե շատ ժողովրդավարական հասարակություններում իշխանություններին հակադրվելը, նրանց համար տհաճ կարծիքներ հնչեցնելը վտանգավոր զբաղմունք չէ՝ առավել եւս հիմա: Բայց եթե դա ճիշտ է, ապա երիցս ճիշտ է նաեւ այն, որ իշխանության ընդդիմախոսներին «քլնգելը» բացարձակապես քաղաքացիական արիություն չի պահանջում: «Վերնատունը» սրիկաների հավաքածու է», «Վազգեն Մանուկյանն ու Դավիթ Շահնազարյանը թալանչիների խոսնակներն են»՝ ի՞նչ է դա տալիս իմացաբանական առումով:Անդրադառնալ այդ գործիչների ասածի բովանդակությանը, համաձայնել կամ չհամաձայնել նրանց հետ, իհարկե, արժե: Բայց անիմաստ անեծքներով օդ ցնցելը կարող է երկու բացատրություն ունենալ: Կա՛մ մտնում են իշխանությունների, այսպես ասենք, աչքը՝ ինչ-որ ակնկալիքներով: Կա՛մ էլ մարդկանց սրտերը վառվում են ատելությունից, եւ լուտանքներն այդ կարեւոր օրգանը հովացնելու հատկություն ունեն:

Բայց եթե քաղաքական գործիչների հանդեպ նման բուռն զգացմունքները կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, ապա նույն վերաբերմունքն արտիստների նկատմամբ պարզապես ապշեցուցիչ է: Արվեստի ու շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ Քոչարյանին սատարումը վատ էր կազմակերպված. պետք էր հանդիպել յուրաքանչյուրին եւ ստանալ անձնական ստորագրությունը եւ ոչ թե զանգահարել նրանց եւ լսել «կեսբերան համաձայնությունը», որից այդ մարդկանցից շատերը հրաժարվեցին՝ վախենալով ընկնել ֆեյսբուքյան ակտիվիստների եւ ակտիվիստուհիների «դռբի տակ»: Բոլոր դեպքերում իրենց տեսակետն արտահայտած արտիստներին հայհոյելու միջոցով ինքնահաստատվելն ինձ տարօրինակ է թվում:

Անձամբ ես առանձնապես մեծ խնդիր չեմ տեսնում, եթե Քոչարյանը բուն դատավարությունը սկսելուց առաջ ազատության մեջ լինի: Ահռելի նյութական ռեսուրս ունեցող անձնավորությունը կարող է ազդեցություն ունենալ իրադարձությունների վրա թե՛ «ԱԱԾ նկուղից», թե՛ իր առանձնատնից:

Երկրորդ նախագահի «աջակցի» տեսագրությունը, որը ոստիկանությունը հրապարակել էր՝ ի հաստատումն այն բանի, որ Քոչարյանին չի կարելի ազատ արձակել, ինձ վրա բավականին կացնային քարոզչության տպավորություն է թողել: Ինձ համար ակնհայտ է նաեւ, որ ոչ մի դատավոր այլեւս չի համարձակվի փոխել Երկրորդ նախագահի խափանման միջոցը՝ հաշվի առնելով այն, թե ինչ են արել նման որոշում կայացած դատավորների հետ:

Բայց չեմ պատրաստվում միանալ նաեւ Քոչարյանին ազատելու կոչերին, ինչը կնշանակեր, որ աջակցում եմ «մեծ հումանիստին», «անմեղ մարդուն» կամ «քաղհալածյալին». իմ կարծիքով նա մղոններով հեռու է այդ կոչումներից: Բնականաբար, չեմ միանում նաեւ առանց դատ-դատաստանի գնդակահարելու կոչերին՝ իրավագիտակցության խնդիր է:

Անհատապես ես Քոչարյանին ներում եմ: Վերջերս գլխի ընկա, որ ռուսերեն «простить» բառն «ազգակցական կապեր» ունի «упростить» բառի հետ: Նա, ով ներում է, այդպիսով պարզեցնում է, հեշտացնում է իր կյանքը, ազատվում է բացասական բեռից: Բայց պետությունն այս փուլում իրավունք չունի Երկրորդ նախագահին ներելու, որովհետեւ այդպիսով բարդացնելու է մեր՝ քաղաքացիներիս կյանքը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան համաձայն եմ արտիստներին ոտատակ տալ պետք չի, բայց երբ մարդը հեռախոսով, ձեր ասած, կեսբերան ասածից հետո համաձայնություն է տալիս մի բանի ու հետո հրաժարվում իր խոսքից, նշանակում է ինքն իր խոսքը չի կարեւորում, մի տեսակ անլուրջ է: Հայաստանի քաղաքացիների համար ցավալի է, որ մեր արտիստների մի մասը անլուրջ է:

  2. Աշոտ says:

    Ես ոչ կարմիրների կողմից եմ, ոչ էլ սպիտակների։ Իմ խրճիթը եզրից դուրս է։ Ոչ նորերին եմ դեմ (յա՞, իրո՞ք) ոչ էլ հներին (սա ավելի ճշմարտանման է)։ Կարևորը ոչ մեկի հավին քշա չասելն է, թե չէ՝ ո՞վ գիտի վաղն ինչ կլինի։ Ամենալավ դիրքորոշումն է սա, որն ապահովում է երկար ու խաղաղ ծերություն։ Կարևորը՝ բոլորի համար լավամարդ լինելն է։ Բա իհարկե՛, ի՞նչ կարիք կա անցավ գլուխը ցավի տակ դնել։
    Պարոն Աբրահամյան, միգուցե գիրք գրեք, ասենք <> թեմայով։
    Ձեզանից կարելի է շատ բան սովորել։
    Հ.գ. այնպես չէ, որ ես կոչ եմ անում հներին վառել և նորերի ոսկե արձանը կառուցել։ Խոսքս բնավ դրա մասին չի, այլ այն տպավորության, որը ես ստացա խմբագրի սյունակը կարդալիս։
    Հարգանքով…

  3. Աշոտ says:

    Գիրք գրել Թշնամիներ չվաստակելու նուրբ արվեստը թեմայով։

  4. Հ.Շ. says:

    «ներո՞ւմ»… բայց… ե՞րբ, ինչպէ՞ս, որո՞ւ կողմէ հաստատուեցաւ յանցագործութիւնը, ո՞ւր է դատավճիռը, որպէսզի ներում լինի:

    «Պետութիւն» բառն ալ այդտեղ իմաստէ զուրկ է, երբ որ նոյն յօդուածին մէջ կը նշուի թէ՝ «ոչ մի դատավոր այլեւս չի համարձակվի փոխել Երկրորդ նախագահի խափանման միջոցը՝ հաշվի առնելով այն, թե ինչ են արել նման որոշում կայացած դատավորների հետ:» …

    Երեւի «պետութիւնը՝ ե՛ս եմ» պատմական խօսքերուն լոյսին տակ պէտք է հասկանալ այստեղ այդ «պետութիւն» բառը:

    Իսկ, ի միջի այլոց նաեւ այս խնդրին մէջ, ճիշդ ո՞վ է որ «բարդացնում է ձեր՝ քաղաքացիներիդ կյանքը:» Այս մարդը բանտարկուելէն առաջ երկրէն դուրս էր, չէ՞: Իրենք կանչեցին, եկաւ:

    Նոր վարչակարգի ամէնաէական սխալը այս գործընթացը եղաւ: Հիմնուած այն խորապէս սխալ հաշիւին վրայ թէ ամէն մարդ բացարձակապէս ատում է Ռոբերտ Քոչարյանը, թէ համայն հայութիւնը պիտի միայն հրճուի նրա բանտարկութեամբ: Նաեւ, սխալ չափեցին իր ուժը: Կամ ել՝ իրենց ուժը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031