Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյանի ամանորյա հորդորը՝ ժողովուրդ ջան, էդքան ուտելն էլ ճիշտ չի, էլի

Դեկտեմբեր 25,2019 15:00

Պարզվում է՝ նախարարին հանդիպել են խանութում՝ Նոր տարվա համեստ գնումների ցուցակը ձեռքին, այն լրագրողի ցուցակից չի տարբերվել:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին «Առավոտը» հարցրեց՝ Ամանորը մոտենում է ու հաշվի առնելով հայկական մենթալիտետը, գիտեք, որ այս օրերին մարդիկ այսպես ասած «թալանում» են բոլոր հնարավոր խանութները ու ինչ հնարավոր է ու ինչքան հնարավոր է լցնում սեղանների վրա, որպես ֆինանսիստ, ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց, այս տարի ինչպե՞ս անեն, որ ընտանեկան բյուջեն լուրջ ճեղքվածք չտա: Նախարարը պատասխանեց. «Շատ բարդ հարց է, գիտեք, մենակ էս տարի չէ, մյուս տարի էլ եւ առաջիկա տարիներին էլ պետք է ձեռնպահ մնալ ուտելիքի, խմելիքի նկատմամբ այդպիսի ընդգծված մոտեցումից, էդ լավ բան չի, նույնիսկ չեմ ուզում ասել ցուցամոլություն, պետք է ձեռնպահ մնալ դրանից: Մենք հաստատ դրա կարիքը չունենք, էլի, էնքան, ինչքան մեզ թույլ ենք տալիս: Մենք պետք է կարողանանք մի պահ կանգ առնել ու իրեն վերաբերվել՝ որպես խորհուրդ, ոչ թե այնպես, որ պարտադիր գրված բաներ կան՝ մեկից հարյուր գործողություններ ու սա, սա, սա, նա պետք է անել ու սկսեն, օրինակ, նոյեմբերի կեսերից: Ամեն ինչ ըստ էության պլանավորված է, չէ՞, որպես կանոն, ու դա ավանդաբար փոխանցվում է: Մի տեղ պետք է կարողանալ կանգ առնել, այ դա կլինի կտրուկ փոփոխություն վիճակի նկարագրության: Պետք է կանգ առնել ու ասել, որ դա այն տեսակետից չի, որ արտասովոր օր է, դա ընդհանրապես իրեն դարձրել է ոչ արտասովոր, սովորական, շարքային, էդ օրվան համարժեք օր: Դրա համար պետք է կանգ առնել եւ դրա մասին այլեւս չմտածել»:

Երբ ասացինք՝ կյանքը ցույց է տալիս, որ տարեցտարի ավելի են ճոխացնում, մի տարի կոկորդիլոսի մսին հասան, այս տարի կարող է զեբրի միսը նորաձեւ լինի ու հարգի լինի՝ նախարարը պատասխանեց. «Այո, դա խնդիր է, որի հետ կապված ես ակնկալում եմ ձեր մասնակցությունը: Այ որ դուք օգտագործեք ձեր գործիքակազմն ամբողջությամբ՝ հանրությանը տեղ հասցնելու այդ միտքը, որ ժողովուրդ ջան, հերիք է, եկեք էլ այդպես չանենք իրար հետ, որովհետեւ ամեն մեկը մտքում ասում է՝ դե ճիշտ չի: Մեկ-մեկ բարձրաձայն էլ են ասում՝ դե, ճիշտ չի, բայց դա մտածում են ուրիշների հանդեպ, ասում է՝ թող ես անեմ, բայց մյուսները էլ էդպես չանեն, էլի: Ինչի՞ եք անում, ա՛յ մարդ, մի արեք, անհարմար չի՞: Ու չի մտածում, որ իրենից պետք է սկսել: Այ որ դուք այս միտքը տեղ հասցնեք, մենք կընկնենք  ճիշտ հունի վրա: Դա բարդ է լինելու, էդքան հեշտ չեք տեղ հասցնելն, ասեմ»:

Մենք հետաքրքրվեցինք՝ դուք ձեր օրինակով ցույց տալի՞ս եք դա՝ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Բավականին լավ եմ դա անում իմ կարծիքով: Բայց դա շատ անձնական է, չեմ կարող ասել»:

Մինչ պարոն Ջանջուղազյանը երկմտում էր՝ ասի՞, թե ինքը ինչպես է անցկացնում տոները, լրագրողներից մեկը միջամտեց ու սկսեց պատմել, թե պարոն Ջանջուղազյանի ամանորյա գնումների ցուցակում ինչ է լինում: Պարզվում է՝ լրագրողը նախորդ տարի ամանորյա գնումների ժամանակ խանութներից մեկում հանդիպել է Ատոմ Ջանջուղազյանին՝ գնումների ցուցակը ձեռքին. «Տեսնեմ՝ մի ցուցակ ես եմ նայում, մի ցուցակ՝ ինքը: Մենք ցուցակները նայեցինք, հետո համեմատեցինք, պարզվեց՝ նույն բանն է գրած, ցուցակները չէին տարբերվում»: Այսինքն, լրագրողի գնումների ցուցակն ու նախարարինը գրեթե նույնն է եղել:

Լրագրողները կատակեցին՝ պարոն Ջանջուղազյան, քաղաքացիների բարեկեցությունը լավացել է երեւի, մարդիկ շատ փող ունեն, շատ են ծախսում, ի՞նչ կա դժգոհելու՝ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Ծախսելու մասին չի խոսքը, լավ են անում՝ ծախսում են, ճիշտ են անում, խոսքը ուտելուն էր վերաբերվում: Թող այնքան հնարավորություն ունենան, որ ոչ մի բանի մասին չմտածեն, բայց էդքան ուտելն էլ ճիշտ չի, էլի»: Մենք կարծում էինք, որ պարոն Ջանջուղազյանը շատ ուտելուն դեմ է, որովհետեւ չի ուզում մարդիկ անտեղի չաղանան, ճարպակալեն, մինչդեռ, պարզվում է՝ նախարարն էլի պետական բյուջեի դարդին էր: Նրա խոսքով՝ «Թունավորման դեպքերը մի խայտառակ ծանրաբեռնվածություն է առաջացնում առողջապահության համակարգի համար: Իրենք էլ են չէ՞ մեր մի մասը: Առողջապահության համակարգի մասին պետք է մտածել, իրենք մեր պատճառով, մեր անկուշտ ցանկությունները հագուրդ տալու պատճառով ստիպված են լինում ծառայել, աշխատել ծանրաբեռնված ռեժիմով, մի քանի պատիկով ավելի, քան սովորական օրերին, որովհետեւ մենք անընդհատ ուտում, խմում, թունավորվում ենք, գնում ենք ո՞ւր՝ բուժծառայության դիմելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031