Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի հարցի լուծումը կախված է 3+3 ձեւաչափից»

Դեկտեմբեր 25,2019 14:30

Քանի դեռ Բաքվում զբաղված են իշխանության փոփոխությամբ, արցախյան հարցի կարգավորման շուրջ լարվածության աճ չպետք է սպասել. «Առավոտի» զրուցակիցն է ռուսաստանցի վերլուծաբան, Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:

«Ղարաբաղի հարցի լուծման գործընթացում ներկայումս որոշակի վերաձեւակերպում է ընթանում: Դեռ տասը տարի առաջ, երբ ստեղծվեց մեր ինստիտուտը, ես ասում էի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք չի լուծելու Ղարաբաղի հարցը, այն միայն սառեցնում էր հակամարտությունը եւ Հայաստանին ու Ադրբեջանին միայն մոլորության մեջ է գցում»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի գործադիր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը: «Իմ համոզմամբ, Ղարաբաղի հարցի լուծումը կախված է 3+3 ձեւաչափից, որում ընդգրկված են լինելու տարածաշրջանի 6 երկիր`Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Իրան, Ադրբեջան եւ Թուրքիա: Ես վստահ եմ, որ այսօր արդեն պետք է բացել նոր էջը, քանի որ արդեն ձեւավորվում է նոր հիմք: Պետք է վերապրել ադ, ասպես կոչված անցումային շրջանը եւ արդեն այս հարթությունում վարել բանակցությունները»,- ասաց մեր զրուցակիցը: Այս ձեւաչափում, ըստ վերլուծաբանի, Թուրքիան լինելու է Ադրբեջանի թիկունքում, իսկ Հայաստանի թիկունքում կանգնած է լինելու Ռուսաստանը: Մեր զրուցակցի կարծիքով, Իրանն այս փուլում, իբրեւ ԱՄՆ-ի հետ լուրջ առճակատման մեջ գտնվող երկիր, կարող է բարդություններ առաջացնել, բայց միեւնույն է, տարածաշրջանային կայունությունը եւ Արցախի հարցի լուծումը կախված է մեծ տարածաշրջանում դոմինանտ դերակատարում ունեցող հենց այս երեք սուբյեկտներից:

Փորձագետի կարծիքով, Մինսկի խմբի շրջանակում, բացի ՌԴ-ից, որեւէ այլ երկիր լրջորեն հետաքրքրված չէ, որ հարցը լուծվի՝ հաշվի առնելով Հայաստանի շահերը. «Իմ կարծիքով, այսօր աշխարհում չկա մի առաջնորդ՝ բացառությամբ ՌԴ նախագահի, ով հավասարաչափ կցանկանար կառուցողական հարաբերություններ ունենալ ՀՀ-ի ու Ադրբեջանի հետ, ունենար մեծ հեղինակություն երկու երկրներում, ինչպես նաեւ տեր կանգներ իր խոսքերին եւ խորամանկություններ չաներ բանակցային գործընթացում»: Եւ անկախ նրանից, թե հիմա ի՞նչ տարբերակ է դրված բանակցային սեղանին կամ ինչ փաստաթղթի շուրջ կշարունակվեն բանակցությունները, նա նկատում է, որ Մինսկի խմբի միջոցով առաջ մղվող առանցքային առաջարկը, խաղաղապահների տեղակայումն է, որպեսզի հետո այնտեղ տեղակայվեն ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն, մինչդեռ Հայաստանի ղեկավարությունն այն դիրքորոշմանն է, որ նման բան չի կարելի թույլ տալ:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզին`Արցախը բանակցային սեղան վերադառնալու մասին, Վլադիմիր Լեպյոխինն ասաց. «Ղարաբաղը պետք է բանակցային սուբյեկտ դառնա: Դրա համար անհրաժեշտ է ջանք գործադրել այդ տարածքի ինքնիշխանացման համար, որպեսզի այնտեղ իշխանությունների ազատ ընտրություններ անցկացվեն»: Միաժամանակ, նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանին այս առաջադրանքից շարունակում է շեղել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված չլուծված իրավիճակը:

Ինչ վերաբերվում է առաջիկայում ադրբեջանում կայանալիք արտահերթ ընտրություններին, հարեւան երկրի իշխանությունում արդեն եղած եւ ընտրությունների արդյունքում սպասվող փոփոխություններին, Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների հնարավոր անդրադարձերին Արցախի կարգավորման գործընթացի վրա, Վլադիմիր Լեպյոխինն ասաց, որ գործընթացն ինքնին կհանգեցնի Ադրբեջանում քաղաքական անկայունության եւ սահմանային լարվածության թուլացման: Եվ քանի դեռ Բաքվում զբաղված են իշխանության փոփոխությամբ, արցախյան հարցի կարգավորման շուրջ լարվածության աճ չպետք է սպասել: Բայց, նրա կարծիքով, դա Հայաստանին «թուլանալու» առիթ չպետք է տա. «Հայաստանի համար հիմա կարեւոր է ՌԴ-ի հետ պահպանել գործընկերության բարձր մակարդակը եւ տնտեսական զարգացման բարձր տեմպերը»:

Վլադիմիր Լեպյոխինը Հայաստանում էր գտնվում Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «Հայ-ռուսական հարաբերությունները 2019 թվականին. Հնարավորությունների նոր պատուհան» միջոցառման շրջանակներում: ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենի կարծիքով, ՀՀ նոր իշխանություններին հաջողվում է պահպանել Հայաստանի տնտեսական անկախությունը եւ երկիրը զերծ պահել Արժույթի միջազգային հիմնադրամի «ցանցում» հայտնվելուց: Ամփոփելով անցնող տարին՝ նա կարեւոր ձեռքբերում է համարում այն, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխութան արդյունքում Հայաստանի նոր իշխանության համար եւս կարեւորվեց ԵԱՏՄ-ում Հայաստանի զարգացման հեռանկարը եւ անկախ մեր երկրների շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակներից, հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական եւ դինամիկ զարգանում են: Նրա կարծիքով, որոշ ուղղություններով Հայաստանը եւ ՌԴ-ն ոչ միայն պաշտպանում են այլ խորացնում համագործակցությունները: Խոսքը Սիրիայում հայ-ռուսական համագործակցությունների խորացման մասին է, որտեղ Հայաստանը եւ ՌԴ-ն, փորձագետի համոզմամբ, հաղթող կողմում են: Նրա գնահատականներով, անցնող տարին նաեւ ակնհայտ դարձրեց Մերձավոր Արեւելքում ՌԴ-ի հեղինակության աճը, այնպես, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան հարավային ուղղությամբ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի ընդհանուր ֆորպոստն է:


Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    3պլյուս3 ձևաչափի դեպքում Հայաստանը կմնա մենակ,ինչպես 100տարի առաջ էր…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031