«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը երեկ հայտարարություն տարածեց՝ որոշել են, որ Դավիթ Խաժակյանը շարունակելու է մասնակցությունը Երեւանի ավագանիում: Մինչդեռ դեկտեմբերի 17-ին ԼՀԿ-ն հայտարարել էր, որ Խաժակյանի՝ ավագանիից հետ կանչելու հարցը պետք է քննարկեն, քանի որ ավագանիում բովանդակային քննադատությունն այլեւս չի դառնում ուղղություն «Լույս» խմբակցության պարագայում, որի դեպքում ԼՀԿ-ն չի ունենում վերահսկողություն, ԼՀԿ-ի մեկ անդամի ձայնը՝ բովանդակային քննադատությունը, այլեւս լսելի չի լինում: Հիշեցնենք, ԼՀԿ-ն նման մտադրություն ուներ, քանի որ, ինչպես այս կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան էր ասել՝ Դավիթ Խաժակյանը բացահայտել էր պաշտոնեական կեղծիք, եւ դրա լուսաբանումը չի եղել, բայց լուսաբանվել է քաղաքապետի ծիծաղն ու այլ հարցեր: Իսկ այլ հարցերը լուսաբանելը վերաբերում էր «Լույս» խմբակցության մեկ այլ անդամի՝ Թեհմինա Վարդանյանի ելույթին, որտեղ նա քաղաքապետին իր վրդովմունքն էր հայտնում:
«Առավոտ»-ը զրուցել է Թեհմինա Վարդանյանի հետ:
-Տիկին Վարդանյան, Դավիթ Խաժակյանը փաստորեն կշարունակի իր մասնակցությունը ավագանիում: Ի՞նչ կարծիք ունեք: Խոսե՞լ եք Խաժակյանի հետ, ձեզանից նեղացա՞ծ չէ, ձեր ելո՞ւյթն էր այս ամենի պատճառը:
-Առաջին իսկ օրվանից մինչեւ նույնիսկ պարոն Մարուքյանի հայտնի ասուլիսը, ես ասել էի եւ չեմ սխալվել, պարոն Խաժակյանը չդրեց մանդատը, ինչի համար ես անկեղծորեն շատ ուրախ եմ: Այս ընթացքում խոսել եմ պարոն Խաժակյանի հետ, միասին գլխադասային հանձնաժողովի նիստերի ենք եղել, տարբեր հարցեր ենք քննարկել: Բնականոն աշխատանքային գործընթաց էր: Ես պարզ եւ բաց նայում եմ բոլորի աչքերին: Իսկ մնացյալի հետ կապված՝ չեմ ուզում անդրադառնալ «Լուսավոր Հայաստանի» հայտարարությանը: Ըստ՝ իս, սա որոշակի արհեստական բնույթ էր կրում, արհեստական բնույթի աղմուկ էր, որը հուսով եմ, շուտով կանցնի: Ինչ վերաբերում է հայտարարությանը, որտեղ նաեւ տարանջատման մասին են խոսել, իհարկե, սա շատ լավ է, բայց ուզում եմ ընդգծել, որ տարանջատումը միշտ է եղել, որովհետեւ միշտ ե՛ւ հասարակության անդամները, ե՛ւ լրագրողները, ե՛ւ քաղհասարակությունը իմացել են, որ Դավիթ Խաժակյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչն է, իսկ ես եւ տիկին Անի Խաչատրյանը՝ «Հանրապետություն» կուսակցության: Բայց, եթե կարիք կար եւս մեկ անգամ դա ավելի հաստ գծով ընդգծելու, թող որ տաս անգամ ավելի հաստ գծով ընդգծեն:
Կարդացեք նաև
-Ասացիք, որ գիտեիք՝ Խաժակյանը մանդատից չի հրաժարվի, բայց ոչ թե Խաժակյանն է որոշել չհրաժարվել մանդատից, այլ՝ կուսակցության կառավարման խորհուրդը:
-Ես ըմբռնումով եմ մոտենում կուսակցությանը եւ մասնավորապես պարոն Խաժակյանին, որովհետեւ պարոն Խաժակյանն իմ սիրելի գործընկերն է, եղել է, եւ շարունակելու է մնալ՝ անկախ ամեն ինչից:
-Ձեզանից նեղացա՞ծ չէր, նորմա՞լ եք շփվել:
-Ասեմ ավելին՝ մենք իրար պաչելով բարեւել ենք:
-Այսինքն, շարունակելու եք նորմալ շփումները, ասենք՝ ավագանու նիստից առաջ կամ ընդմիջմանը միասին սուրճ եք խմելու, հարցեր եք քննարկելու, բայց միասնական նախագծեր չե՞ն լինելու:
-Սուրճ չենք խմել, որովհետեւ երեկոյան ժամերին ենք հանդիպել, բայց կխմենք սուրճ, եւ ոչ միայն սուրճ: Վստահեցնում եմ՝ այդ հարաբերություններում որակապես փոփոխություններ չեն եղել եւ կարծում եմ՝ չեն էլ լինելու, որովհետեւ պարոն Խաժակյանի հետ 3 տարի է այնպիսի բաների միջով ենք անցել, մանավանդ հաշվի առնելով, որ ես առանձնացնում եմ պարոն Խաժակյանին եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
-Ի վերջո խոսե՞լ եք Խաժակյանի հետ այն մասին, ինչ ասում էր Մարուքյանը, թե՝ Խաժակյանը կարեւոր բաներ է ասում, իսկ այլ անդամներ շեղում են թեման: Ձեր մեղավոր լինել-չլինելու մասին նրա հետ խոսե՞լ եք:
-Կոռեկտ չեմ համարում իրենց կուսակցության հայտարարության մեջ թաթախվելը:
Պարոն Խաժակյանը շատ լավ տեղեկացված է, եւ ձեզ վստահեցնում եմ՝ ես ոչ այդքան գումար ունեմ, ոչ էլ այդքան ռեսուրս ունեմ, որ փորձեմ մամուլն ինձնով լուսաբանել կամ լցնել: Ես մեղավոր չեմ:
-Ի՞նչ գումարի մասին է խոսքը, գումարն ի՞նչ կապ ունի:
-Դե, որ գովազդ դնեմ, եւ այլն, եւ այլն: Կամ մամուլն իմ եւ պարոն Խաժակյանի մեջ տարանջատում անի: Ոչ: Ուղղակի էմոցիոնալ ելույթ էր: Իհարկե, կինը կարող է, չէ՞ էմոցիոնալ լինի՝ եթե տղամարդն իր տեղում չէ:
-Տղամարդ ասելով՝ նկատի ունե՞ք Հայկ Մարությանին, որ ասում եք՝ իր տեղում չէր:
-Նկատի ունեմ նիստը վարող անձին, ով բազմաթիվ անգամներ փորձում է տանի այլ դաշտ:
– Այսինքն, Հայկ Մարությանը հուզո՞ւմ է ձեզ:
-Այո, փաստացի այո: Որովհետեւ ես նիստին մի անգամ անհայտ անձին ասել էի՝ պարոն ԺՊ, Մարությանը տարել էր անձնական դաշտ, ասելով, որ ես վիրավորում եմ: Իր մոտ դա ստացվում է՝ մանիպուլյացիա անել: Ինչ վերաբերում է իմ եւ Խաժակյանի դիտելիությանը՝ ես միտումնավոր չեմ արել:
-Ի վերջո, ասեք՝ խոսե՞լ եք Խաժակյանի հետ, դուք իսկապե՞ս նրան խանգարել եք:
-Պարոն Խաժակյանը երբ պատրաստ կլինի ինձ հետ այդ թեմայով խոսել՝ կխոսի:
–Ձեր այդ հայտնի ելույթում քաղաքապետին սպառնացիք, որ իր եւ Գագիկ Խաչատրյանի որդու հետ «WhatsApp» հավելվածի խոսակցությունը կհրապարակեք: Ինչի՞ մասին է խոսքը, ձեզ ո՞վ է տրամադրել այդ անձնական խոսակցության բովանդակությունը:
-Այ դա արդեն չեմ ասի: Պարոն Մարությանն, ինձ թվում է, հասկացավ:
-Այդ զրուցարանի ձայնագրությունը կամ սղագրությունը կարող է տրամադրի կամ ԱԱԾ-ն կամ Խաչատրյանի որդին:
-Խաչատրյանի որդիներին չեմ ճանաչում, շատերի որդիներին եմ ճանաչում, բայց Խաչատրյանի որդիների հետ Հայկ Մարությանն է մտերմիկ հարաբերությունների մեջ:
-Մնաց ԱԱԾ-ի տարբերակը կամ գուցե հենց Մարությա՞նը:
Ծիծաղում է:
-Արդեն կարծում եմ այդ խոսակցությունն ակտուալ չէ, դա կապված էր տարածքի հետ, որտեղ Խաչատրյանները շենք են կառուցում:
-Դավիթ Խաժակյանի հետ ինչպե՞ս եք աշխատելու, արդեն առանձին-առանձի՞ն նախաձեռնություններով:
-Միասին նախագծեր ենք տանելու, միասին աշխատելու ենք, որեւէ բան չի փոխվել: «Լուսավոր Հայաստանն» արհեստական աղմուկ ստեղծեց, այդ աղմուկի համար ինքն է պատասխանատու եւ ինքն է փակելու այդ աղմուկը: Պարոն Խաժակյանը կարող էր դուրս գալ «Լույս» խմբակցությունից եւ մնալ ավագանու անկախ անդամ, բայց դուրս չեկավ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2019