Լրահոս
Օրվա լրահոսը

Passenger.am-ի համահիմնադիրը` անբարեխիղճ ավիաընկերությունների եւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին

Դեկտեմբեր 25,2019 13:00

Passenger.am ընկերության համահիմնադիր եւ տնօրեն Վաներ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենց ընկերությունը միջնորդ է հանդիսանում ուղեւորի եւ օրինախախտ ավիաընկերության միջեւ, եթե խոսքը վերաբերում է ուղեւորների խախտված իրավունքներին թռիչքի հետաձգման, չեղարկան կամ ինքնաթիռ նստելը մերժելուն:

Նրա խոսքերով՝ ԵՄ ներսում գործում է 261/2004 կանոնակարգը, որը պարտադիր է ԵՄ-ում գրանցված ավիաընկերությունների, ինչպես նաեւ ԵՄ-ից այլ երկրներ ուղեւորափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների համար: Նրա փաստմամբ, ցավոք, հայկական շուկայում իրավագիտակցության խնդիր կա: Ուղեւորները իրավունք ունեմ դեպքի օրվանից սկսած մինչեւ երկու տարի ժամանակահատվածում  դիմել եւ ավիաընկերությունից ստանալ համապատասխան փոխհատուցում՝ կախված հեռավորությունից:

Նա տեղեկացրեց, որ մի քանի ամիս է, ինչ շուկայում են, եւ բազմաթիվ են դեպքերը, երբ իրենց միջնորդությամբ լուծվել են ուղեւորների խնդիրները: «Մի քանի տասնյակից ավելի փոխհատուցումների դեպքեր կան հայկական շուկայում եւ հայկական շուկայից դուրս: Passenger.am-ը առցանց հարթակ է, հայտը առնցանց է լրացվում, հետագայում կարող է գործը անգամ հասնել դատարան, եթե ավիաընկերություններն անընդհատ խոչընդոտեն, որ ուղեւորը փոխհատուցում չստանա: Առաջնահերթը մեզ համար հայ ուղեւորների իրավունքների պաշտպանությունն է, քանի որ օրենսդրական մեծ բաց կա: Ավիացիայի մասին օրենքն անկատար է, շատ հին, այն ասես ուղեւորի համար չգրված օրենք է»,-ասաց Վաներ Հարությունյանը:

Հավելեց, որ Passenger.am-ը նախնական կերպով ուսումնասիրում է հայտի փոխհատուցելի լինելը եւ հետագայում հայտնում այն ընդունելու կամ չընդունելու մասին, ապա սկսում է փոխհատուցման պահանջով հայտը, եթե այն փոխհատուցման ենթակա է: Ավիաընկերության հետ բանակցությունների եւ գործի վերջնական արդյունքների մասին Passenger.am-ը տեղեկացնում է ուղեւորին: Ուղեւորը ստանում է հասանելիք փոխհատուցումը՝ հարցին դրական լուծում ստանալու դեպքում: Ողջ աշխատանքը կատարում է իրենց ընկերությունը, ընդ որում, մինչեւ փոխհատուցում ստանալը ուղեւորը որեւէ գումար չի վճարում: Նաեւ փոխհատուցում չստանալու դեպքում ուղեւորը Passenger.am-ին որեւէ գումար չի վճարում: Փոխհատուցումը ուղեւորի անունից ստանում է Passenger.am -ը եւ՝ իր միջնորդավճարը գանձելուց հետո (25%), փոխանցում ուղեւորին:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ որոշ ավիաընկերությունների, որոնց պարագայում պատահել է, որ հայ ուղեւորներից մի մասին չի հաջողվել ինքնաթիռ նստել` չնայած առկա տոմսերին: Passenger.am-ի համահիմնադիրը նշեց. «Մասնավորապես ուկրաինական ավիաընկերությունն օգտվում է այն հանգամանքից, որ չկան սանկցիաներ կիրառելու հստակ մեխանիզմեր ՀՀ քաղավիացիայի կողմից, ի տարբերություն եվրոպականի: Ուղեւորներ ունենք, որոնք Հռոմ-Կիեւ-Երեւան են թռել, Հռոմից Կիեւ նորմալ հասել են, Կիեւից Երեւան հասնելու համար 10 ժամ նրանց պահել են առանց որեւէ պատշաճ հոգատարություն ցուցաբերելու: Ռումինական «Տարոմ» ավիաընկերության հետ կապված էլ խնդիր կա: Այն իրականացնում է Բուխարեստ-Երեւան-Բուխարեստ չվերթը, բայց հայ ուղեւորները զրկված են սպասարկումը բողոքարկելու եւ փոխհատուցում ստանալու իրենց իրավունքից։ Այս թեմային նաեւ «Հետքն» է քանիցս անդրադարձել»:

Մեր զրուցակցի խոսքերով, Եվրամիության բոլոր ավիաընկերությունները ենթարկվում են ուղեւորների փոխհատուցման վերաբերյալ կարգավորմանը, ըստ որի՝ թռիչքի ուշացման, հետաձգման կամ չեղարկման դեպքում ուղեւորը ստանում է դրամական փոխհատուցում։ Մասնավորապես, այս կարգավորումը սահմանում է, որ 1500 կմ կամ ավելի քիչ հեռավորությամբ թռիչքների ուշացման, հետաձգման դեպքում ուղեւորը ստանում է 250 եվրո փոխհատուցում, 1500-3000 կմ թռիչքների դեպքում՝ 400 եվրո, իսկ 3000կմ-ը գերազանցողների դեպքում՝ 600 եվրո փոխհատուցում։

Վաներ Հարությունյանի ձեւակերպմամբ, հարցին օրենքով պետք է խորքային լուծում տրվի, այսինքն, ըստ նրա` Քաղավիացիային պետք է տրվի այնպիսի լիազորություն, որ կարողանա պատժամիջոցներ կիրառել ցանկացած ավիաընկերության նկատմամբ, որը խախտում է ուղեւորի՝ որպես հիմնական սպառողի իրավունքները, ոտնահարում շահերը: Նրա խոսքերով, վաղուց հասունացել է օրենսդրական փոփոխություններ անելու ժամանակը: Passenger.am-ի համահիմնադիրը փաստում է, որ մեր հարեւան վրացիները գրեթե ամբողջությամբ ընդունել են եվրոպական 261 կանոնակարգը, որը կարգավորում է ուղեւորների շահերը:

«Ավիափոխադրողների գիտեմ, որոնք Հայաստանում անպատժելիության մթնոլորտում են իրենց զգում, նույնիսկ խտրական վերաբերմունքի համար դատական գործ սկսելը մեծ պատմություն կլինի ուղեւորի համար, նրանք չեն հարգում մեր ուղեւորին: Վրացական օրինակն ինձ համար ընդունելի է: Իրենք ունեն Քաղավիացիայի մասին օրենքը եւ հատուկ հրաման` ուղեւորների իրավունքների պաշտպանությունը չեղարկման, հետաձգման եւ ինքնաթիռ նստելը մերժելու դեպքում, սա կիրառվում է բոլոր ավիաընկերությունների հանդեպ՝ եւ եկող, եւ գնացող»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա ուղեւորների հանդեպ խտրական վերաբերմունքին էլ անդրադարձավ. «Ունենք դեպք, որ թռիչքը նորմալ իրականացվել է, բայց հայ ուղեւորին դուրս են թողել, ուրիշ ուղեւորի տալով առավելություն… Ուղեւորները պետք է իմանան, որ եթե ԵՄ տարածքից թռիչք են կատարում, եւ եթե անգամ դա ոչ եվրոպական ավիաընկերություն է, ապա պարտավոր է փոխհատուցել ուղեւորի կորցրած ժամանակի համար, մինչդեռ մեր քաղավիացիայի կողմից պատժամիջոցներ կիրառելու համար օրենսդրական դաշտը թերի է»:

Մի օրինակ էլ իր հետ կապված բերեց. «Ես ճամփորդում եմ եվրոպական ավիաընկերություններից մեկով, ասում եմ` ինձ ուտելիք պետք է առանց ալերգիկ նյութերի, դա այլ ուղղություններով թռչելիս ապահովում են, իսկ դեպի Երեւան թռչելիս՝ ոչ: Ուղեւորը ամենամեծ սպառողներից մեկն է, եթե տուրիզմ ենք ուզում զարգացնել, նման հարցերին եւս պետք է շատ լուրջ վերաբերվենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031