Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային երաժշտությունը՝ բանտից մինչեւ մանկապարտեզ

Դեկտեմբեր 25,2019 12:30

Հարցազրույց քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի հետ

 – Որո՞նք էին ձեզ համար 2019-ի վառ իրադարձությունները:

– Չնայած 2019-ը բավականին բարդ տարի էր, բայց հագեցած էր համերգային եւ մշակութային կյանքով: «Տաղարանով» (ղեկ.՝ Սեդրակ Երկանյան) հանդես եկանք բազմաթիվ դպրոցներում, եղանք Արմավիրի քրեակատարողական հիմնարկում՝ որտեղ նվեր ստացա ցմահ բանտարկյալներից իրենց իսկ ձեռքով պատրաստված խորհրդանշական նուռը եւ կալան: Ներկայացրեցինք մեր հնագույն մաքրամաքուր գանձերը եւ ողջ տարին համերգներով մեր հանդիսատեսին հոգեւոր սնունդ ապահովեցինք:

Տարբեր մշակութային երեկոների շրջանակներում կազմակերպված համերգների հյուր եմ եղել եւ մեծ սիրով ներկայացրել մեր ազգային նվագարանը:

Մենահամերգով հանդես եկա Արզնիում, որը փակ երեկո էր եւ հանդիսատեսը այլ ազգերի ներկայացուցիչներ էին: Ողջ երեկո հնչեցին բացառապես հայկական, ազգային, ժողովրդական, կոմպոզիտորական ստեղծագործություններ, հատուկ առանձնացնեմ Կոմիտաս: Մենահամերգը կայացավ դաշնամուրի նվագակցությամբ, դաշնակահարը Մարի Մինասյանն էր: Ներկայացրեցի քանոն նվագարանը ու պատմությունը: Շատ մեծ ոգեւորությամբ ունկնդրում էին, հարցեր հղում, յուրահատուկ դրական արձագանք էին տալիս: Իրենց համար օտարազգի մշակույթը շատ ջերմ ու սրտամոտ էին ընկալում, անգամ հուզվեցին: Սայաթ- Նովայի ստեղծագործություններից ցնցվել էին: Շատ տպավորված էին, համերգի ավարտին յուրաքանչյուրը մոտենում՝ իր հիացմունքն էր կիսում:

Վերջերս, մեր տաղանդաշատ նկարիչ Աշոտ Թադեւոսյանի առաջարկով, մի շատ հետաքրքիր ու կարեւոր մշակութային խաչմերուկ-ծրագիր իրագործեցինք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որը կրում էր «Կյանքը գեղեցիկ է» խորագիրը: Միջոցառման ընթացքում հնչում էր քանոն նվագարանը, որի ներքո Աշոտ Թադեւոսյանը շատ արհեստավարժորեն ազատազրկված անձանց դիմանկարներ էր անում: Մթնոլորտը այնքան ջերմ էր, որ ազատազրկվածները միացան մշակութային ծրագրին: Մոտենում էին՝ իրենց սրտի երգն ու երաժշտությունն էին պատվիրում, երգում, նկարում: Մի ազատազրկված կին էլ շատ զարմացրեց, ամոթխածությամբ մոտեցավ ինձ եւ ցանկություն հայտնեց, որ «Կռունկը» նվագեմ, ինչը հուզիչ էր:

Շատ ուրախալի եւ պարտավորեցնող մի իրադարձություն էլ կուզեի փաստել. «Մաշտոց» գիրքն է այս տարի լույս տեսել, որտեղ հրապարակվել է հոդված մեր ազգային քանոն նվագարանի եւ իմ մասին: Այն կարելի է գտնել հայկական պատմամշակութային խոշոր կենտրոններում:

Արտիստը, ինչքան էլ լինի բարձր պրոֆեսիոնալիզմով, տաղանդով ու ինտելեկտով հարուստ՝ լինում են համերգներ, ելույթներ, երբ հոգու հուզմունքը գերազանցում է: Երաժիշտը առաջնահերթ պետք է օժտված լինի մարդկային բարձր արժեքներով, քանի որ բեմը թափանցիկ է, կեղծիք չի ընդունում՝ հանդիսատեսը անմիջապես զգում է դրականը: Լինում են այնպիսի համերգներ, որոնցից ուժասպառ եմ լինում՝ գտնվում զգացմունքային ծանր հոգեվիճակում: Շատ դժվար է քանոնը հնչեցնել խոցելի խավի, սեւազգեստ մայրերի, պատերազմի մասնակից տղաների, ծերանոցների բնակիչների, մանկատան երեխաների, քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների համար: Սակայն հենց իրենց համար է յուրատիպ հնչում նվագը՝ մոգական ուժ է տալիս ապրելու ու ապագայի հանդեպ սիրով լցվելու համար:

– Ո՞րն էր այս տարվա համերգներից ամենատպավորիչը:

– Օրերս 161 մանկապարտեզի տնօրեն Նունե Մելիքջանյանի հրավերով հյուրընկալվել էի իմ ամենափոքրիկ հանդիսատեսին: Շատ կարեւոր ու դաստիարակչական եմ համարում նման միջոցառումները, քանի որ հենց այդ տարիքից պետք է երեխաների մոտ ձեւավորել գեղագիտական բարձր ճաշակ, ծանոթացնել հոգեւոր եւ ազգային արժեքներին: Տպավորություններս ու զգացումներս աննկարագրելի են, այն բարությունն ու լիարժեք ուրախությունը, որ տեսա երեխաների աչքերում, ինձ համար շատ ոգեւորիչ էին: Միասին երգեցինք, նվագեցինք, պարեցին իմ երաժշտության ներքո: Փոքրիկ անդրադարձ արեցի Կոմիտաս վարդապետին եւ Հովհ. Թումանյանին, ճիշտ է, իրենք սովորել էին, գիտեին, բայց ես եւս մեկ անգամ ներկայացրեցի եւ կենդանի երաժշտության միջոցով էլ ավելի ամրապնդեցի իրենց հիշողությունը: Հնչեցրեցի բազմաժանր երաժշտություն՝ ժողովրդական, աշուղական, անգամ հատված օպերայից: Մտավախություն ունեի, որ չեն ընկալի որոշ բարդ ստեղծագործություններ, բայց ի զարմանս ինձ, փոքրիկները շատ մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում յուրաքանչյուր ստեղծագործությունն ու իր պատմությունը, բուռն ծափահարում էին: Իսկ Սայաթ-Նովայի «Էշխեմեդ»-ին միահամուռ ու ինքնաբուխ բրավո գոռացին:

– Ծրագիր, որ չհասցրիք իրագործել այս տարի եւ կիրականացնեք հաջորդ տարի:

– Շատ անելիքներ ունեմ, մեծ ծրագրեր կան, բայց նախապես չգիտեմ՝ ինչպես կստացվի, որովհետեւ իմ կյանքում ամեն բան ի վերուստ է կանխորոշվում, իմ նախաձեռնությունները միայն բարձրյալի կամոք են ուղղորդվում:

 Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031